Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդահայ կազմակերպությունները եւ դեսպանները քննարկեցին հուլիսի 12-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած հակամարտության վերջին զարգացումները

Օգոստոս 06,2020 16:32

Օգոստոսի 5-ին Հայաստանում Հոլանդիայի առաջին նշանակված դեսպան պարոն Նիկո Սխերմերսը թվով երկրորդ անգամ այցելեց Հաագայի Աբովյան մշակութային միության կենտրոն, այս անգամ Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանի հետ` զրուցելու Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ։

Պարոն Սխերմերսի հունիսի 24-ի առաջին այցելության ընթացքում հետաքրքրվել էր Նիդերլանդներում հայ համայնքի ձևավորման և հայկական կառույցների, մասնավորապես Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON-ի) ծավալած գործունեությանը մասին, դեսպանին էր հանձնվել Հոլանդահայ ֆեդերացիայի հրատարակած «Հայերը Նիդերլանդներում» գիրքը և այլ նյութեր։ Զրույցի ժամանակ շոշափվել էր Հայաստանի և Ացախի հարցերով հոլանդահայ համայնքի ներգրավվածության ու մտահոգությունների մասին:

Պարոն դեսպանի հետ երկրորդ հանդիպմանը` Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ քիչ ավելի ներկայացուչական կազմ էր հավաքվել, ներկա էին FAON-ի խորհրդի և «Ապրիլ 24» հանձնախմբի անդամները, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի, Գլաձոր ուսանողական միության, Հոլանդահայ Աբովյան մշակութային միության ներկայացուցիչները:

Այս անգամ քննարկվեցին հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած հակամարտության վերջին զարգացումները, դրա հետևանքները, միջազգային արձագանքները, Թուրքիայի և այլ երկրների հայտարարությունները, Նիդերլանդների վերաբերմունքը և հոլանդահայության ցուցաբերվող մարդասիրական օգնությունը` մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոլանդական մասնաճյուղի կողմից։ Որպես հատուկ կետ, Հոլանդահայ կազմակերպությունները բարձրացրեցին Բաքվի կողմից Եվրոպայում և Ամերիկայում հրահրվող հակահայկական զգացմունքների արտահայտության դրսևորման և հայկական կառույցների նկատմամբ կիրառվող բռնությունների հարցը։ Հոլանդիայում ևս արտացոլվեց Ադրբեջանի այս սադրանքը, երբ անցած ամիս Հաագայում Ադրբեջանի դեսպանատանը հավաքված խուժանը սադրանք էր հրահրում հայերի կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ` իրենց դեսպանատան տարածքից շշեր ու քարեր էր նետում հայ ցուցարարների ուղղությամբ։ Հայերի հավաքն ուղղված էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի վրա իրականացված հարձակումների դեմ։

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։
Բնականաբար, քննարկվին նաև Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման նախապատրաստական ​​աշխատանքների հարցերը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք դեսպանը ակնկալում է դեսպանատան աշխատանքների շրջանակում, որպեսզի հնարավոր լինի սատարել օրենքի գերակայության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսվեց նաև մշակութային միջոցառումների կազմակերպման, ուսանողների փոխանակման և վիզաների ազատականացման հարցերի մասին։
Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա այլ մտահոգություններով։

Կազմակերպությունները խորին շնորհակալություն հայտնեցին երկու դեսպաններին նրանց ներկայության և հաճելի մթնոլորտում մտքերի փոխանակման համար։

«Նիդերլանդական օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31