Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կադրեր չկան, պետք է մնա՞ն այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինի վճիռներ են կայացրել». իրավապաշտպանները` դատաիրավական բարեփոխումների մասին

Մայիս 17,2020 22:27
datavor

«Եթե փոխում ես դատական համակարգը եւ չես փոխում քննչական եւ դատախազական մարմինները, նշանակում է` ոչինչ չես փոխում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության` դատաիրավական բարեփոխումների քայլերին, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերում քննարկման ժամանակ, նախարարը հայտնեց, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։ Նախարարը նման տեսակետ հնչեցրեց, երբ վարչապետը նրան հարց ուղղեց՝ ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։ Իսկ երեկ իր ասուլիսում, այս հարցի մասին խոսելիս` վարչապետն ասաց. «Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել  պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան… Ես ինձ երկար ժամանակ հարց եմ տալիս՝ լավ էս դատավորներին գործից, որ հանում ենք, ո՞ւմ ենք բերում, ովքե՞ր են էդ հրեղեն դատավորների թեկնածուները, որ գալու են.. Ես Հայաստանը լավ եմ ճանաչել եւ ճանաչում, բայց  ցնցված եմ այն փաստից, թե մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է»:

Ժաննա Ալեքսանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դատաիրավական բարեփոխումների ամենաէական բաղադրիչներից մեկը, մեր զրուցակցի դիտարկմամբ, քննչական մարմինների եւ դատախազության փոփոխությունն է. «Նախաքննության  եւ դատախազական վերահսկողության որակը այնքան ցածր է, որ բարեփոխված դատարանը չի կարող որեւէ դրական արդյունքի հասնել, էլ չեմ ասում, որ ես ընդհանրապես բարեփոխում չեմ համարում այս ձեւը»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ դատավորներին գիտակցաբար վերափոխվելու հնարավորություն տրվեց, բայց անցած երկու տարիները ցույց տվեցին, որ ոչ մի ինքնագիտակից դատավոր չունենք: Վարչական կամ քաղաքացիական գործերով դեռ գուցե կան օբյեկտիվ դատավորներ, բայց քրեական գործերով` չունենք: «Որտեղ որ դատախազությունը միջամտություն ունի, ուրեմն այնտեղ ապօրինությունն է իշխում»:

Նա տարակուսում է. «Այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինի դատավճիռներով են հայտնի, մարդկանց ապօրինի կալանքի տակ են պահել… օրինակ, Մնացական Մարտիրոսյանը… նա ինչպե՞ս պիտի փոխվի: Մարդու մտածողությունը, հոգեբանությունը  պիտի փոխվի եւ ես չեմ հավատում, որ Մնացական Մարտիրոսյանի նման տարբեր դատավորներ պետք է փոխվեն: Ես դա անպատժելիություն եմ համարում»:

Ժաննա Ալեքսանյանն անտեղի է համարում նաեւ դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին խոսակցությունները: Նա դեմ չէ, որ դատավորները բարձր աշխատավարձ ստանան, բայց դա պետք է լինի այն ժամանակ, երբ Հայաստանում կյանքը քիչ թե շատ բարեկեցիկ կլինի, երբ չենք ունենա ծայրահեղ աղքատներ: Երկրի ներկայիս իրականության պայմաններում, կարծում է, որ դատավորներն այժմ էլ են բարձր վարձատրվում, նաեւ պարգեւավճարներ են ստանում:

«Մաֆիոզ ի՞նչ մտածողություն կա, երբ ասում են`ո՞ւմ տեղը դնեմ: Կրթեք` նոր դատավորներ, աստիճանական արեք այդ բարեփոխումը եւ այնպես չէ, որ չկան կադրեր: Եթե կադրեր չկա, նշանակում է`պետք է մնա՞ն այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինի վճիռներ են կայացրել: Մաֆիոզ մտածողության խնդիր չկա: Մենք պահանջում ենք`օրինական անեն այն ամենն, ինչ իրենք համարում են բարեփոխում: Բացարձակապես բարեփոխման հոտ էլ չի գալիս»:

Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը հետքայլ արեց հեղափոխության ամենակարեւոր պահանջներից մեկից` դատաիրավական բարեփոխումներից, Ժաննա Ալեքսանյանը չգիտի:

Իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»  ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեք պարտադիր պայման է անհրաժեշտ բարեփոխումների համար`իրավիճակի գնահատական, մարտահրավերների ամրագրում եւ դրանից բխող քայլերի եւ պատկերացումների ամրագրում` ո՞ւր պետք է շարժվենք: «Որպեսզի ինչ-որ փոփոխություն անես, պետք է հայեցակարգ ունենաս: Այս ընթացքի մեջ մենք չունենք հայեցակարգ, չունենք իրականում նախորդ ռեժիմի գնահատական, որից հետեւի, թե ինչո՞ւ է պետք արմատական փոփոխություններ անել, եթե խոսքը, իհարկե, արմատական փոփոխությունների մասին է: Չունենք նաեւ տեսլական, թե ինչի՞ ենք ուզում հասնել: Ունենք սպոնտան, իրադարձային խնդիրների լուծում. ասենք` ՍԴ անդամները մեզ ձեռք չեն տալիս, որոշ դատավորներ իրենց լավ չէին պահում հիմա լավ են պահում, իրենց հետ էլ խնդիր չկա եւ այլն»:

Արտակ Կիրակոսյանը չի կարծում, որ իշխանությունը նպատակ է դրել խամաճիկ դատարան ունենալ, բայց առերեւույթ, ասում է` հենց դա է:

«Փաստորեն, առաջին երեք փուլը չարած, մենք փորձում ենք չորրորդ փուլից սկսած ինչ-որ բաներ անել ու պարզ է, որ չի ստացվում»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ նախորդ իշխանությունների ամենամեծ խնդիրներից մեկն էլ դա էր ու երբ այդ ամենը չկար, գալիս էր կուսակցական, ներանձնային շահերի բախման խնդիր եւ հարցերը լուծվում էին «էլիտաների» պայմանավորվածությունների միջոցով, ինչի արդյունքում օրենքներ էին ընդունվում եւ այլն: Հիմա այդ պայմանավորվածությունների մեխանիզմն էլ է դուրս եկել, ինչը ինքը  դրական է համարում, բայց, արդյունքում, ստեղծվել է անհասկանալի մի իրավիճակ:

Հարցին` ո՞րն է խնդիրը` իշխանությունում չե՞ն հասկանում այդ բարեփոխումների անհրաժեշտություն, թե՞ չեն ցանկանում իրականացնել բարեփոխումները, ինչի արդյունքում ցայտնոտային իրավիճակում ենք հայտնվել, Արտակ Կիրակոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, խնդիրը նաեւ պատմական է, որովհետեւ, երբ իշխանության էին գալիս, չունեին գաղափարական, քաղաքական, հայեցակարգային մոտեցումներ եւ դեռ մի բա էլ գլուխ էին գովում, թե «իզմերի» ժամանակն անցել է: Ինչ-որ պահից սկսած` դա կարող էր լինել ընտրություններից առաջ, պետք էր նստել եւ հայեցակարգային մոտեցումներ ձեւակերպել: Բայց չարվեց, իրավիճակն էլ երկրում պարզ չէ, հեշտ չէ, կայացած չէ, անընդհատ ռեակտիվ իրավիճակ է. եղած մարտահրավերներին այսօրվա գործիքակազմով պատասխանելու ձեւ է»: Ամենավառ օրինակը, ըստ մեր զրուցակցի, վերջերս ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումն էր. «Օգտվել օրենքի բացթողումներից եւ դրա միջոցով տալ լուծումներ, որոնք այսօր անհրաժեշտ են: Դա առողջ ճանապարհ չէ, հեռու տանող ճանապարհ չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031