Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ պետն իմ համակուրսեցին է, որի հետ գտնվում ենք ընկերական հարաբերությունների մեջ՝ 1993-ից առ այսօր». ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Հունիս 18,2020 16:30

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, «Որքանո՞վ է բարոյական, ճիշտ, որ ես դատավոր հանդիսանամ մի գործով, որտեղ կան առերևույթ նմանություններ ԲԴԽ-ի հանձնախմբի կողմից ինձ մեղսագրվող խախտումների և բուն գործով Ազարյանին առաջադրվող ենթադրյալ խախտումների միջև»:

Ինքնաբացարկի հաջորդ պատճառն անձնական էր: Հայկ Հովհաննիսյանն ասաց. «Ես պարտավոր եմ ԲԴԽ-ին և կողմերին բացահայտել, որ ՀՔԾ պետն իմ համակուրսեցին է, որի հետ գտնվում ենք ընկերական հարաբերությունների մեջ՝ 1993-ից առ այսօր»:

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։

Ալեքսանդր Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ միջնորդելու են որպես վկա հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ու նկատեց. «Իմ կարծիքով՝ հաճելի չէ սեփական ընկերոջը հարցաքննելը: Եվ այս դեպքում խորհրդի անդամի կարգավիճակում գտնվելը երևի թե ճիշտ չէ»:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ԲԴԽ-ն Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշում հրապարակեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930