Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Վլադիմիր Գասպարյանին քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ է վերաբերվում

Օգոստոս 12,2020 17:20

«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին,  «Ազատության» լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, որովհետեւ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին, իր անցած ուղու շնորհիվ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին:

«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել, որ քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն։ Համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է, պետք է մնար օրենքի շրջանակներում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի եւ նախկին ոստիկանապետի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Վլադիմիր Գասպարյանը, ըստ ռադիոկայանի տեղեկատվության, խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությունը: Մասնավորապես, Սեւանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել եւ սատկացնել»։

Իր հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ իր ոստիկանապետ եղած շրջանում ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է եղել, իսկ 2018-ից հետո վերածվել է քաղաքականացված կառույցի: Ալեն Սիմոնյանը համամիտ չէ նախկին ոստիկանապետի հետ. «Այն բոլոր դեպքերը՝ սկսած տոնածառի պատմությունից, վերջացրած «Սասնա ծռերով», էլեկտրիկ Երեւանի շուրջ տեղի ունեցածի հետ կապված… Իրեն էլ եմ հաճախ դրա մասին ասել, որ ինքը հաճախ վերեւ նայելով Աստծո մասին խոսելիս պետք է նաեւ հասկանա, որ պատասխան է տալու եւ ոչ՝ իշխանությունների առջեւ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31