Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականի մասին որեւէ մեկնաբանություն հրաժարվում է տալ: Մամուլն այսօր իր աղբյուրներին հղում անելով, գրել է, որ նախարար Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք նախարարը գրե՞լ է դիմում, եթե՝ այո, ապա ո՞րն է եղել պատճառը, մամուլի խոսնակը չպատասխանեց, նշելով՝ ժամանակը կգա՝ կասենք:
Վարչապետի մամուլի խոսնակին եւս այս հարցերն, իր առաջարկով, գրավոր ներկայացրեցինք, առայժմ որեւէ պատասխան չենք ստացել:
Ինքը՝ նախարարն իր հրաժարականը չի հերքել, հորդորել է դիմել մամուլի ծառայությանը, որը սակայն, հրաժարվում է մեկնաբանել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Էրիկ Գրիգորյանը 2017-ի փետրվարին նշանակվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական, ապա 2017-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, 2018թ. մայիսի 12-ից նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: Փաշինյանի կառավարության ձեւավորումից հետո նա վերանշանակվել է պաշտոնում, եւ շարունակել է պաշտոնավարել կառուցվածքային փոփոխությունից եւ նախարարության վերաձեւավորումից եւ անվանափոխությունից հետո:
Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը գրել էր. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի շարք տեղեկություններ ստանալու հարցումներ է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել մանրամասներ այս դրամաշնորհի մասին։ …ԻԱԿ-ին ի պատասխան՝ նախարարությունը որպես այս օրենսդրական փոփոխության հիմնավորում նշում է ծրագրի շրջանակում իրականացված փորձագիտական վերլուծությունը, սակայն պատասխան գրություններից և ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ, թե կոնկրետ ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը»։
Գրիգորյանի բնապահպանական քաղաքականությունից բազմիցս դժգոհություններ են հայտնել բնապահպանները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


















































