Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանը Հրանուշ Խառատյանի գրառմանն ի պատասխան քչերին հայտնի դեպք պատմեց

Մայիս 05,2020 23:50

Իմ հայրենասիրությունը, տիկին Խառատյան, դուք կարող եք տեսնել 2015թ.-ի Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, բազմաթիվ պետական փաստաթղթերում

«Շատ եմ ուզում պատասխանել իմ կողմից շատ հարգված ազգագրագետ Հրանուշ Խառատյանին, ով գրել է «ֆեյսբուքյան» երկար հրապարակում, որի հիմքում կասկածն է իմ հայրենասիրության մասին: Այդ կասկածը, եթե չեմ սխալվում, ավարտվել է հարցադրմամբ՝ բա ո՞ւր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018թթ.-ին»,-«ֆեյսբուքյան» էջում տեղադրված տեսանյութով այսօր հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշեց. «Հարգելի տիկին Խառատյան, 2008-2012թ.-ը ես եղել եմ այն ադմինիստրացիայի մաս, որի եւ դրական, եւ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Բացասականի մասին մի օր ես ինքս եմ խոսելու: Իմ հայրենասիրությունն արտահայտել եմ, երբ ես դեսպան էի, երբ հասա Սուրբ Աթոռ եւ տեսա, որ Ադրբեջանի լոբբին այնտեղ տիրում է ի վնաս ՀՀ-ի: Ես ջախջախել եմ այդ լոբբին, այո, ես չեմ վախենում այդ բառերից: Իմ հայրենասիրությունը, տիկին Խառատյան, դուք կարող եք տեսնել 2015թ.-ի Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի վերաբերմունքում, նրա այցում:

Ես ներկայացրել եմ ՀՀ-ի շահերն այլ պետություններում, ոչ թե այլ պետությունների շահերը ՀՀ-ում: Այս համատեքստում մի պատմություն կուզենայի պատմել, որի մասին շատ քչերը գիտեն: Երբ 2015թ.-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի խոսեց հայոց ցեղասպանության մասին՝ ընդունելով ցեղասպանությունը, եւ սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան, ինչպես հիշում եք, հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից: Մի քանի օր անց ինձ շտապ զրույցի համար հրավիրեցին պետքարտուղարություն, որտեղ ես հանդիպեցի մի քանի բարձրաստիճան դիվանագետների հետ: Նրանցից մեկը, ով ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում, ինչո՞ւ առաջ չեն անցնում ու խանգարում բարեկամական Թուրքիայի՝ բարիշելու նկրտումներին: Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ, եւ երեւի թե ավելի ակտուալ է հիմա: Ասացի՝ ի՞նչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչ ուզում են, որ մենք ներենք: Մենք չենք կարող ներողություն շնորհել, եթե իրենք չեն խնդրում ներողություն: Իմ ողջ հայրենասիրությունը դեսպան եղած ժամանակ նվիրվել է այդ վերքին՝ հայոց ցեղասպանության հարցին: Մի բան, որը ես երբեք չեմ մոռանալու եւ չեմ ներելու, մինչեւ Թուրքիան չընդունի իր մեղքի բաժինը: Իմ հայրենասիրությունը նաեւ դրսեւորվեց, երբ ես ու ընկերներս կազմակերպեցինք PR-ինֆորմացիոն պատերազմը, որը վարում էր ՀՀ-ն՝ Ադրբեջանի դեմ քառօրյա պատերազմի ընթացքում: Վստահորեն ասում եմ, որ հաղթել ենք այդ պատերազմում: Նույնը չեմ կարող ասել ՀՀ-ի ներսում, որովհետեւ ոմանց հաջողվեց ստվերել մեր՝ հայկական բանակի հաղթանակը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031