Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է իմանան բուսական թեյ արտադրողներն ու արտահանողները, որպեսզի ապրանքը մրցունակ լինի

Սեպտեմբեր 09,2020 14:00 Share

Խորհուրդներ միջազգային փորձագետից

Առաջատար փորձագետ Անջելա Փրայսը (Միացյալ Թագավորություն) շարունակական խորհրդատվություն է տրամադրել հայկական արտադրողներին՝ օգնելով նրանց արտադրել միջազգային շուկայի պահանջներին համապատասխան թեյեր եւ ընդլայնել արտահանման ծավալները։ Կարիերայի վաղ փուլում՝ Twinning ընկերության համար աշխատելիս, Անջելան այցելել է թեյի լավագույն պլանտացիաներն ու արտադրամասերը՝ մասնագիտանալով թեյի հումքի գնման ու խառնուրդների պատրաստման գործում։ Ներկայումս նա անհատ խորհրդատու ու որակավորված սոմելյե է, ինչպես նաեւ բարձրակարգ հումքի որոնման, թեյերի համտեսի, համադրման ու մշակման փորձագետ։ Նա հայաստանյան թեյարտադրողներին աջակցում է Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությամբ:

Aravot.am-ը զրուցել է Անջելայի հետ հայկական խոտաբույսերի ու բուսական թեյերի մրցակցային առավելությունների, արտադրության ու արտահանման ներուժի մասին։

-Որո՞նք են Հայաստանի առանձնահատկությունները խոտաբույսերի ու բուսական թեյերի արտադրության ոլորտում։

-Հայաստանում կլիմայական պայմանները հրաշալի հնարավորություն են ստեղծում բազմատեսակ խոտաբույսերի եւ մրգերի աճեցման համար, որոնք բավականին տարբերվում են իրենց համով։ Այստեղ աճում են բուսատեսակներ, որոնք հատուկ են այս տարածաշրջանին, ինչը եւս առավելություն է։ Թե որքանով են դրանք մրցունակ որպես մանրածախ շուկայում վաճառվող բուսական թեյի բաղադրիչ, այլ հարց է, քանի որ որոշ տեսակներ այնքան էլ ծանոթ չեն միջազգային շուկայի գնորդին։ Սակայն, ինչ վերաբերում է բազմազանությանը, միանշանակ, քիչ վայրեր կան, որոնք այդքան հարուստ են բուսատեսակներով, որքան Հայաստանը։

-Որո՞նք են հայկական խոտաբույսերի ու բուսական թեյերի արտադրության ոլորտում առկա հիմնական առավելություններն ու մարտահրավերները:

-Բույսերի օգտակար հատկանիշների մասին խորը գիտելիքը, իսկապես, մեծ առավելություն է։ Հայկական շուկայում խոտաբույսերը վաճառվում են դեղատներում որպես  դեղամիջոց, իսկ այլ երկրներում՝ սուպերմարկետներում, որպես ավանդական թեյի կամ սուրճի այլընտրանք։ Ոչ բոլոր շուկաներն են տեղյակ խոտաբույսերի օգտակար հատկանիշների մասին, իսկ Հայաստանում դրանց մասին իմացել են դարեր շարունակ։ Տեղական շուկայում արտահանման պատրաստվող ընկերությունների համար հիմնական մարտահրավերն է ապահովել, որ իրենց արտադրանքը՝ որպես առողջությունը բարելավող միջոց, իրավականորեն համապատասխանի  մանրածախ շուկայի պահանջներին։ Այս պահանջները վստահեցնում են, որ վաճառվող արտադրանքը չի պարունակում կեղծ տեղեկատվություն կամ չի մոլորեցնում հաճախորդին։ 2019 թ․-ին Առեւտրի միջազգային կենտրոնը հայաստանյան թեյարտադրողների համար կազմակերպել էր սեմինար, որի ընթացքում ներկայացրինք այն պահանջները, որոնց պետք է իրավականորեն համապատասխանի բուժիչ նպատակով արտադրվող տեղական ապրանքը։

-Ինչպե՞ս կգնահատեիք տեղական արտադրանքի մրցունակությունն ու արտահանման ներուժը։

-Հայկական բույսերի արտահանման ներուժը բավականին մեծ է։ Եվրոպական շատ մանրածախ շուկաներում ավանդական սեւ թեյի վաճառքն աստիճանաբար նվազում է, քանի որ սպառողներն ավելի շատ են գնում բուսական ու մրգային թեյեր։ 2013 թ․-ից ի վեր Միացյալ Թագավորությունում, օրինակ, բուսական ու մրգային թեյերի վաճառքը մոտ 30%-ով աճել է, իսկ արժեքը՝ մոտ 50%-ով։ Այժմ հրաշալի ժամանակ է այն ընկերությունների համար, որոնք մտադիր են արտահանել իրենց ապրանքը։

-Կա՞ն որեւէ նոր տեսակներ, որ խորհուրդ կտայիք հայկական արտադրողներին դիտարկել տեղական շուկայի և հատկապես արտահանման համար։

-Կարեւոր է, որ հայկական արտադրողները տեղյակ լինեն, թե ինչպես են խոտաբույսերը վաճառվում միջազգային շուկայում, եւ բացի դրանց օգտակար հատկանիշներից, որոնք ներկայացվում են որպես հիմնական առավելություն, հաշվի առնեն նաեւ այլ գործոններ։ Աշխարհի ամենատարածված եւ սիրված բուսական ըմպելիքներն են երիցուկով ու դաղձով, եւ ապա՝ կիտրոնով ու կոճապղպեղով թեյերը։ Հայկական արտադրողները պետք է տեղյակ լինեն այս մասին, եթե մտադիր են արտահանել իրենց արտադրանքը։

-Ի՞նչ խորհուրդ կտայիք տեղական արտադրողներին, որոնք մտադիր են մուտք գործել միջազգային եւ հատկապես՝ Եվրոպական միության շուկաներ։

-Գրագետ մշակված բրենդինգն ու որակյալ արտադրանքը հավասարաչափ կարեւոր են։ Վստահ եղեք, որ ընկերության բրենդինգն ու արտադրանքի տեսականին հստակ մշակված են եւ արտացոլում են ապրանքի մրցակցային առավելությունները։ Բրենդինգը չափազանց կարեւոր է միջազգային շուկայում հաջողության հասնելու համար։ Որպես դեղամիջոց բուսական թեյ արտադրողները պետք է վստահ լինեն, որ տուփի վրա նշված բաղադրիչներն իրավականորեն համապատասխանում են միջազգային և հատկապես Եվրոպական միության շուկայի պահանջներին։

-Որո՞նք են առավել մրցունակ միջազգային շուկայում՝ բուսական հիմքո՞վ թեյերը, թե՞ բուսական խառնուրդները։

– Կախված է բիզնեսի տեսակից։ Եթե ընկերությունը մասնագիտացած է որպես դեղամիջոց առաջարկվող բուսական թեյերի արտադրության մեջ, ապա մի քանի խոտաբույսերով խառնուրդները, հավանաբար, ավելի  տեղին են։ Եթե բիզնեսը հավելյալ արժեք պարունակող ապրանք է ցանկանում արտադրել եւ մասնագիտացած չէ հենց բուսական խառնուրդների արտադրման գործում, ապա այն կարող է դիտարկել մեկ բուսական հիմքով արտադրանքները։ Այստեղ կարեւոր է իմանալ, որ ներկայումս միջազգային շուկայում ամենատարածված մոնո-թեյերն են երիցուկով, դաղձով, կիտրոնով ու կոճապղպեղով թեյերը։ Մի քանի բույսերի հիմքով արտադրանք ունենալու առավելությունն այն է, որ կարող եք նորարարական մոտեցում ցուցաբերել ու ստեղծել այնպիսի խառնուրդ, որը հատուկ է հենց ձեր բիզնեսին՝ դարձնելով այն մտավոր սեփականություն։ Տարբեր բույսերի խառնուրդը՝ համադրված, օրինակ, չորացրած ծաղկաթերթերով, ավելի գեղեցիկ տեսք կհաղորդեն թեյին։ Չորացրած մրգերի հետ ավելի դժվար է աշխատել, քանի որ խոնավության խնդիր կա։ Մրգերը պետք է պատշաճ կերպով չորացնել, իսկ խոնավության մակարդակը պետք է շատ ցածր լինի։ Որոշ մրգեր թեյին կհաղորդեն ավելի գեղեցիկ տեսք, քան հագեցած բույր։ Ցիտրուսե մրգերն, օրինակ, մյուս մրգերի հետ համեմատած, բավականին հաջող բույր են հաղորդում։ Առավել փափուկ մրգերը՝ օրինակ դեղձն ու ծիրանը, որոնք տարածված են Հայաստանում, հնարավոր է չորացնել ու օգտագործել չոր խառնուրդներում։ Ամենակարեւորն այն է, որ չորացրած մրգի խոնավության աստիճանը շատ ցածր լինի, իսկ չափը՝ բույսի տերեւներին համապատասխան, որպեսզի համասեռ խառնուրդ ստացվի։

-Ո՞րն է որակյալ բուսական թեյ արտադրելու եւ ոլորտում հաջողակ բիզնես վարելու գաղտնիքը։

-Որակի կառավարման չափանիշները կարեւոր են՝ սկսած աճեցումից ու բերքահավաքից։ Որակի կառավումը սկսում է դաշտից։ Տեսակավորումը և չորացման պատշաճ մակարդակն ապահովելը կարեւոր են վերամշակման ընթացքում, ինչպես նաեւ պահեստավորումը՝ ապահովելու համար, որ հումքը պահվի չոր վայրում եւ լույսից հեռու: Արտադրական գործընթացում ռիսկերը կրճատելու նպատակով որակի կառավարման համակարգերի, օրինակ՝ ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետեր, HACCP) համակարգի ներդրումը հրաշալի միջոց է բիզնեսի համար՝ արտադրական ռիսկերը գնահատելու եւ որակը վերահսկելու համար։

-Ինչպիսի՞ դիզայնն ու փաթեթավորումն է համարվում առավել մրցունակ միջազգային շուկայում։

– Թափոնների եւ պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչպես նաեւ վերամշակելիությունը կարեւոր գործոններ են բազմաթիվ սպառողների համար։ Արտադրողները պետք է իմանան, թե ինչ նյութեր են օգտագործվել փաթեթավորման համար, որպեսզի հարկ եղած դեպքում այդ մասին տեղեկացնեն նաեւ գնորդին կամ սպառողին՝ տուփի վրա նշված նշանների միջոցով։ Խոտաբույսերի եւ թեյերի համար կարեւոր է ապահովել խոնավության նվազագույն աստիճան, եւ այստեղ ամենաարդյունավետը դեռեւս պլաստիկն է, թեեւ տեխնոլոգիաները փոխվում են, եւ շուկայում աստիճանաբար սկսում են կիրառել նաեւ բուսական հիմքով պլաստիկ։

-Ի՞նչը կօգնի խթանել հայկական բուսական թեյերի արտահանման ներուժը՝ հաշվի առնելով նաև COVID-19 ճգնաժամը։

-COVID-19 ճգնաժամի ընթացքում տաք ըմպելիքներն ավելի շատ են սպառվել, ինչը հրաշալի նորություն է խոտաբույսերի ու բուսական թեյեր արտադրողների համար։ Մարդիկ ավելի շատ են խմում տաք ըմպելիքներ, քանի որ տանն ավելի շատ ժամանակ են անցկացնում։ Հաշվի առեք սա, եթե մտադիր եք արտահանել ձեր արտադրանքը։

-Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի սպառողը բուսական կամ ավանդական թեյ ընտրելիս։

-Համն ու այն տպավորությունները, որը ստանում եք թեյն ըմպելիս։ Սրանք այն երկու կարեւոր գործոններն են, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Թեյախմությունը հատուկ փորձառություն է, որը վայելում եք օրվա ընթացքում կարճատեւ հանգստի նպատակով։ Թեյը պետք է հրաշալի համ ունենա։ Ավելին, այն պետք է լավ տպավորություններ պարգեւի՝ փաթեթավորումից մինչեւ այն թրմելը։ Եթե զբաղվում եք թեյարտադրությամբ, հաշվի առեք այս երկու գործոնները։ Ինչպիսի՞ն է ձեր արտադրանքի համը, կարիք կա՞ այն բարելավելու։ Ի վերջո, փաթեթավորումն արդարացնո՞ւմ է իրեն։

«Առավոտ» օրաթերթ
08.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930