Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաբայան-Մայիլյան դաշինքը էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը Արցախում կայանալիք ընտրություններում»

Փետրվար 28,2020 14:00

Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ

– Արցախում երեկվանից՝ փետրվարի 26-ին, պաշտոնապես մեկնարկեց մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Ենթադրվում է, որ սուր պայքար է ծավալվելու թեկնածուների միջեւ։ Ողջամիտ դիտորդների գնահատմամբ, վաղուց Արցախում նման պայքար չի եղել։ Ո՞րն է պատճառը։

– Այո, այս անգամ իրոք Արցախում շիկացած է քաղաքական մթնոլորտը։ Իսկապես սուր պայքար է սպասվում։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Արցախը կրկին գործոն դառնալու հավակնություններ ունի։ Գաղտնիք չէ, որ մինչ այդ մեզ մոտ կայանալիք ընտրություններում վճռորոշ դերակատարություն ուներ պաշտոնական Երեւանը։ Բաղրամյան 26-ում էր որոշվում, թե ով պիտի լինի Արցախի նախագահը, վարչապետը, եթե ոչ բոլոր նախարարները, ապա առնվազն նրանց ստվար մասը։ Սակայն այս անգամ պաշտոնական Երեւանի կարծիքը չի կարող էական նշանակություն ունենալ մարտի 31-ին կայանալիք ընտրություններում։

– Իսկ ո՞րն է դրա պատճառը. Հայաստանի իշխանությունները չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում միջամտել Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։

– Կարծում եմ՝ եւ ժամանակներն են փոխվել, եւ իրավիճակ է փոխվել։ Հայաստանում «թավշյա» իշխանափոխությունից հետո թե Հայաստանում, թե Արցախի հատկապես ընդդիմադիր դաշտում սպասում էին, որ հայաստանյան փոփոխությունների ալիքը կհասնի նաեւ Արցախ։ Սակայն այդպես չեղավ։ Ի զարմանս տեղի ոչ իշխանամետ ուժերի, Նիկոլ Փաշինյանը հենց առաջին օրերին Երեւանում ու Ստեփանակերտում փաստորեն հայտարարեց, որ սատարում է Արցախի իշխանություններին։ Քանի որ վերջիններս սովոր էին ինստրուկտաժ ու հրահանգներ ստանալ Երեւանից, շփոթության էին մատնվել ու չգիտեին ինչ անել։ Առիթը բաց չթողեցին նրանց նախկին երեւանյան տերերն ու վերջիններիս սատրապները, եւ աստիճանաբար տեղի իշխանական ճամբարում ձեւավորվեցին այլ տրամադրություններ, անգամ՝ որոշ չափով հակահայաստանյան։ «Հակահայաստանյանի» առումով դա, իհարկե, վատ է եւ, բարեբախտաբար, նման տրամադրություններն աննշան տոկոս են կազմում մեզ մոտ։ Մյուս կողմից, դրական առումով՝ Արցախի քաղաքական դաշտն ազատվեց Բաղրամյան 26-ից նախկին վասալական կախումից։ Բայց սա այլ թեմա է։

– Պարոն Օվյան, չնայած քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նոր է տրվել, բայց նկատելի է, որ այն շատ ավելի վաղ էր սկսվել՝ դեռեւս անցյալ տարվանից։ Ձեր կարծիքով, պատճառը ո՞րն է:

– Այո, այդպես է։ Ես խոսքս սկսելիս ակնարկեցի Արցախի՝ գործոն դառնալու մի պատճառի մասին։ Բայց կա նաեւ երկրորդ պատճառը։ Դա Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմից անցյալ տարի արված հայտարարությունն էր առ այն, որ ինքը պատրաստվում է մասնակցելու տեղի նախագահական ընտրություններին։ Նրա այդ հայտարարությունը, շրջանառվող լուրերի համաձայն, տեղի իշխանական վերնախավին զգացնել տվեց, որ լուրջ վտանգ է սպառնում իրենց վերարտադրությանը։ Մինչ Սամվել Բաբայանը շրջաններում հանդիպումներ էր ունենում եւ ստորագրություններ հավաքում՝ Արցախի սահմանադրության համապատասխան հոդվածը փոփոխելու համար, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իր մասնակցությանը, իշխանական որոշ ուժեր անմիջապես իրենք եւս հայտարարեցին նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին եւ փաստորեն սկսեցին քարոզարշավը…

– Այսինքն՝ Արցախի քաղաքական կյանք վերադառնալու Սամվել Բաբայանի որոշումը համախմբեց իշխանական բոլոր ուժերին եւ իշխանության համար պայքարն ավելի՞ թեժացավ։

– Այո։ Արդեն ակնհայտ էր, որ, այսպես ասած, բարիկադի մի կողմում Սամվել Բաբայանն է, մյուս կողմում՝ իշխանական ուժերը։ Բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, որ սա իշխանության համար սովորական պայքար է։ Առնվազն վերջին քսան տարում Արցախում ազգային հարստությունը բեւեռացվել է մի կողմում, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի չափ հողեր ազատագրած եւ պատերազմում հաղթած երկիրը սոցիալական եւ բազում այլ լուրջ խնդիրներ ունի, միաժամանակ ահռելի հարստության տեր են դարձել մի խումբ մարդիկ, որոնք կամ բարձր պաշտոնյաներ են եղել կամ վայելում են ներկայիս իշխանությունների հովանավորությունը։ Եվ արդեն պայքարը միայն իշխանության համար չէ, այլ անօրեն զավթածը պահելու, տարիներով կուտակածից չզրկվելու համար։ Ի դեմս Սամվել Բաբայանի, նրանք լուրջ հակառակորդի են տեսնում եւ հասկանում են, որ ժողովրդի մի ստվար մաս կանգնել է Բաբայանի թիկունքում, որովհետեւ արդեն հոգնել, զզվել է վերջին 20-ամյա լծից, երբ ոչ միայն իրենց են հարստահարում, այլեւ երկրի ընդերքն են հոշոտում, հողը, ջուրն են ծառայեցնում բացառապես իրենց անձնական կարիքներին ու նպատակներին…

– Հիմա է՞լ այդ վիճակն է, երբ Արցախի նախագահ դառնալու հայտ են ներկայացրել 14 թեկնածուներ, իսկ Բաբայանին թույլ չեն տվել առաջադրվելու նախագահի թեկնածու։

– Գրեթե նույն վիճակն է։ Չնայած նրան թույլ չեն տվել առաջադրվելու նախագահի թեկնածու, Սամվել Բաբայանը կայանալիք ընտրություններին պատրաստվում է մասնակցելու իր ստեղծած եւ գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությամբ։ Իսկ այդ կուսակցության կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ ընտրություններում սատարելու է նախագահի թեկնածու, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանին, սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել իշխանական ճամբարում։ Մինչ այդ, ապագա նախագահի ֆավորիտ համարվող Արայիկ Հարությունյանի շանսերը դրանով լրջորեն նվազել են, փոխարենը մեծացել են Մասիս Մայիլյանի շանսերը։ Զգալիորեն մեծացել է նաեւ «Միասնական հայրենիքի» ռեյտինգը։ Բաբայան-Մայիլյան դաշինքը էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը Արցախում կայանալիք ընտրություններում, փոխել է արցախցիների մի զգալի մասի վերաբերմունքը, եւ դեռեւս չկողմնորոշված շատերի սրտով էր դա։

– Իսկ մյուս թեկնածուների եւ քաղաքական ուժերի մասին ի՞նչ կասեք։

– Նրանցից շատերն իմ ընկերներից են, գրեթե բոլորին անձնապես ծանոթ եմ։ Թող ինձ ներեն նրանք, բայց, իմ կարծիքով, հիմնական մրցակցությունը ակնարկածս անձանց եւ նրանց սատարող քաղաքական ուժերի միջեւ է լինելու։ Նաեւ ենթադրում եմ, որ քարոզարշավի վերջում մի մասը դուրս են գալու պայքարից եւ հայտարարեն, որ իրենց կողմնակիցներին առաջարկում են քվեարկել վերոհիշյալ երկու հիմնական թեկնածուներից մեկի եւ նրանց գլխավորած կամ սատարող քաղաքական ուժերի օգտին։

– Հայտնի է, որ նախագահի թեկնածուների մեջ են անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերգեյ Ամիրյանը: Ինչպիսի՞ն են նրանց շանսերը։

– Բացի նշածս թեկնածուներից, կարծում եմ, մրցակիցների եռյակում է միայն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ի դեպ, կան թեկնածուներ, որոնք համացանցում, հատկապես սոցիալական ցանցում զգալի կողմնակիցներ ունեն։ Նրանք թերեւս դա լուրջ կռվան են համարում։ Բայց իրականում այդ վիրտուալ կողմնակիցների զգալի մասը Հայաստանում են եւ արտերկրում։ Կրկին հիշեցնեմ, որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

– Պարոն Օվյան, Դուք երբեք որեւէ կուսակցության անդամ չեք եղել։ Իրավիճակ է փոխվել, չե՞ք մտափոխվել:

– Ես երբեւէ նման ցանկություն չեմ ունեցել, որովհետեւ ինձ համար, ազատ մտածող եւ ստեղծագործող մարդու համար կուսակցական շրջանակը չափից դուրս նեղ է։ Ես կուսակցական եւ այլ «ռամկաների» մեջ տեղավորվողներից չեմ։ Ավելին, եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ գրողը, արվեստագետը, մտավորականը միշտ պիտի ժողովրդի հետ լինի։ Եթե նա կանգնի իշխանությունների կողքին, ապա դադարելու է գրող, արվեստագետ, մտավորական լինելուց եւ դառնալու է պալատական աշուղ։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829