Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիբրիդային» համավարակ. կորոնավիրուսի փորձությունը

Մարտ 17,2020 22:40

Պետության համար խիստ կարեւոր վճիռ ընդունելու նախաշեմին Հայաստանը բախվեց նոր փորձության, երբ պարզ դարձավ, որ աշխարհը պատած կորոնավիրուսի պանդեմիան հասավ նաեւ մեր երկիր։

Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում եւ մեր երկրում՝ դուրս է մղել լրահոսերից բոլոր, մինչ այդ կարեւոր համարվող գործընթացները՝ ընտրություններ, հանրաքվեներ, նույնիսկ պատերազմական գործողություններ։

Պետությունների ղեկավարները խորը դարակներից հանում են փոշոտված, տասնամյակներով մշակված հակահամաճարակային «պրոտոկոլները» եւ գործի դնում, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին։ Եվ եթե բժշկական եւ զուտ համաճարակային առումով միջոցառումները պարզ են, գոնե այնքանով, որ նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, այլ ընդամենը պետք է մշակված կետերը ճշգրտորեն եւ համալիր ձեւով կատարել, ապա այլ է գործողությունների տեղեկատվական ուղեկցության պարագան։ Գլոբալ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխության պայմաններում սա վերածվել է մի իսկական փորձության բազմաթիվ կառավարությունների, հասարակությունների եւ նույնիսկ առանձին պետությունների համար։

Հաշվի առնելով, թե որքան մեծ է լրատվական հոսքերի ներգործությունը հասարակությունների վարքի վրա (եւ հայ հասարակությունն անշուշտ այստեղ բացառություն չէ), տեղին է արձանագրել, որ գործ ունենք համաճարակի «հիբրիդային» բնույթի հետ։

Իսկ դա նշանակում է, որ ձեռնարկվող միջոցառումների հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով կառավարությունները եւ հասարակությունները կկարողանան հաղթել համաճարակին հենց տեղեկատվական դաշտում։

Սակայն, մյուս կողմից, կորոնավիրուսի պանդեմիան դարձավ այն «սեւ կարապը» (ըստ ամերիկացի գրող Նասիմ Թալեբի), որը հիմնահատակ ցնցում է աշխարհը, պատմության ընթացքից դուրս դնելով այն ամենը, ինչն այլեւս պետք չէ, կենսունակ չէ։

Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ դե-ֆակտո չեն գործում միջազգային տնտեսական դաշինքները եւ պայմանագրերը, գրեթե կանգ է առել հասարակական-քաղաքական, մշակութային, մարզական կյանքը։ Ըստ էության, տրոհվել է Շենգենյան ընդհանուր տարածքը, երբ Գերմանիան հայտարարեց իր սահմանները փակելու մասին, Ռուսաստանն է փակել իր սահմանները Բելառուսի հետ, իսկ Հայաստանը, որն առանց այն էլ իր չորս հաեւաններից երկուսի հետ ունի ոչ թե սահման, այլ մարտական դիրքեր եւ փշալարեր, Վրաստանի եւ Իրանի հետ սահմանները քաղաքացիների համար փակելուց հետո գտնվում է լիակատար ինքնամեկուսացման մեջ։

Պանդեմիան ցնցեց էներգակիրների շուկան, հարվածելով նավթապետությունների դիրքերին, իսկ կոռումպացված բռնապետությունները կանգնել են իրենց հետագա գոյության խնդրի առաջ։

Իհարկե, շատ բան եւ դեռ որոշ ժամանակ կշարունակվի իներցիայով, կորոնավիրուսն էլ վաղ թե ուշ կհաղթահարվի, սակայն ակնհայտ է, որ «Հետկորոնավիրուսային» աշխարհն այլեւս միանգամայն ուրիշ է լինելու, որքանով լավը կամ որքանով վատը՝ կյանքը ցույց կտա, բայց հաստատապես ոչ նույնը, ինչպիսին էր մինչ այդ։

Հայաստանում կապված համաճարակային իրավիճակի հետ հայտարարվել է արտակարգ դրություն մեկ ամսով։ Հույս կա, որ համաճարակը կհաղթահարվի, հայ բժիշկների, համաճարակաբանների, հասարակության ներուժը համենայն դեպս թույլ է տալիս, որպեսզի մենք համարժեք գտնվենք համաճարակի մարտահրավերին եւ առավելագույն սեղմ ժամկետներում այն հաղթահարենք։ Սակայն, ոչ պակաս, եթե ոչ ավելի կարեւոր է, որ Հայաստանը հենց այսօրվանից քայլեր ձեռնարկի, որպեսզի համարժեք գտնվի այն փոփոխություններին, որոնք անխուսափելիորեն արդեն տեղի են ունենում աշխարհում եւ դեռ տեղի են ունենալու։

Հայաստանի կառավարությունը քննարկում է խնդիրն այն համատեքստում, որ անխուսափելի վերաձեւումները համաշխարհային տնտեսությունում մեծ հնարավորություններ են ստեղծում, եւ դա ամենաճիշտ մոտեցումն է։ «Ճգնաժամ» բառն ինքնին հենց դա է ենթադրում.իրոք եկել է ճգնելու ժամը, եւ դա վերաբերվում է բոլորիս առանց բացառության։ Բայց դա նաեւ ենթադրում է համարժեք քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական որոշումներ, որոնք հիմնված պետք է լինեն իրողությունների, նրանցից բխող պահանջների ճիշտ ընկալման եւ մեր հնարավորությունների ռացիոնալ օգտագործմամբ։ Եվ չպետք է զարմանալ, երբ շատ շուտ պարզվի, որ շատ բաներ անհրաժեշտ է պարզապես սկսել զրոյից, քանզի հինն այլեւս հնարավոր չէ եւ իմաստ էլ չունի պահպանել։

Ներկայիս օրվա հրամայականը մնում է համաճարակի շուտափույթ հաղթահարումը, եւ ակնհայտ է, որ որեւէ կառավարություն ուղղակի անկարող է իրավիճակ փոխել, եթե նրա ջանքերը չեն զուգորդվում քաղաքացիների վստահությամբ եւ յուրաքանչյուր քաղաքացու կողմից իր իսկ անհատական առաքելության համարժեք ընկալմամբ, դրա իրագործման հաստատակամությամբ։ Եվ վճռորոշ դեր ունի այն, թե որքանով կկարողանանք օգտվել տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխության պտուղներից այս չարիքն արմատախիլ անելու համար։ Ի՞նչ մենք կտարածենք այդ խողովակներով՝ ընտրությունը մերն է, կլինի դա առաքինություն, սեր մերձավորի նկատմամբ, օգտակար գիտելիք, թե չարիք։ Ի վերջո, այլեւս արձանագրված փաստ է, որ վիրուսն ինքնին այնքան վտանգավոր չէ, որքան նրա «հիբրիդային» հետեւանքները եւ տեղեկատվական «հետցնցումները»։

Բոլոր դեպքերում, բարի գալուստ «հետկորոնավիրուսային» աշխարհ, որն արդեն իրողություն է, եւ թող Աստված պահպանի Հայաստանը եւ հայ ժողովրդին։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031