Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելը ոչ թե հեռացնում է Հայաստանին Ռուսաստանից, այլ մղում է դեպի ավտոկրատիա. Դավիթ Գրիգորյան

Հուլիս 30,2026 10:30 Share

Euobserver. Հունիսի 7-ի ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ «ամուր կանգնած է» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին, և ներկայացրեց ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ։

Շաբաթներ անց ընտրություններից, որոնք Հայաստանում լայնորեն գնահատվեցին որպես կեղծված, և այն բանից հետո, երբ հիմնական ընդդիմադիր դաշինքի անդամները ձերբակալվեցին ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով դիմումներ ներկայացնելու համար, Բրյուսելն իր ներդրումային պարտավորություններն ընդլայնեց՝ հասցնելով դրանք շուրջ 2,5 միլիարդ եվրոյի, ինչպես նաև առաջ մղեց վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։

ԵՄ պաշտոնյաների շրջանում այս մոտեցումն արդեն վերածվել է դոգմայի. «Նա (Փաշինյանը) Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից»։

Այս նախադասությունն այսօր դարձել է Երևանի նկատմամբ Եվրամիության ամբողջ քաղաքականության հիմքը։ Սակայն սա նաև ռազմավարական սխալ է, որը Հայաստանը դարձնում է ավելի քիչ ժողովրդավարական և ավելի քիչ անվտանգ՝ միաժամանակ առանց թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը։

Տեսեք, թե ինչն է արդարացվել այդ մեկ նախադասությամբ։

Հայ Առաքելական եկեղեցու չորս բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել և/կամ ենթարկվել են քրեական հետապնդման, արքեպիսկոպոսներից մեկը 344 օր անցկացրել է նախնական կալանքի տակ, և քրեական գործ է հարուցվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

Եկեղեցու պաշտպանության վերաբերյալ հայտարարություն անելուց ընդամենը ժամեր անց գործարարը ձերբակալվել է և մի քանի ամիս անցկացրել նախնական կալանքի ու տնային կալանքի պայմաններում։ Այնուհետև խորհրդարանի որոշմամբ բռնագրավվել է նրա ընկերությունը, և այդ որոշումն այժմ վիճարկվում է Ստոկհոլմի միջազգային արբիտրաժում։

Ընտրարշավի վերջին երկու շաբաթվա ընթացքում խուզարկվել են ընդդիմադիրների գրասենյակներն ու լրատվամիջոցները։ Քվեարկությունից մեկ օր առաջ ձերբակալվել են պաշտոնապես գրանցված վեց թեկնածուներ, մի քանի այլ թեկնածուներ էլ ձերբակալվել են այն բանից հետո, երբ ընտրությունների արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում։

Իշխող կուսակցության դաշնակիցը հեռուստատեսությամբ վարչապետի հնչեցրած պահանջից հետո, ընտրատեղամասերի բացումից ընդամենը 36 ժամ առաջ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությանը ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու պահանջով։

Ընտրություններին նախորդած շրջանում ընտրողների վրա «տեղացին» բյուջեով չնախատեսված ծախսեր, այդ թվում՝ անակնկալ կենսաթոշակային բարձրացում։ Իսկ ընտրությունների գիշերը՝ ժամը 2-ին, երբ հաշվարկված էր քվեաթերթիկների հազիվ մեկ տասներորդը, արդեն հայտարարվել էր հաղթանակի մասին՝ նախքան մայրաքաղաքի արդյունքների հրապարակումը։

Արևմտյան դիտորդներն իրենք են փաստագրել այս ամենի զգալի մասը։

Կուսակցական միջոցառումներին մասնակցելու ճնշում

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) նախնական զեկույցում արձանագրված է, որ պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ նրանց ստիպելով մասնակցել իշխող կուսակցության միջոցառումներին, իսկ նախընտրական շրջանում բաժանված նվերներն ու աջակցության միջոցները, դիտորդների գնահատմամբ, «խաթարել են քարոզարշավի հնարավորությունների հավասարությունը՝ հակասելով ԵԱՀԿ պարտավորություններին»։

Զեկույցում նաև նշվում է, որ հանրային հեռարձակողը ցուցաբերել է «ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության՝ հակառակ իր իրավական պարտավորությունների և հանրային առաքելության», ահաբեկման և քրեական հետապնդումների հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ «ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց», իսկ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից 11-ում դիտորդներին թույլ չի տրվել հետևել արդյունքների մուտքագրման գործընթացին։

Այնուհետև հնչեց գլխավոր եզրակացությունը՝ «իրական ընտրություն»՝ «լավ կազմակերպված գործընթացում»։

Դիտորդները փաստագրել էին հիվանդությունը, բայց հիվանդին առողջ էին հայտարարել՝ ներքին խնդիրների վերաբերյալ իրենց իսկ արձանագրումները ստվերելով հօգուտ այն միակ թեմայի, որը համապատասխանում էր Արևմուտքի արդեն իսկ ձևավորած պատմույթին՝ արտաքին ճնշմանը։

Եվրամիության աջակցությունը ոչ միայն ուղեկցում է այս ամենին, այլև նպաստում է դրան: Ավտոկրատներն արձագանքում են քաղաքական «գնի» ազդակներին։

Երբ ճնշումների յուրաքանչյուր նոր դրսևորում՝ արքեպիսկոպոսի բանտարկությունը, ընկերության բռնագրավումը, ընտրություններից առաջ թեկնածուների ձերբակալությունները Բրյուսելի կողմից ուղեկցվում են նոր ֆինանսական փաթեթով, գագաթնաժողովով կամ վիզային ազատականացման գործընթացի առաջընթացով, ապա բռնաճնշումների գինը զրոյանում է և այդ դասը յուրացվում է։

Հետևեցին Վրաստանի օրինակին

Համեմատության համար. Վրաստանում ժողովրդավարական հետընթացը հանգեցրեց երկրի եվրոպական ինտեգրման գործընթացի սառեցմանը, իսկ մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին։

Հայաստանի իշխանությունները հետևեցին այդ օրինակին և եկան ակնհայտ եզրակացության՝ Եվրամիության սկզբունքները բանակցելի են, եթե աշխարհաքաղաքական պայմաններն այդպես են թելադրում։ Եվրոպայի «փափուկ ուժը» ոչինչ այնքան արագ չի քայքայում, որքան այն գիտակցումը, որ նրա արժեքները կախված են իր շահերից։

Ադրբեջանը, որը բացահայտ ավտորիտար պետություն է, սակայն որի հետ ԵՄ-ն համագործակցում է էներգակիրների պատճառով, դրա ամենավառ օրինակն է։

Սակայն խորքային վնասը ռազմավարական է։ Հայաստանը հարևան է Ադրբեջանին, որը ռազմական ուժով վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այնտեղ իրականացրեց էթնիկ զտում և շարունակում է առաջ քաշել նոր պահանջներ։

Արտաքին ագրեսիայի զսպումը սկսվում է երկրի ներսում. այն հիմնվում է վստահություն վայելող ինստիտուտների և հանուն պետության զոհողությունների պատրաստ հասարակության վրա:

Իշխանությունը, որը բանտարկում է արքեպիսկոպոսների և արհեստական մեծամասնություններ է ձևավորում, ճգնաժամի պահին չի կարող ազգային միասնություն ապահովել։ Իսկ արտաքին հովանավորությունից կախված և սեփական երկրում ժողովրդական աջակցությունը կորցրած առաջնորդը չի կարող իր ժողովրդից զոհողություններ պահանջել։

Թշնամուն զիջումներ կատարող և պետական ինստիտուտները՝ ներառյալ եկեղեցին, բանակը և դատարանները, քայքայող մեկ մարդու աջակցելով՝ Եվրամիությունը ստեղծում է հենց այն խոցելի պետությունը, որը գայթակղում է ագրեսորին:

Եթե Ադրբեջանը կրկին հարձակվի, Բրյուսելը կհասկանա, որ իր ներդրումները ո՛չ Բաքվի նկատմամբ ազդեցության լծակներ են ապահովել, ո՛չ էլ ուժեղացրել են Երևանին։

Նույնիսկ այն հիմնադրույթը, թե Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից, չի դիմանում քննադատությանը։ Ռուսաստանի ազդեցությունից հնարավոր չէ դուրս գալ՝ կրկնելով նրա քաղաքական մոդելը: Անձնակենտրոն իշխանությունը, վերահսկողության տակ գտնվող դատարանները և քրեական հետապնդման ենթարկված ընդդիմությունը հենց այն հատկանիշներն են, որոնք պետությունը դարձնում են Մոսկվայի կողմից վերահսկողությունը վերականգնելու համար խոցելի։

Գլխավոր գործող անձն էլ այն չէ, ինչպիսին նրան պատկերացնում է Բրյուսելը. Փաշինյանի ռուսական կապերը մանրամասնորեն փաստագրված են՝ սկսած «թավշյա հեղափոխությունից» առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ հանդիպումներից մինչև նրա նախընտրական ծրագիրը, որտեղ խոստացվում էր թույլ չտալ որևէ «խնդիր» Մոսկվայի հետ, իսկ քննադատները բնորոշվում էին որպես «օտարերկրյա գործակալներ»՝ օգտագործելով Կրեմլին բնորոշ բառապաշարը։

Նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք իսկապես վերջնականապես դուրս եկան Ռուսաստանի ուղեծրից՝ Լիտվան, Էստոնիան և Լատվիան, դա արեցին ինստիտուտների միջոցով՝ անկախ դատարանների, ազատ լրատվամիջոցների և, ամենակարևորը, իշխանության խաղաղ փոխանցման շնորհիվ։

Նրանցից ոչ մեկը դեպի Արևմուտք չէր ինտեգրվել մեկ անփոխարինելի առաջնորդի միջոցով։ Անձնակենտրոն աշխարհաքաղաքականությունը Կրեմլի խաղն է։ Եվրոպան հաղթում է, երբ խաղում է իր սեփական կանոններով։

Սա չի նշանակում, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի Հայաստանից։

Սա նշանակում է, որ Եվրամիությունը պետք է լինի հետևողական։ Պետք է, ինչպես այլ երկրներում, հրապարակային հայտարարություններում հիշատակել քաղաքական բանտարկյալներին և պահանջել նրանց ազատ արձակումը կամ արագ ու արդար դատավարություն։ Հետագա ֆինանսական հատկացումները պետք է պայմանավորել օրենքի գերակայության չափանիշների կատարմամբ և իրական բարեփոխումներով։

Ընտրական դիտորդների բոլոր առաջարկությունների լիարժեք իրականացումը պետք է դառնա վիզաների ազատականացման գործընթացի ավարտի նախապայման։

Եվ աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե գործող իշխանությանը, այլ այն ինստիտուտներին, որոնք հայ ժողովրդին անհրաժեշտ կլինեն նաև այն ժամանակ, երբ այդ իշխանությունն այլևս չլինի՝ դատարաններին, անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական վերահսկողության կառույցներին։

Մեկ միլիոն հայ 1988 թվականին

1988 թվականի փետրվարին մինչև մեկ միլիոն հայ հավաքվեց Երևանի Օպերայի հրապարակում՝ Խորհրդային Միության փլուզման վերջին տարիների առաջին զանգվածային ժողովրդավարական շարժման ընթացքում՝ նախքան Բալթյան շղթան և Բեռլինի պատի անկումը։

Հայերն իրենց ժողովրդավարական ձգտումները Եվրոպայից չեն փոխառել, նրանք իրենք են նպաստել Եվրոպայի սեփական պատմության այդ էջի կերտմանը:

Այսօր Եվրամիությունն ընտրության առջև է. կանգնել Հայաստանի՝ ժողովրդի կողքին, որը ստեղծել է պետությունը, կամ կանգնել մարդու կողքին, որը քանդում է այն։ Ամրապնդեք ինստիտուտները, ոչ թե իշխանավորին, որը կորցրել է իր ժողովրդի մեծամասնության աջակցությունը։

Իր իսկ հռչակած սկզբունքներին հավատարիմ Եվրոպան Հայաստանի լավագույն դաշնակիցը կլինի թե՛ ավտորիտար իշխանությունների, թե՛ արտաքին հակառակորդների դեմ։

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դավիթ Գրիգորյանը Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի գիտաշխատող է, Գլոբալ զարգացման կենտրոնի ոչ ռեզիդենտ գիտաշխատող և Արժույթի միջազգային հիմնադրամում 22 տարվա աշխատանքային փորձ ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել