Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ կասկածներ ունենք՝ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ». Մահացած զինվորի գործով փաստաբանի դիտարկումները

Մարտ 10,2020 23:23

«Իմանալով տուժողին, նրա անձը՝շատ մեծ կասկածներ ունենք, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ, որովհետեւ իրեն նկարագրում են որպես հավասարակշռված, կայուն անձնավորություն, ինքնասպանության հակում ունեցող չի եղել: Մեր գերխնդիրն է հասկանալ՝ եղել է սպանություն, թե՝ ինքնասպանություն: Նախաքննության օբյեկտիվության վրա այս պահին որեւէ կասկած չունենք, նախաքննությունը գնում է օբյեկտիվ եւ նախաքննության մարմինը, մեր տպավորություններով, շատ հստակ աշխատանք է տանում, որ իրականությունը պարզի, նախաքննության մարմնին վստահում ենք»,- Aravot.am-ին ասաց պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Սարդարյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Կարեն Սարդարյանի խոսքով, տարբեր փորձաքննություններ են նշանակվել, բայց դեռ արդյունքները չեն ստացել, նա ասաց նաեւ, որ շատ մեծ ծավալի քննչական գործողություններ պետք է կատարվեն. «Ես չեմ կարող կալանավորվածների մեղավորության աստիճանը մեկնաբանել, որովհետեւ գործից որեւէ հստակ նյութ ձեռքի տակ չունենք, առհասարակ, կարծում եմ՝ փորձաքննությունների արդյունքները շատ բան կասեն»:

Մեր հարցին, թե իրեն հայտնի՞ են տեղեկություններ, թե Վահրամ Ավագյանը հաճախակի է արդյոք վեճ կամ խնդիրներ ունեցել գործով կալանավորված զինծառայողների հետ, ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Նախաքննություն է գնում ու այս պահին չեմ կարող ասել»:

Կարեն Սարդարյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ դեպքի օրը Վահրամ Ավագյանն ու կալանավորվածներն ինչի շուրջ են վիճել, փաստաբանի խոսքով. «Նույն բանը պետք է կրկնեմ, ես իրավունք ունեմ ծանոթանալ այն նյութերին, որոնց իրավունք ունեմ ծանոթանալ, այսինքն՝ քրեական գործի ոչ բոլոր նյութերին եմ ծանոթ, դրա համար ներկայացրել եմ ծավալուն միջնորդություններ, որոնք միտված են ճշտել՝ եղել է սպանություն, թե ինքնասպանություն, ովքեր են այն անձինք, որոնք հնարավոր հանցագործները կլինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031