Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Բաբայան. «Արխիվի հատորներից բացակայում են պետգույքի մասնավորեցման մասին արժեքավոր տեղեկություններ»

Հուլիս 31,2020 16:55

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության շուրջ: Այս հետազոտությունը վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր գործարքներին:

Քննարկմանը մասնակից պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ մինչեւ 2011 թվականին կատարված պետական գույքի մասնավորեցման մասին տեղեկությունները քիչ են կամ թերի են, քանի որ գրանցամատյաններն ու բազան չկան: Պետգույքի կառավարման այն ժամանակվա վարչությունը 2011 թվականից է սկսել պետական գույքի վերաբերյալ բազա վարել, եւ ինչպես Նարեկ Բաբայանն ասաց, ահռելի ծավալի տեղեկատվություն կամ բացակայում է, կամ արխիվներում է, եւ շատ կարեւոր, արժեքավոր տեղեկատվություն նույնիսկ արխիվների հատորներից բացակայում են:

Պարոն Բաբայանը հիշեցրեց՝ մանկական հանրախանութը՝ հայտնի ՑՈՒՄ-ը, նախկինում մասնավորեցվել է որպես փոքր օբյեկտ եւ հետեւաբար շատ ցածր գնով: Նախկինում պետական գույքը մասնավորեցվել է առանց պայմանագրային պարտավորությունների, ուղղակի վաճառքով կամ նախապես հայտնի անձանց, ինչն, ըստ Բաբայանի, պետգույքի կառավարման տեսակետից խնդրահարույց է:

1995-2005 թվականներին օտարվել են արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտի եւ կապի ոլորտի 1500-ից ավելի խոշոր օբյեկտներ: Մասնավորեցման ենթակա խոշոր ձեռնարկությունները գնահատվել են հաշվեկշռային մեթոդով, սա, ըստ Բաբայանի, եւս խնդրահարույց է, քանի որ իրական արժեքից թերագնահատված էին:

Քիչ չեն դեպքերը, երբ պետական գույքը աճուրդով շատ էժան ձեռք է բերվել, հետո այն ավելի բարձր գնով վաճառվել է, եւ առաջնային գնորդն է մեծ եկամուտներ ստացել, այլ ոչ թե պետությունը:

2018-ից պետական գույքի կառավարման ոլորտում մի շարք բարեփոխումներ են սկսվել, Նարեկ Բաբայանն ասաց, որ առցանց աճուրդներ են լինելու:

Վերջին մեկ ամսում, ինչպես հայտարարեց Նարեկ Բաբայանը, մրցութային կարգով օտարվում են Մոսկովյան 1 հասցեի շենքը, Քննչական վարչության Մոսկովյան 13 հասցեի պոլիկլինիկան, երկու հեկտար տարածք՝ Նորքի այգիներում, Զեյթունի սրտաբանական հիվանդանոցի հարեւանությամբ 4 միլիոն դոլար արժեքով շենքն ու հողատարածքը, եւ ամենախոշորը՝ Օրբելի փողոցում գտնվող ռուսական նախկին հոսպիտալը՝ 17 միլիոն դոլար արժեքով՝ 3.3 հեկտար մակերեսով, այն օտարվում է հյուրանոցային համալիրի նշանակությամբ:

«2019 թվականին ընդունվել է պետական գույքի կառավարման հայեցակարգը: Մեր ռազմավարությունն է՝ հնարավորինս արդյունավետ օգտագործել ավելի թանկարժեք գույքերը: Մասնավորապես Երեւանի կենտրոնում գտնվող գույքը, եւ պետական մարմինները հնարավորինս տեղափոխել արվարձաններ, հնարավորության դեպքում՝ այլ քաղաքներ, կենտրոնը բեռնաթափել եւ ներդրումային ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել՝ զբոսաշրջության կամ թանկարժեք գույքն ավելի արդյունավետ օգտագործել: Սա միջազգային պրակտիկան է: Օրինակ՝ Հանրապետության հրապարակին կից հատվածի գույքի 1 քմ-ն երկու-երեք հազար դոլար արժեքով կամ 10 հազար դրամով վարձակալությունը նպատակահարմար չեն որպես վարչական տարածք պետական մարմինների կողմից ծառայեցնելը, նպատակահարմար է օտարումը»,-ասաց Նարեկ Բաբայանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031