Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր քաղաքացիներին բաժանում են բնազդով՝ դու սև ես, նա սպիտակ է, դու թալանչի ես, նա թալանչի չէ, դու նախկին ես, նա ներկա է»․ Արթուր Համբարձումյան

Փետրվար 24,2020 21:21

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, կարծիք հայտնեց, որ սա արվում է սահմանադրական դատարանի ներկայիս անդամներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գրպանում հայտնված իրավաբաններով» փոխելու նպատակով։

Արթուր Համբարձումյանն անդրադարձավ նաև նրան, որ իմքայլականները որևէ բարոյական իրավունք չունեն իրենց քննադատողներին կապել նախկին իշխանավորների հետ, քանի որ հենց նրանից շատերը սերտորեն կապված են եղել այսպես կոչված նախկինների հետ։

«Իմքայլականներն ասում են՝ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում են, նախկին իշխանավորների սպասավորներն են։ Ինչո՞ւ են դա ասում, մեկ պարզ պատճառով, որպեսզի արժեզրկեն իրենց քննադատողների խոսքը։ Օրինակ՝ վերջերս Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել Politik.am-ին և հարցին՝ ինչո՞ւ եք ձեզ քննադատողներին կապում նախկին իշխանություններին, ԱԺ փոխնախագահն, ի զարմանս ինձ, տվեց շատ անկեղծ պատասխան․ ասաց, որ մենք այդպես պաշտպանվում ենք, ինքն էլ ընդունեց, որ կա այդ երևույթը։

Այստեղ քաղաքացին իրեն պիտի հարց տա՝ արդյոք իմքայլական պատգամավորները, «Իմ քայլի» ներկայացուցիչներն իրավունք ունեն իրենց քննադատողներին կապել նախկին իշխանությունների հետ։ Իրենք, իմ կարծիքով, կունենային բարոյական իրավունք այն դեպքում, եթե որևէ կերպ նախկինում կապված չլինեին նախկին իշխանությունների հետ։ Օրինակ՝ նույն Ալեն Սիմոնյանը իր կայքի լրագրողներին ժամանակին արգելել էր, որպեսզի գրեին Միքայել Մինասյանին կամ Ալեքսանդր Սարգսյանին վերաբերող որևէ հոդված։ Այդ անձն այսօր այն մարդկանց, որոնք քննադատում են, կապում է նախկին իշխանությունների հետ։ Ունի՞ բարոյական իրավունք, թե՞ չունի, սա թող որոշեն քաղաքացիները։ Կամ Պապիկյան Սուրիկը, ինչպես պարզվեց, նախկինում հանցագործության համար դատվել է…

Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական դատարանին, իրենք ասում են, որ ժողովուրդը պետք է որոշի։ Շատ լավ, ժողովուրդը պետք է որոշի, այստեղ, ըստ էության, երկու կարծիք լինել չի կարող, ենթադրենք իրենք ճիշտ են ասում։ Որոշում կայացնելը կառավարման կարևորագույն օղակներից մեկն է, բայց որոշում կայացնելու պրոցեսից առաջ մեկ այլ պրոցես կա, ինֆորմացված լինելու պրոցեսը, արդյոք այսօր ժողովուրդը ինֆորմացվա՞ծ է։ Օրինակ՝ ժողովուրդը գիտի՞, թե այս դատավորներին, պայմանականորեն ասենք վատ դատավորներին հանելու դեպքում ինչպիսի նոր դատավորներ պետք է գան։ Գիտի՞ ժողովուրդը, ժողովուրդն էր որոշե՞լ, որ Վահե Գրիգորյանը պետք է լինի սահմանադրական դատարանի անդամ։ Եվ հետո ենթադրենք նոր կազմում հայտնվեն այնպիսի դատավորներ, ինչպիսին են՝ ենթադրենք Նիկոլի գրպանում հայտնված որոշակի գործիչներ, իրավաբաններ, արդյոք ժողովուրդն իրավունք ունի՞ իմանալու նոր դատավորներ անունները և եթե հանկարծ պարզվի, որ ՍԴ-ում պիտի հայտնվեն այդպիսի մարդիկ, ի՞նչ գործիքակազմ կա, որ ժողովուրդը ևս մեկ անգամ չեղարկի իր իսկ կայացրած որոշումը։ Բոլորիս էլ պարզ է, որ սահմանադրական դատարանի նոր անդամներ կլինեն Նիկոլի գրպանում բնակվող այսպես կոչված իրավաբանները»։

Ըստ Արթուր Համբարձումյանի, սահմանադրական դատարանի մասով այս որոշումը իրավական ընթացակարգերի խախտմամբ է տեղի ունեցել, և բովանդակային առումով փորձում են չեղարկել արդեն իսկ ուժը կորցրած նորմը։

«Եվ այդ նորմի չեղարկման համար իրենք ծախսում են 7 միլիոն դոլար, Հայաստանի նման աղքատ երկրում, որտեղ հյուսիսային տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդիկ ապրում են կամ տնակներում կամ ծայրահեղ վատ պայմաններում կամ տարբեր աստիճանի վթարային շենքերում, արդյոք մենք մեզ կարող ենք թույլ տալ 7 միլիոն դոլար ծախսել Փաշինյան Նիկոլի քմահաճությունները բավարարելու համար։ Երբ քննադատում, ասում ես՝ խախտվել են նորմատիվ որոշակի ընթացակարգեր, իրենք ինչ են ասում, ասում են՝ հեղափոխություն է եղել, հիմա մի տառ այսպես, մի տառ այնպես, մի ստորակետ այստեղ, մի ստորակետ այնտեղ։ Եթե նորմատիվ իրավական ակտերի կետադրությանը դուք չեք հետևում, ինչո՞ւ այդ դեպքում այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք ձեզ իրավունք ու արտոնություններ են տալիս, այդ իրավական ակտերի կետադրությունից օգտվում եք, իսկ այնտեղ, որտեղ ձեզ պետք չէ, դրանք խախտում եք։

Օրինակ՝ նույն նորմատիվ իրավական ակտերի պահանջն էր, որ այսօրվա պատգամավորները ստանում են մոտավորապես կես միլիոն դրամ աշխատավարձ։ Դա նախկին կարգավորումներով է, չեղարկեիք, իրենք ոչ միայն կես միլիոն փող են ստանում, այլ ամսական այդքան էլ պարգևավճար։ Իմիջայլոց, ժողովուրդը չէր, որ դա որոշել էր։

Երկրորդը՝ Փաշինյան Նիկոլն իր ընտանիքով տեղավորվել է կառավարական ամառանոցում, որտեղ հիմնականում ապրել են Հայաստանի Հանրապետության ղեկավարները։ Այնտեղ ապրելը Փաշինյան Նիկոլը նույնպես ներկայացնում է որպես օրենքի կամ ավանդույթի պահանջ։ Չօգտվեիր այդ օրենքից, չօգտվեիր այս ավանդույթից։ Բանը հասել է այնտեղ, որ իրենք իրենց ընտանիքի անդամներին տալիս են մեքենաներ և դա նույնպես հիմնավորում են օրենքի պահանջներով։ Ստացվում է այնպես, որ մի դեպքում չեղարկվում է օրենքը, օրենքի կետադրությունը, եթե իրենց պետք է, մեկ այլ դեպքում չի չեղարկվում»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել ֆաշիստական կառավարման ռեժիմ։ Ըստ նրա, թեև թուրքական, իտալական ֆաշիզմն այլ էր, գերմանական նացիզմն՝ այլ, այդուհանդերձ այդ բոլոր ռեժիմներին հատուկ են եղել ընդհանուր գծեր․ երկրի ղեկավարների կողմից քաղաքացիներին պարբերաբար սերմանվում է, որ իրենք հպարտ են։

«Փորձ է կատարվում չեղարկել սոցիալական գաղափարախոսությունը քաղաքացիների, եթե մարդիկ, ըստ սոցիալական գաղափարների, բաժանվում են սոցիալիստների, մարդ կա դեմոկրատ է, մարդ կա կոմունիստ է, լիբերալ է, ազգայնական է և այլն, այդ ամենը չեղարկվել է, և այսօր քաղաքացիներին բաժանում են՝ ըստ առաջնային նկարագրիչների, բնազդով՝ դու սև ես, նա սպիտակ է, դու թալանչի ես, նա թալանչի չէ, դու մաքուր ես, նա կեղտոտ է, դու նախկին ես, նա ներկա է։ Ֆաշիզմի ժամանակ միշտ տեղի է ունենում պետության և ազգի միություն, այն մարդիկ, ովքեր հանդգնում են քննադատել պետությանը, հանդգնում են քննադատել իշխանություններին, իրենք միանգամից դառնում են 5-րդ շարասյան ներկայացուցիչներ, իրենք միանգամից դառնում են ազգի դավաճաններ։

Իմիջիայլոց, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ևս վարչապետը բերանացի ասաց՝ այն մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին, իրենք դեմ են, ըստ էության, ժողովրդին, հետևապես հակապետական, հակազգային ուժեր են։ Այս ընթացքում տեղի է ունենում պետության, ազգի սերտաճում, և պետությունը սկսում է իրենից ներկայացնել ոչ թե չինովնիկների մի ապարատ, այլ ակտիվ փոքրամասնության հերոսին։ Ագրեսիվ փոքրամասնության հերոսը մի անձ է, որը սկսում է նույնականացվել պետության հետ և սահմանադրական դատարանի հետ կապված պրոցեսները պետք է դիտարկել այս տեսանկյունից։

Այսինքն՝ այս մարդն ասում է, քանի որ ժողովրդի ներկայացուցիչը ես եմ, հետևապես իշխանության բոլոր ճյուղերը պետք է ենթարկվեն ժողովրդին, հետևապես իշխանության բոլոր ճյուղերը պետք է ենթարկվեն ինձ։ Սա մեծագույն սպառնալիք է պետության համար, ճիշտ է ՝ ես չեմ կարծում իրեն կհաջողվի հաստատել ֆաշիստական ռեժիմ, որովհետև մենք այն մարդկանց թոռներ ենք, զավակներ ենք, որոնք հաղթել են ֆաշիզմը մի անգամ և այս փոքրիկ դրսևորումները թույլ չեն տա», -ասում է Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Համբարձումյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829