Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվելու

Հուլիս 17,2020 10:00

Ադրբեջանում արտգործնախարար է փոխվել: Սկզբունքային առումով դա մեզ համար ոչինչ չի նշանակում. անկախ նրանից՝ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պրոֆեսիոնալ դիվանագետ է, թե հարկային տեսուչ, այդ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը, իսկ Արցախի եւ Հայաստանի հարցերում Իլհամ Ալիեւի տեսակետը հայտնի է՝ «Ղարաբաղը մերն է, ինչպես նաեւ՝ Զանգեզուրը, Երեւանը եւ Սեւանը»:

Այնպես չէ, որ Էլմար Մամեդյարովը շատ մեծ ճկունություն էր դրսեւորում հիշյալ հարցերում. հրապարակային ելույթներում, համենայնդեպս, նա կրկնում էր «օկուպացիայի», «փախստականների» եւ «ՄԱԿ-ի 4 բանաձեւերի» մասին հայտնի առասպելները եւ պատրաստ չէր քննարկել ո՛չ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ո՛չ էլ անգամ զինադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման խնդիրները: Իմ տպավորությամբ՝ այդ «մանտրա»-ները կրկնելու համար առանձին դիվանագիտական վարպետություն պետք չէ, եւ նոր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովից էլ չի պահանջվում յուրահատուկ գաղափարներ երկնելու կրեատիվություն:

Այդքանով հանդերձ, որքան հասկացա Ալիեւի վերջին ելույթից, նա, կարծես թե, դժգոհ է, որ Մամեդյարովը հակված էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայկական կողմի հետ ինչ-որ որ հարցեր քննարկելու: Արդյոք դա նշանակում է, որ դիվանագիտական շփումներն ընդհանրապես դադարեցվելո՞ւ են: Կարծում եմ՝ ոչ: Մինսկի խումբը միջազգայնորեն ընդունված բանակցային ձեւաչափ է, եւ որքան էլ Ադրբեջանը դժգոհ լինի բանակցությունների բացակայությունից, ուզի-չուզի պետք է տեղավորվի այդ ձեւաչափի մեջ: Առանձնապես հույս չկա, որ տեսանելի ապագայում սկսվելու են արցախյան խնդրի շուրջ բովանդակային բանակցություններ, բայց զինադադարը պահպանելուն ուղղված շփումներ լինելու են, եւ այստեղ մեր դիվանագիտությունն անելիքներ ունի: Իհարկե, պետք է հիշել, թե ում հետ գործ ունենք՝ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խախտել ցանկացած գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն: Բայց դա նույնպես դիվանագետների խնդիր է՝ ցույց տալ, թե ով, երբ եւ ինչպիսի պարագաներում է խախտել զինադադարը:

«Մամեդյարովին հանելու» մասին իր ելույթում Ադրբեջանի նախագահը խոսել է նաեւ քարոզչության մասին, որն, անշուշտ, դիվանագիտության կարեւոր բաղկացուցիչ մասն է: Հայտնի է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ավանդաբար չափազանցված հավատ ունի քարոզչության ամենազորության հանդեպ: Երեւի, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հարեւան երկիրն այս 30 տարվա ընթացքում քարոզչության վրա հարյուրապատիկ ավելի շատ գումար է ծախսել, քան մենք: Հիմա, վստահ եմ, այդ քարոզչությունը եւ, համապատասխանաբար, ծախսված գումարները զգալիորեն ավելանալու են: Այստեղ մեր արտգործնախարարությանը սպասում է շատ լարված աշխատանք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031