Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են քաղաքացիների՝ սոցիալական աջակցություն ստանալու դիմումները մերժվում. պարզաբանում և խորհուրդներ

Ապրիլ 22,2020 15:26

«Դիմել եմ ՀՀ կառավարության աջակցության իններորդ ծրագրին, բայց հասկացա, որ տեխնիկական խնդիրներ կան, մի քանի օր սպասելուց հետո նորից դիմեցի: Բայց նորից առնչվեցինք տեխնիկական խնդիրների: Ի վերջո, լրացրի դիմումը, սակայն ստացա մերժում: Պատճառը եղավ այն, որ տվյալ անձը գրանցված չէ ՀՀ-ում և գոյություն չունի: Մինչդեռ ես ծնվել, մեծացել եմ ՀՀ-ում, ունեմ աշխատանք, երեխա, ուստի տվյալ մերժման հիմքն ինձ համար անհիմն էր»,- «Մեդիա կենտրոնում» «COVID 19. ինչո՞ւ է մերժվում օգնություն ստանալու Ձեր դիմումը» թեմայով տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանը պատմեց քաղաքացի Արուսյակ Օհանյանը:

Նա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի տրվում հիմնավորում և արդյոք պատճառը համակարգի թերացումնե՞րն են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը պարզաբանեց. «Միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, ծնողներից ոչ մեկը 2020-ի մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և դրանցի հետո չեն տեղավորվել աշխատանքի: Այսինքն՝ պայմանն այն է, որ ըստ հարկային մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության՝ տվյալ քաղաքացին լինի գործազուրկ և նոր աշխատանքի ընդունված չլինի»:

Նա նշեց, թե որ դեպքերում է օգնությունը մերժվում. ծրագրի շահառու չի կարող լինել երեխան, եթե նրա ծնողը կամ ծնողները 2020-ի հունվարից մինչև մարտի 1-ը ունեցել են գրանցված աշխատանք, և ծնողի (եթե միայնակ է) կամ ծնողների աշխատավարձը չի գերազանցել 500.000 դրամը:

Արուսյակ Օհանյանն արձագանքեց՝ ուրեմն թող շեշտվի, որ շահառուները պետք է բավարարեն ծրագրում նշված բոլոր պայմաններին, որպեսզի դիմողները սխալ չընկալեն և մտածեն, որ իրենց անհիմն մերժում են:

Խոսելով տեխնիկական խնդիրների մասին՝ Անի Ամիրշադյանը պարզաբանեց. «Ծրագիրը նախատեսված չէ ամեն անգամ կոդ գեներացնելու համար: Եթե փորձենք նոր կոդ գեներացնել ամեն անգամ, ունենալու ենք տեխնիկական այլ խնդիր: Մեկ օրում ունենում ենք 168 հազար փորձ մուտք գործելու ծրագիր: Եթե ամեն օր այդքան նոր կոդ գեներացնենք, կխափանվի ծրագիրը: Դրա համար էլ պետք է նոր մեյլով մուտք գործել ծրագիր»:

Նա ասաց, որ ծրագրի գործարկման առաջին օրն ունեցել են 112 հազար մերժում, որից 88 հազարի դեպքում պարզապես քաղաքացին սխալ էր մուտքագրել ինչ-որ մի տառ, ու երբ նրա անձնագրային տվյալներով համադրել են՝ տեսել են, որ իր անունը տարբերվում է այն անունից, որը նշել է: Այս խնդիրներից խուսափելու համար նախարարությունում մտածում են՝ ինչպես 4-րդ և 7-րդ ծրագրերում, 9-րդի դեպքում էլ ստեղծել պոտենցիալ շահառուների հաստատված ցանկ, և քաղաքացին մուտք գործի, իր տվյալները լրացնելով տեսնի իրեն հատկացված գումարի չափը, եթե իհարկե, հատկացվել է: Մյուս քայլն էլ լինելու է այն, որ մշակվի մերժված քաղաքացիների դիմումների ընթացակարգ, որ եթե քաղաքացին գտնում է, որ, այնուամենայնիվ, ինքը շահառու է, ունենա հնարավորություն անհատապես դիմել: Նաև հայտնեց, որ մեկ օր առաջ եղած տվյալներով՝ 188 հազար հոգու դիմում ընդունվել է, ինչը վկայում է այն մասին, որ ծրագիրը գործում է:

Հարցին՝ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք սոցիալական քարտ չունեն, որ սոցիալական աջակցության ծրագրերից դուրս չմնան, քանի որ անձնագրայինն այս օրերին չի աշխատում, Անի Ամիրշադյանը պատասխանեց. «Եթե խոսքը երեխաներին տրվող աջակցության մասին է, ապա դա չի կարող պատճառ լինել, քանի որ մինչև երկուշաբթի կունենան երեխաների հանրային ծառայության համարանիշին համադրած բազաներ, որի արդյունքում դա այլևս խնդիր չի լինի: Իսկ այդ համարանիշն ունեն բոլոր այն երեխաները, որոնք ստացել են ծննդյան միանվագ նպաստ»:

Իսկ թե ինչու են ուշանում աջակցության գումարները, Անի Ամիրշադյանն ասաց՝ խնդիրը կապված է նրա հետ, որ բանկերը չեն կարողանում միանգամից այդքան մեծ թվով դիմումներ սպասարկել, իսկ մյուս շաբաթվա ընթացքում այդ խնդիրն էլ արդեն լուծված կլինի:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը նկատեց՝ ծրագիրն այդպես ավելի արդյունավետ կգործի ու հայտնեց, թե իրենք ինչ կերպ են որոշում կարիքավոր ընտանիքներին. «Մեզ այս պահին հաջողվել է 900 ընտանիքի աջակցություն տրամադրել և պլանավորում ենք ևս 1000-ին տրամադրել: Մենք սոցիալական աշխատողների ենք ներգրավել գործընթացում, որոնք դիմումների հետևից գնում են, կարիքի գնահատում անում և ընտրում առավել խոցելիներին»: Նա նշեց, որ իրենց դիմած բոլոր քաղաքացիների դիմումները մերժվել են հիմնականում տեխնիկական պատճառներով ու նկատեց՝ պատճառն այն է, որ համակարգը գործարկվել է կարճ ժամանակահատվածում:

Նա նաև նշեց, որ այն ռիսկը կա, երբ ավելի ակտիվ և տեղյակ քաղաքացիները կարող են և′ պետական աջակցություն ստանալ, և′ տարբեր կազմակերպությունների, մինչդեռ կլինեն շատ կարիքավորներ, որոնք չեն կարողանա տեխնիկապես լրացնել այդ ծրագրերը և դուրս կմնան: Նա առաջարկեց այդ մարդկանց իրազեկել, որ կարող են թեժ գծերով և իրազեկման հեռախոսահամարներով դիմել:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանն էլ փաստեց, որ բանկերում հերթեր են այն քաղաքացիների, որոնք ցանկանում են իրենց աջակցությունը ստանալ ու մտահոգություն հայտնեց. «Ինչքանո՞վ կարող ենք նպատակային իրականացնել այս ծրագրերը, որ մարդիկ մեծ խմբերով բանկերի մուտքերի մոտ հերթով չհավաքվեն: Եվ կա նաև դուբլիկացիաներից խուսափելու խնդիր, որ նույն անձը մի քանի տարբեր տեղերից աջակցություն չստանա, մինչդեռ լինեն անձինք, որոնք ընդհանրապես աջակցություն չեն ստացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930