Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ադրբեջանի ԱԳ նախարարների և Ալիև-Փաշինյան հանդիպումը Մյունխենում դրական զարգացումներ են. Միրոսլավ Լայչակ

Փետրվար 24,2020 13:09

«Ամեն օր դեսպանություն չեն բացում: Սա մեծ իրադարձություն է մեր երկու երկրների համար»,- փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը մեծ ակնկալիք ունի այն փաստից, որ ՀՀ-ում կունենան դիվանագիտական ներկայացուցչություն: Ըստ նրա՝ այդ փաստը կխթանի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և նաև կբացի տնտեսական հնարավորություններ՝ Հայաստան բերելով Սլովակիայի բիզնես հանրությանը. «Մենք հստակ հաստատել ենք, որ դեռևս տեղ կա խթանելու մեր երկկողմանի հարաբերությունները: Վստահ եմ՝ մեր դեսպանությունը Երևանում կնպաստի դրան»:

Նշենք, որ ՀՀ-ում Սլովակիայի դեսպանությունը կբացվի փետրվարի 24-ին՝ համատեղ մամուլի ասուլիսից հետո:

Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն պայմանական գործարկվել է. այն նոր հնարավորություններ է բացում համագործակցության:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկե՞լ են ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպե՞ս կգնահատի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլը: Նա պատասխանեց. «Ամեն անգամ, երբ հանդիպում ենք նախարար Մնացականյանին, անպայման հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերը մեր քննարկման առարկա են դառնում: Սլովակիայի նախագահության ընթացքում մենք մեծ ուշադրություն դարձրինք այդ խնդրին և նշեցինք այն փաստը, որ երկու երկրների ԱԳ նախարարների՝ հունվարին հանդիպումը և Ալիև-Փաշինյան հանդիպումը Մյունխենում դրական զարգացումներ են: Կարևոր է, որ առաջնորդներն ու ԱԳ նախարարները հանդիպեն և քննարկեն, թե ինչպես առաջ տանել հարցի լուծումը: Սլովակիան լիաթոք սատարում է հակամարտության խաղաղ կարգավորման հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք վստահում ենք նրանց աշխատանքին, սերտորեն աշխատել եք նրանց հետ անցյալ տարվա ընթացքում: Սլովակիան պատրաստ է իր կողմից հասանելիքն անել հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829