Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հալիձորցիները Փաշինյանից հող են ուզում, որ տուն սարքեն, չարտագաղթեն. Մի գիշերում համայնքապատկան հողերը վաճառել են

Օգոստոս 10,2020 23:00

Մի գիշերում Հալիձորի համայնքապատկան հողերը վաճառել են: Այս մասին հալիձորցիներն իմացել են, երբ գյուղապետից համայնքապատկան հող են ուզել, որ աճող ընտանիք ունեցող որդիների համար տուն կառուցեն: Անակնկալի են եկել, երբ նախկին գյուղապետը հայտնել է, որ համայնքն այլեւս հող չունի:


Գյուղացիները պնդում են, որ աճուրդը կատարվել է գաղտնի, քանի որ ոչ մի հալիձորցի տեղեկացված չի եղել, որ գյուղի տնամերձերը վաճառքի են հանված: Ասում են՝ տեսել են, որ մի օր մութը տված, եկել չափագրումներ են անում: Մի օր էլ պարզել են, որ գյուղի համայնքապատկան հողերն ամբողջությամբ վաճառված են: Գնորդների թվում, ըստ բնակիչների, ոչ մի հալիձորցի չկա, մինչդեռ, եթե անգամ աճուրդ լիներ, նախապատվությունը պետք է Հալիձորի բնակիչներին տրվեր: Սակայն հիմնական գնորդները շրջկենտրոնից են՝ Գորիսից:

Aravot.am-ի հետ զրույցում Հալիձորի բնակիչ Գառնիկ Առուստամյանը թվարկում է՝ հողերը գնել են նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները՝ վարորդը, բաջանաղը եւ այլն: Հալիձորցիները, երբ հետաքրքրվել են, պարզվել է՝ գնորդներն էլ իրենց հերթին վերավաճառել են:
2018 թվականի հեղափոխությունից հետո 500-600 ստորագրությամբ հալիձորցիները նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հետաքննություն սկսել ու համայնքապատկան հողերը վերադարձնել:

Գառնիկ Առուստամյանի խոսքով՝ երեք որդի ունի, բայց հող չկա, որ տուն կառուցի, որդիներին առանձնացնի: Տղաներն էլ գյուղը շենացնելու փոխարեն հեռացել են՝ Ռուսաստանում  ապրուստը հայթայթելու:

«Երեք տղան մի տան մեջ չեն կարա ապրեն: Թող մի հատ տնամերձ տան, տուն սարքեմ, իրանցից ուրիշ բան չեմ ուզում, չեմ ասում՝ եկեք տուն կառուցեք: Համայնքապետն ասում ա՝ հող չի մնացել, սաղ ծախել են: Չգիտենք՝ ովքեր են տերերը, էդ ե՞րբ ծախեցին, ե՞րբ մեջ-մեջ արեցին, միայն գիտենք, որ Հալիձորից մարդ չկա»:

Գառնիկ Առուստամյանի խոսքով, մի կտոր հող չեն տալիս, բայց հենց պատերազմ է սկսում, գալիս են տղաներին տանելու. «Հեսա, որ հավաք լինի գալու են, չեմ տալու, իմ երեք երեխաներս էլ բանակում ծառայել են, իրենց պարտքը տվել են: Ինչի՞ համար գնա, եթե անգամ իրա հայրենիքում նրան հող չի հասնում, որ տուն սարքի: Շա՞տ բան ենք ուզում, հող ենք ուզում, որ ստեղ տուն-տեղ դնեն, չարտագաղթեն»:

Հալիձորցիների խոսքով, այդպես էլ չեն հասկանում՝ ինչո՞ւ իրենց նամակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացք չի տվել, քանի որ վստահ են՝ դասական կոռուպցիայի օրինակ է:

«Մի գիշերում եկել են, տարածքները չափչփել ու ձեւական աճուրդ արել ու ծախել: Սուրիկ Խաչատրյանի օրոք, նրա դեմն ո՞վ կարար խոսար: Բայց հիմա էլ անցել են էդ ժամանակները, ի՞նչի գործը չեն բացում, որ մեր հողերը մեզ վերադարձնեն»,-ասում են մեր զրուցակիցները՝ մատնացույց անելով հին Հալիձորի տարածքում գտնվող համայնքապատկան հողատարածքները, որոնք, թեեւ մոտ 8-9 տարի է արդեն նոր տերեր ունեն, սակայն այդպես էլ չեն օգտագործվել:

«Մեր գյուղի ջահելները դուրս են ամուսնանում, աշխատատեղ չկա, զբաղմունք չկա, մի կենտրոն որ լինի մարդկանց համար, կզբաղվեն շատ երեխաներ չեն լքի համայքը , աղջիկս իրավաբանի դիպլոմը վերցրած, տանը նստած է, անտեղի են էդ դիպլոմները»,-ասում է Գայանե Ստեփանյանը, որը տարիներ առաջ այս գյուղ հարս է եկել:

Վարչապետին ուղղված նամակին մի պատասխան, այնուամենայնիվ, ստացել են. նշված է եղել՝ ամեն ինչ օրենքով է արված:

«Ասում են՝ սաղ օրենքով են արել, դրա օրենքովը ո՞րն ա, մութը տված, եկել՝ չափագրում են արել, մի գիշերում էլ աճուրդ արել: Պարզ չի՞, որ անօրեն գործեր են արել ու օրինականացրել են»,-ասում է Գառնիկ Առուստամյանը՝ նշելով, որ տարիներ առաջ էլ, երբ Տաթեւի ճոպանուղին են կառուցելիս եղել, Սուրիկ Խաչատրյանը եկել, իրենց ստիպել է, որ գյուղացիները հողի մեկ քառակուսի մետրը 100 դրամով վաճառեն. «Ստից մի թուղթ էր բերել, թե վարչապետը ասել ա տան՝ չտան պիտի վերցնեն, էն ժամանակ էլ խաբել են, հիմի էլ են խաբում»:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Սյունիքի մարզպետարանից հայտնեցին, որ Հալիձորի համայնքապատկան հողերը վաճառվել են, մինչեւ համայնքների խոշորացումը, երբ Տաթեւ համայնքն իր շուրջն է միավորել եւս 7 գյուղերի, որոնց թվում է Հալիձորը, ուստի հարցն ավելի խորը ուսումնասիրություն է պահանջում, ինչի համար ժամանակ է պետք: Մարզպետարանից նաեւ հաստատեցին, որ գնորդներն էլ իրենց հերթին  են նշյալ հողերը վերավաճառել:

Զրուցեցինք նաեւ Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ: Համայնքապետի խոսքով՝ խնդրին տեղյակ է, եկել ուսումնասիրել են, քննարկել են եւ բոլորն էլ տեղյակ են՝ ովքեր են տերերը, ինչ չափով են ստացել, ինչ ձեւով եւ ոչինչ գաղտնի չէ: Սակայն ըստ համայնքապետի, հարցն իր իրավասության ներքո չէ. «Հալիձորի հարցը ժամանակին մի քիչ ճիշտ չէ կատարվել: Գյուղի հետագա զարգացման համար էդ պոտենցիալը չկա, այնտեղ ընդամենը անասնագոմեր են եղել, հիմա մի երկու ընտանիք՝ տուն կառուցած ապրում են, ընդամենը կից հողատարածք է եղել, որը պետք է մնար ֆոնդային հաշվեկշռում, որ երիտասարդ ընտանիքներին հատկացնեինք, որ տուն կառուցեին: Այսօր խոշորացված այս համայնքներից միայն Հալիձորն է, որ ընդլայնվելու հնարավորություն չունի, անգամ գյուղի գերեզմաններն են անտառի մեջ հայտնվել»:

Նշենք, որ Տաթեւն առաջին փուլում խոշորացված համայնքներից է, այն իր շուրջն է միավորել եւս յոթ գյուղեր` Հարժիս, Խոտ, Տանձատափ, Շինուհայր, Հալիձոր, Քաշունի, Սվարանց: Տաթեւ համայնքը խոշորացվել է 2015-2016 թվականներին:

Այս խնդրի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանի պատասխանները կհրապարակենք առաջիկայում: Հետաքրքրվել ենք՝ ե՞րբ են հողատարածքները վաճառվել, ովքե՞ր են տերերը, արդյոք աճուրդ տեղի՞ է ունեցել եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31