Լրահոս
Օրվա լրահոսը

Էմին Թորոսյան. «Չենք դադարեցնելու կապը հանդիսատեսի հետ»

Մարտ 23,2020 13:38

Վերջին շրջանում ստեղծված համաճարակի և արտակարգ դրությամբ պայմանավորված` մեկ ամիս փակ են լինելու բոլոր մշակութային հաստատությունները: Հայաստանում առաջին անգամ թատրոն ներկայացվեց առցանց տարբերակով: Թե ինչպես ստեղծվեց գաղափարը և ինչ խնդիրներ եղան թողարկման ժամանակ, խոսեցինք Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ:

-Առաջին անգամ Հայաստանում «Պատանի հանդիսատեսի թատրոնը» օնլայն թողարկում իրականացրեց` պատանիների սիրելի ներկայացումները առցանց հեռարձակելով, ինչպե՞ս որոշվեց այս իրավիճակում անցնել օնլայն հարթակ ` լինելով առաջինը:

-Թատրոնների համար, ընդունվածի համաձայն, այս ամիսները լինում են ամենածանրաբեռնված և ստեղծագործական կյանքով ամենալեցուն շրջանը։ Եվ այն բացառություն չէր նաև մեզ համար, մեր 90-ամյա հոբելյանական թատերաշրջանում գտվող թատրոնի համար։ Մենք ապրում էինք բուռն ստեղծագործական ընթացք, ուր նախատեսված էր երկու մեծ պրեմիերաներ և ունեինք բազում ծրագրեր։ Սակայն բախվելով արտակարգ դրության հետ կապված իրողությանը, թատրոնում հրավիրեցիք խորհրդակցություն՝ առաջացած խնդիրների լուծման, ինչպես նաև աշխատանքների կանոնակարգման ու իրականացման մասով։ Եվ այդ ժամանակ էլ մեր մարքեթինգային թիմը առաջարկով հանդես եկավ և PR մենեջեր Նարեկ Մանուչարյանը ներկայացրեց առցանց տարբերակով ներկայացումների ցուցադրման նախագիծը։ Մենք այն քննարկեցինք և եկանք այն եզրահանգմանը, որ, այո, չենք դադարեցնելու կապը հանդիսատեսի հետ և որոշեցինք ներկայացումները հեռարձակել մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

– Ինչո՞ւ հենց ուղիղ միացման տարբերակով որոշեցիք ներկայացումները ցուցադրել, այլ ոչ թե մեկ այլ ձևաչափով:

– Այո, մենք կարող էինք այդ նյութերը տեղադրել մեր պաշտոնական կայքէջում կամ յութուբյան էջում, սակայն, մարքեթինգի առումով, մեզ պետք էր ֆիքսված ժամանակահատվածում ցուցադրել և ապահովել, այսպես ասած, «կենդանի շփումը» մեր հանդիսատեսի հետ՝ թատրոն – հանդիսատես կապը ապահովելով։ Քանի որ, երբ ֆիքսված ժամ է դրվում, բոլորն էլ կանխավ իմանում են, որ այդ ժամին այս թատրոնը հեռարձակում է կոնկրետ այսինչ ներկայացումը: Եվ դրանով, նաև, մենք ապահովելով մեր լսարանը, վերլուծում ենք կատարված աշխատանքն ու դրա հետ կապված, անելիքների առավել արդյունավետ կառավարումը։ Սա յուրօրինակ մի ցուցիչ է թատրոնի դերն ու դիրքը ֆիքսելու թատերական կյանքում։

– Արդեն ունեք թողարկված ներկայացումներ, կասեք ինչպիսի խնդիրներ են առաջանում այս ձեւաչափով ներկայանալու ժամանակ:

-Առաջին թողարկումը, որ ունեցանք, տեխնիկական մի փոքրիկ խնդրով եղավ, կային ձայնի հնչողության հետ կապված հարցեր, որը շատ արագ կարգավորվեց և արդեն երկրորդ թողարկումը բավականին հաջող ստացվեց:

Մարտի 21-ին էլ մեր հանդիսատեսին սիրով հրավիրեցինք դիտելու Դավիթ Հարությունյանի կողմից, Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա բեմադրած ներկայացումը։

Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031