Շատերս ենք հիշում 2014 թվականի սկանդալը, երբ Կիեւի Մայդանում տեղի ունեցած դեպքերից հետո Մայդանի ակտիվիստները մտան Վիկտոր Յանուկովիչի առանձնատուն, որտեղից նա շտապ փախել էր՝ թողնելով գրեթե ամեն ինչ: Այսօր այդ առանձնատունը հայտնի է որպես «Կոռուպցիայի թանգարան»:
Կիեւի մերձակայքում է գտնվում Մեժիգորյե (ուկրաիներեն՝ Межигір’я ) կոչվող տարածքը, որտեղ 2002-2014 թվականներին ապրել է Ուկրաինայի նախկին նախագահ (2010-2014), ժամանակին նաեւ մի քանի անգամ այդ երկրի վարչապետ եղած (2002-2004, 2004-2005,2006-2007թթ.) Վիկտոր Յանուկովիչը:
Տարածքը պարզապես հսկայական է, զբաղեցնում է 140 հեկտար մակերես: Համեմատության համար ասենք, որ Փարիզում գտնվող նախկին թագավորական այգին՝ Լյուքսեմբուրգի այգին, զբաղեցնում է ընդամենը 26 հա:
Կարդացեք նաև
Այստեղ, բացի Յանուկովիչի առանձնատնից, որն իսկական թագավորական պալատ էր հիշեցնում, գտնվում է մի մեծ ավտոպարկ, որտեղ հավաքված են Յանուկովիչի սովետական եւ արտասահմանյան ռետրո եւ ժամանակակից մեքենաները, մեծ հյուրատուն, կինելոգիական կենտրոն՝ բազմատեսակ շներով, զբոսանավերի նավահանգիստ, ձիանոց, թենիսի կորտ, կենդանաբանական այգի, բազմատեսակ շատրվաններ, խնամված այգիներ…

Իսկ այս շինությունը նախատեսվել է հյուրերի համար: 2014-ին Մայդանի ակտիվիստների կողմից Մեժիգորյեն զավթելուց հետո, այս տանը մոտ մեկ շաբաթ ուսումնասիրել են Յանուկովիչից մնացած փաստաղթղթերը:








Մեժիգորյեի տարածքում հսկողություն են իրականացնում բազմաթիվ զինված անձինք, սակայն այնտեղ տիրում է իդեալական մաքրություն եւ կարգուկանոն: Ինքնակարգավորման հրաշալի օրինակ:
Մեժիգորյեում Յանուկովիչը բնակվել է ոչ թե ընտանիքի՝ կնոջ եւ չափահաս տղաների, այլ՝ սիրուհու՝ Լյուբով Պոլեժայի հետ, որն, ըստ ուկրաինական մամուլի, Յանուկովիչի խոհարարի քույրն է: Տարածքը լքելուց հետո էլ նա Պոլեժայի հետ մեկնել է Մոսկվա: Իսկ որդիներն ու կինը բնակվում են Ղրիմում:
Հսկայական առանձնատան անմիջապես մուտքի մոտ բոուլինգի դահլիճն է, ապա՝ ձմեռային այգին, մի ամբողջ հարկը զբաղեցնում էր մարզասրահը՝ տասնյակից ավելի սարքերով, բռնցքամարտի ռինգով, մերսման սրահը, աղի խուցը, շինության օդափոխման համակարգն ապահովող 7 ֆիլտրանի սարքը, թթվածնային պատիճը, գեղեցկության սրահը, սպա-կենտրոնը… թունելային գաղտնի ճանապարհով անցնում ես դեպի բնակելի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ հյուրասենյակներ, հանգստասենյակներ, կինոսրահ, եկեղեցի եւ այլ սենյակներ: Եվ միայն երկու ննջարան՝ հայելային սիմետրիկ արտապատկերմամբ՝ մեկը Յանուկովիչինը, մյուսը՝ Պոլեժայինը: Յուրաքանչյուր ննջարանն ունի իր լոգասենյակը՝ հեռուստացույցներով եւ այլ հարմարություններով, ինչպես նաեւ՝ իր հսկա հանդերձարանը:






Շենքը, ակտիվիստների կողմից գրավվելուց հետո, բնականաբար, որոշակի կորուստներ է կրել, շատերն են հասցրել շատ բան տանել, թեեւ Պյոտրը պնդում էր, որ արժեքավոր իրերը՝ թանկարժեք նկարներ եւ այլն, ինքը հանձնել է պետական պատկերասրահին: Այսօր էլ շենքում պահպանվում են մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ սպիտակ ռոյալը, շվեյցարական երաժշտական նվագարկղը, անտիկվար չինական սկահակներ, անթիվ-անհամար թանկարժեք ջահեր, մետաքսե գորգեր, շվեյցարական կախովի եւ պատի ժամացույցներ եւ այլն: Տան ներքին հարդարումը մեծ մասամբ ամենաթանկարժեք փայտից է՝ 17 տեսակի, քանի որ փայտը լավագույն շինանյութն է՝ առողջական տեսանկյունից:

Ըստ Պյոտր Օլեյնիկի՝ այս պարսկական մետաքսե գորգի արժեքն առնվազն 25 հազար դոլար է: Շենքի տարածք մուտքը թույլատրված է միայն պոլիէթիլենե մաշիկներով՝ «բախիլներով»

Այս դիմանկարը Լյուբով Պոլեժայի ննջասենյակում էր, որը մեկը՝ մեկին կրկնօրինակն էր շենքի զուգահեռ կողմում գտնվող Վիկտոր Յանուկովիչի ննջարանի: Միակ տարբերությունը հանդերձարանում զարդերի համար նախատեսված դարակների քանակն էր:
Ինքը՝ Պյոտր Օլեյնիկը, որպես ներդրում այդ տանը բազմաթիվ ծաղկատեսակներ է ավելացրել եւ թռչուններ: Ասում է՝ նման հսկա տունը պիտի ձայներ ունենա, մարդ չի բնակվել եւ չի բնակվում, գոնե թռչունները ձայներ հանեն:


Պյոտրը պատմում էր, որ Յանուկովիչն օրվա մեջ պարտադիր մեկ ժամ անցկացնում էր աղի սենյակում: Նա նաեւ պնդում է, որ նման սենյակներ պետք է լինեն բոլոր մանկապարտեզներում՝ բրոնխիալ ասթման երեխաների շրջանում վերացնելու համար:

Այս մարզասարքերը գրեթե օգտագործված չէին, ոչ Յանուկովիչն էր այստեղ մարզվում, ոչ սիրուհին, ոչ աշխատակիցները:




Մեժիգորյեի եւ այնտեղի ներկայիս տերերի՝ ինքնակարգավորվող «Ինքնապաշտպանների» մասին կարելի է դեռ երկար պատմել, սակայն, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Առաջարկում եմ երբեւէ Կիեւում գտնվելու պարագայում այցելել «Մեժիգորյե ազգային պարկը», տեսնել այն եւ մեկ անգամ եւս խորհել պետականորեն ծավալվող կոռուպցիայի եւ «Կյանքն աստիճան է, մի օր վերեւում ես, մի օր՝ հատակին» ասացվածքի մասին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
























































































