Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործը զավեշտ է». Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Մայիս 13,2020 22:50

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը երեկ՝ մայիսի 12-ին, դատախազի ցուցումով ձերբակալվել էր: ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր՝ Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և, պարզելով, որ նա կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանն Ալեքսանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել էր, եւ այսօր դատական նիստ էր նշանակվել: Էմին Բեգլարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս ընթացքում քննչական մարմինը մեղադրանք առաջադրեց Արթուր Ալեքսանյանին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարանին: Այսինքն, մեր բողոքն ու քննիչի միջնորդությունը միացվեցին եւ քննվեցին, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ»: Քիչ առաջ էլ Էմին Բեգլարյանն Aravot.am-ին հայտնեց, որ դատարանից տեղեկացրել են՝ որոշումն այսօր չի հրապարակվի, այլ վաղը՝ 12:00-ին:

Փաստաբանը նաեւ նշեց՝ Արթուր Ալեքսանյանին առաջադրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ սպառնալիքի  գործադրման մեղադրանք. «Նա իբրեւ թե սպառնացել է հաշվեհարդար տեսնել: Մենք, միանշանակ, մեղադրանքն անհեթեթություն ենք համարում: Այս քրեական գործը զավեշտ է: Արթուր Ալեքսանյանը դեռեւս կասկածյալի կարգավիճակում կասկածանքը չի ընդունել, հիմա էլ մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք է տվել: Մեր դիրքորոշումը չի էլ փոխվելու: Իմ աշխատանքում առաջին անգամ եմ նման գործի հետ առնչվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031