Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պատմական փողոցը շրջափակված է․ երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց

Մայիս 26,2020 22:15

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գյումրու պատմական հատվածում՝ Շիրազի անվան փողոցում գտնվող «Ֆլորենս» ռեստորանի մոտ․ երիտասարդ մի վարորդ, որ եղել է «Porsche Cayenne» մակնիշի մեքենայի ղեկին՝ ջարդուփշուր անելով իր դիմաց գտնվող երեք մեքենաների, բարձրացել էր ռեստորանի աստիճաններով՝ հասնելով գլխավոր մուտքի մոտ ու գրեթե ներս խուժելով։ Ըստ ականատեսների, վնասվել էր  նաև «Յանդեքս» տաքսու վարորդի գլուխը, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

Գյումրի բժշկական կենտրոնի  փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իրենց մոտ քիչ առաջ երկու տղամարդու են տեղափոխել, հետազոտման փուլում պարզվել է, որ  մեկի մոտ  առկա է եղել ուսահոդի շրջանի սալջարդ,  մյուսի մոտ՝ կրծքավանդակի  աջ կեսի բութ վնասվածք, քերծվածքներ։  Նրանք հետազոտվել են, ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն։

Նշենք, որ Գյումրու Շիրազի անվան փողոցը, որը վերանորոգվեց  նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը զբոսաշրջության գոտու վերածելու ծրագրի շրջանակներում, պաշտոնապես բացվեց անցած տարի։ Փողոցը, թեև ծառայեց իր նպատակին՝  դառնալով մեծ թվով զբոսաշրջիկների սիրելի վայրը, սակայն  որևէ ծախս չարվեց այնտեղ լուսացույց տեղադրելու ու այդ նույն զբոսաշրջիկների ու անցորդների անվտանգությունն ապահովելու համար։

Արդեն որերոդ դեպքն է՝  խոշոր ավտովթարներ են տեղի ունենում «Ֆլորենս» ռեստորանի դիմաց, մեքենաները գրեթե ռեստորան են ներխուժում  ու թեև մարդկային  զոհեր դեռ չկան, սակայն այն իրոք վտանգավոր է  դառնում  անցորդների համար։

Ոստիկանները, քննիչներն ու ԱԻՆ աշխատակիցները շրջափակել են այդ տարածքը։

Ըստ որոշ տեղեկությունների, «Porsche Cayenne» մակնիշի  մեքենայի վարորդը, որը ջարդուփշուր էր արել իր դիմաց գտնվող մեքենաներին, Կոտայքի մարզից է։

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031