Լրահոս
Օրվա լրահոսը

Գտեք իրավաբանի, որին հալած յուղի պես կընդունեն ՍԴ դատավորի պաշտոնում. Իմ քայլը քննարկել է ՍԴ-ի թեկնածուների հարցը

Օգոստոս 05,2020 15:56

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել` քննարկելու Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հարցը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցին՝ դուք խնդիր չե՞ք տեսնում առաջադրված 3 թեկնածուների առնչությամբ, մասնավորապես, Վահրամ Ավետիսյանի մասով, որին կառավարությունն է առաջադրել, սակայն հայտնի է, որ նրա հայրը Մարտի 1-ի գործերով է զբաղվել ու վճռներից մի քանիսը բեկանվել են՝ պատասխանեց. «Ես ավելի շատ խնդիր եմ տեսնում ձեր հարցադրման ձեւակերպման հետ: Հարցադրում է արվում, թե հայրը իքս պաշտոն է զբաղեցրել ու տղան չպետք է այլեւս ՀՀ-ում պաշտոն զբաղեցնի…»:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ եթե հարցն այն է, որ հնարավոր է շահերի բախում լինի, դա լրիվ այլ շեշտադրում է. «Այլ շեշտադրում է, երբ որ մենք գնանք ստալինյան ժամանակահատվածը ու ասել, որ հայրը պաշտոն է զբաղեցրել, տղան իրավունք չունի մեր հասարակության մեջ տեղ գտնել: Նման շեշտադրումն ինձ համար բոլոր դեպքերում անընդունելի է: Իսկ այն, որ շահերի բախում կարող է լինել կոնկրետ գործերով ու այդ գործերը վտանգի տակ դրվեն, դրանով պայմանավորված՝ նպատակահարմար չի, որ տվյալ անձը գնա ՍԴ՝ սա քննարկելի հարց է: Քննարկելի հարց է յուրաքանչյուր պատգամավորի համար, որպեսզի ընկալենք, թե արդյոք մենք ընտրում ենք ՍԴ դատավոր՝ տեսլականում հասկանալով, որ ինքը մի շարք գործերով չի կարող մասնակցել եւ դա խոչընդոտ կհանդիսանա մի շարք գործերի համար»:

Երբ լրագրողները փոխանցեցին իրավապաշտպանների առարկությունները Երվանդ Խունդկարյանի ու Վահրամ Ավետիսյանի առնչությամբ, որ նախկին իշխանությունների հետ են կապված ու պետք է հետ կանչեն նրանց թեկնածությունները՝ Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Դա էլ է սխալ մոտեցում: Սահմանադրական մարմինները լիազորված ն ներկայացնելու թեկնածու, իսկ ԱԺ-ն լիազորված է տվյալ թեկնածուին ե՛ւ դրական, ե՛ւ բացասական գնահատական տալու: Տվյալ հարցի լուծումն արդն ԱԺ դաշտում է գտնվում: Իսկ ԱԺ-ն իր վերաբերմունքը կդրսեւորի ե՛ւ հարցադրումների միջոցով, ե՛ւ քվեարկության միջոցով»:

Հարցին՝ միասնական դիրքորոշում ունե՞ք քվեարկության հարցում՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, դիրքորոշում չի կարող լինել: Դիրքորոշումը կլինի այն ժամանակ, երբ կկազմակերպենք քվեարկությունը, կկայացվի որոշում ու կհրապարակվի արձանագրությունը, որից կերեւա ԱԺ դիրքորոշումը կոնկրետ թեկնածուների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է այս օրերին ՍԴ դատավորի թեկնածուների շուրջ քննարկումներին ու քննադատություններին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ համոզված է՝ ՀՀ-ում գործող ցանկացած իրավաբանի վերաբերյալ հաստատապես նման քննարկումներ կլինեն. «Չկան իրավաբաններ, որոնք համապատասխանում են այս ստանդարտներին ու գործել են ՀՀ-ում, իրենց վերաբերյալ որեւէ քննարկում չլինի: Եթե դուք կգտնեք նման իրավաբանի, ում վերաբերյալ ոչ մի քննարկում չի լինի եւ հալած յուղի պես բոլոր պատգամավորները եւ հասարակությունը կընդունեն, դուք այդ 3 թեկնածուներին հնչեցրեք, ես իմ փաստերը կներկայացնեմ»:

Բաղդասարյանի համար անհասկանալի է ՀՀ նախագահի մոտեցումը, որը ներկայացրել է նույն թեկնածուին, ում արդեն մեկ անգամ ԱԺ-ն մերժել է ընտրել այդ պաշտոնում. «Անհասկանալի է նախագահի մոտեցումը՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, որոշումը կայացրել է ու այդ որոշման վրա ազդեցության փոփոխության ինչ-որ գործակիցներ նախագահը չի ներկայացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31