Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ունեցվածք ունեն մարզպետները. News.am

Հուլիս 06,2020 23:50

Հայաստանի մարզպետներից երկուսը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, 2019թ. նոր բնակարաններ են ձեռք բերել, իսկ մարզպետներից չորսը առհասարակ որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնյաների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը։

Արագածոտնի  մարզպետ Դավիթ Գևորգյան

Արագածոտնի  ՔՊ–ական մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով նախքան հեղափոխությունը զբաղվել է մարքեթինգով, իր անունով  անշարժ գույք չունի։ Գևորգյանի տարական հայտարարագրից պարզ է դառնում, որ նա հանդիսանում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով զբաղվող «Բիզնես Քալչր» ՍՊԸ–ի 100% բաժնետերը, որը նա 2018–ին հավատարմային կառավարման է հանձնել Եվգենիա Ասրիյանին։ Գևորգյանը 2019–ին  հայտարարագրել է 2005 թ. արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա։ Տարեսկզբին նա ունեցել է տարբեր արժույթների շուրջ 100.000 դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին նրա եկամուտներն ավելացել են՝  կազմելով շուրջ 630.000 դրամ։ Գևորգյանի բանկային հաշիվներում եղել  է 3 մլն  ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար գումար, իսկ  տարեվերջին  բանկային հաշիվներում առկա մնացորդները կազմել են 10մլն 678 հազար դրամ և 7400 ԱՄՆ դոլար։  Գևորգյանը Արագածոտնի մարզպետարանից որպես աշխատավարձ ստացել է 12 մլն դրամ գումար, ևս 128,233 դրամ էլ նա ստացել է «Ինեկոբանկ» ՓԲԸ–ից։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան

Արարատի ՔՊ–ական մարզպետ Գարիկ Սարգսյանի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա  Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ունի համատեղ սեփականության բնակելի տուն։

Գարիկ Սարգսյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 956 հազար դրամ գումար, որը տարեվերջին 100 հազար դրամով նվազել է։ Նա նաև հայտարարագրել է  260 հազար դրամ կանխիկ միջոց, որը տարեվերջին դարձել է 180 հազար դրամ։ Արարատի մարզպետը, որպես աշխատավարձ հայտարարագրել էր 15 մլն 468 հազար դրամ գումար։ Ավելի վաղ,  NEWS.am–ն անդրադարձել էր Սարգսյանի հայտարարագրած աշխատավարձին և նկատել, որ հնարավոր է մարզպետը սխալ է ներկայացրել աշխատավարձի չափը, հակառակ դեպքում ստացվում է, որ նա մյուս մարզպետներից շուրջ 5 մլն դրամ հավելյալ գումար է ստացել։ Մեր հրապարակումից հետո միայն Գարիկ Սարգսյանը շտապել էր հայտարարել, որ 4 մլն. դրամ սպառողական վարկը գումարվել է 2019թ. իր ստացած աշխատավարձին և դրա արդյունքում ստացվել է այս թիվը, մինչդեռ ստացած փոխառությունների համար հայտարարագրում  առանձին տող է նախատեսված, ինչը որևէ այլ պաշտոնյայի աչքից չէր վրիպել։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի անկուսակցական մարզպետ, 27–ամյա Համբարձում Մաթևոսյանը Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր է, որը նա ձեռք է բերել 2017թ.։ Տարեսկզբին Մաթևոսյանն ունեցել է տարբեր արժույթների ընդհանուր առմամբ կանխիկ 21300  ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին արդեն շուրջ 26.000 ԱՄՆ դոլար։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1 մլն դրամ գումար, որը տարեվերջին կրկնապատկվել է։ Մարզպետի պաշտոնում Մաթևոսյանը ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է,  հայտարարագրել է 1 առանձնատուն եւ 2 հողամաս՝ Ծակքար համայնքում, ինչպես նաև «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա։ 2019-ի սկզբում Սանոսյանի բանկային հաշվին եղել է 469 հազար 274 դրամ, իսկ տարեվերջում այն նվազել է դառնալով՝ 653 դրամ։

Մարզպետի կանխիկ միջոցները 2019-ի սկզբում կազմել են 750 հազար դրամ եւ 45 հազար ռուբլի, իսկ տարեվերջում արդեն նա ունեցել է 1 մլն 400 հազար դրամ եւ 70 հազար ռուբլի գումար։

2019-ին Սանոսյանը 2 աղբյուրից եկամուտ է ստացել. 10 մլն 801 հազար դրամ աշխատավարձ  նա ստացել է Գեղարքունիքի մարզպետարանից, իսկ 44 հազար 990 դրամ աշխատավարձ էլ նա ստացել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանից։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ, մասնագիտությամբ ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը, որը նախքան քաղաքական պաշտոն զբաղեցնելը ղեկավարել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկան, բնակարան է հայտարարագրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում, ինչպես նաև  ինքնակամ շինություն, հողամաս և հասարակական նշանակության շինություն Վանաձոր քաղաքում։ Անդրեյ Ղուկասյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի 2007 թվի արտադրության մարդատար ավտոմեքենա, որը վերջինս ձեռք է բերել 2015թ.: Հարկային տարվա սկզբում Լոռու մարզպետը հայտարարագրել է նաև 8,700,000.00 ՀՀ դրամ, որը տարվա վերջում դարձել է 7,000,000.00 դրամ: Որպես եկամուտ՝ 2019թ. հայտարարագրում նշված է ՀՀ Լոռու մարզպետարանից որպես աշխատավարձ ստացած 11,149,713.00 դրամը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը տարեսկզբին ունեցել է 2 բնակարան՝ Աբովյան քաղաքում և հողամաս Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ 2019 թ. հոկտեմբերի 3-ին մարզպետը 51 մլն 357 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  օտարելով Աբովյանի բնակարաններից մեկը՝ 17 մլն 800 հազար դրամով և 35 մլն դրամ փոխառություն (վարկ) վերցնելով։

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտարարագրել է 2004 թ-ի արտադրության  BMW մակնիշի ավտոմեքենա։ 2019 թ-ի սկզբում նրա բանկային հաշվին եղել է 568 հազար դրամ, տարեվերջին՝ 2000 դրամ և 1922 դոլար, ևս 850 հազար դրամ կանխիկ դրամական միջոց է հայտարարագրել։ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 522 հազար 445 դրամ աշխատավարձ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031