«Ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձի հետ զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով: Վստահաբար, հսկայական ծավալի ակտիվներ դուրս են բերվել ՀՀ տարածքից դեպի Եվրամիության երկրներ, ՌԴ, ԱՄԷ եւ ԱՄՆ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա հայտարարեց. «Օտարերկրյա պետություններում կուտակված ապօրինի հարստությունների վերադարձը պետբյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը հստակ լուծում է պահանջում: Անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախեւառաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն: Այնուհետեւ պետք է ուսումնասիրել եւ պարզել ՀՀ-ի համար առավել բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը եւ թիրախավորել այդ իրավազորությունները: Այս պարագայում անգնահատելի է միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավականին արդյունավետ: Օրինակ, ԵՄ մի տարածքում վարույթ հարուցելով՝ այն ճանաչվում է ԵՄ մյուս պետությունների կողմից եւ վերջիններս պարտավոր են համագործակցել վարույթ հարուցած մյուս երկրների հետ: Միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները: Դրանից հետո պետք է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ տարածքի դուրս գտնվող ակտիվների սառեցմանը եւ վերջապես վերադարձմանը: Վերոնշյալ քայլերի հաջորդականությունը հետապնդում է մեկ նպատակ՝ պետբյուջե վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին եւ երկրին, ոչ թե անհատներին»:
Նա ասաց, որ ժողովրդի անվերապահ աջակցությունն է պետք՝ դրան հասնելու համար ու ակտիվ փոխգործակցություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































