Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները չեն ուզում մնալ «այ ըմ թեյբլ»-ի մակարդակին. խտրականությո՞ւն, թե՞ ուսուցում բոլորի համար

Սեպտեմբեր 18,2020 23:35

Որպես լրագրող շատ էի այցելել քրեակատարողական հիմնարկներ, բայց չգիտեմ ինչու, բանտը ինձ թվում էր մի խավար ու մութ աշխարհ: 5 տարի 4 ամիս գտնվելով անազատության մեջ՝ համոզվեցի, որ այդ խավարի աշխարհում հայտնված ամեն ոք կարող է փնտրել ու գտնել նաեւ լույս՝ գիտելիք ու կրթություն: Անկեղծ զարմացա՝ տեղեկանալով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում դասընթացներ են կազմակերպվում ու ցանկության դեպքում կարող ես ընդգրկվել: Դիմում գրեցի անգլերեն լեզվի դասընթացում ընդգրկվելու համար: Մերժեցին՝ պատճառաբանելով, որ տեղ չկա, խմբերը գերծանրաբեռնված են, սպասել է պետք:

Փոխարենը հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորմամբ ԲՈւՀ-ն ավարտածիս առաջարկեցին ընդգրկվել հայոց լեզվի ուսուցման խմբակում: Բնականաբար, այս անգամ էլ ես մերժեցի:

Ինչեւէ, կրթական ծրագրերն անհրաժեշտ են քրեակատարողական հիմնարկներում, բայց դրանք չպիտի պարտադրված ծրագրեր լինեն: Պետք է հաշվի առնել նաեւ անազատության մեջ գտնվող անձանց առաջարկները ու բարելավել ուսուցման որակը՝ ավելի շատ տեղ տալով նեղ մասնագիտական կրթությանն ու օտար լեզուների ուսուցմանը:

Անհասցե ծնունդ չէր, բայց …

2016 թվականի ամառային շոգ օրը՝ հունիսի 24-ը կտրուկ փոխեց 16-ամյա Սերյոժա Համբարձումյանի կյանքը: Վիճեց իրենից տարիքով ավագ ծանոթի հետ: Բռունցքների ու ոտքի հարվածները փոխարինեց քարերի տեղատարափով: Այդ պահին ուղեղին ոչ մի բան հասու չէր, ուղեղը մթագնած էր: Մի քանի բաժակ խմել էր: «Ինքնասիրությանս էր կպել, քրֆեց ինձ: Ես էլ չհասկացա՝ ինչ կատարվեց հետս ու ինչ արեցի»,- դեպքից 4 տարի անց հիշում է Սերյոժան:

ՏԵՂԵԿԱՆՔ: Սերյոժա Համբարձումյան. 20 տարեկան. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ-ի հունիսի 2-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշով` սպանություն եւ 112 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Վերջնական պատիժ է սահմանվել 9 տարվա ազատազրկում: Պատժի սկիզբը՝ 2016թ.-ի հունիսի 24-ից: Այժմ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ:

Ծնողների հետ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում էր ապրում: Հայրն ու մայրն անասնապահությամբ էին զբաղվում, շատ ժամանակ սարերում էին մնում, ու այդ հանգամանքից օգտվելով՝ Սերյոժան դպրոց չէր հաճախում: 5-րդ դասարանի աշակերտ էր, երբ ծնողների հետ մշտական բնակության մեկնեցին Ռուսաստան: Ուսումը կիսատ մնաց: Այնտեղ էլ ընտանիքը չհարմարվեց ու վերադարձան Հայաստան: Հոր հետ վեճերը հաճախակի էին դարձել ու Սերյոժան նախընտրում էր դրսում մնալ, քան գիշերել տանը: «Անհասցե ծնունդ չէի, առաջնեկն էի, բայց դարձա՝ անհասցե ծնված: «Նաբերեժնի» էի քնում՝ մի օր սոված, մի օր՝ խմած, էնքան ա՝ որ օրս անցներ»,-ասում է Սերյոժան:

«Թեյքվանդո» սպորտաձեւով է զբաղվել, երազանք ունենալով հայկական եռագույնը ծածանել աշխարհի տարբեր ծայրերում: Ռինգի փոխարեն մշտական բնակության տեղ դարձավ «Աբովյան», հետո` «Արմավիր» ՔԿՀ-ն: Այստեղ էլ առաջարկեցին կրթություն ստանալ: «Ի՞նչ սովորել, ներվերս չէր հերիքում: Տատս ասում էր՝ մարտին ես ծնվել, էդ ամսվա նման գիժ ես»,-հիշում է Սերյոժան:

Սերյոժա Համբարձումյան

ՔԿՀ-ի զբոսաբակում ամեն օր մարզվում էր: Մի օր էլ մարզվելիս՝ ինքն իրեն պատկերացրեց ուժեղ մարզիկ, մտածելով՝ հո՞ անգրագետ չի մնա: Համաձայնեց մասնակցել դասերին: «Տառերը կամաց-կամաց վերհիշեցի, սովորեցի: Հետո բարդանում, դժվարանում էին դասերը, բայց դասատուները հույս էին տալիս: Էդքան ճանապարհ կտրում՝ հասնում էին բանտ, ո՞նց չսովորեի»,-ասում է Սերյոժան:

Հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն, կենսաբանություն եւ այն բոլոր առարկաները, որոնք ուսուցանում են հանրակրթական դպրոցում: Ճիշտ է՝ բանտային հիմնական դպրոցի միակ աշակերտն էր, այնքան էլ ուշիմ չէր, բայց յուրացրեց պահանջվող չափորոշիչները: Համավարակի հետ կապված դասերը փոխարինվեցին առցանց, հաջողությամբ էլ հանձնեց քննական թեստերն ու ստացավ հիմնական կրթությունը հավաստող փաստաթուղթ: «Դեռ 5 տարի էս կողմերում եմ՝ անազատության մեջ: Գոնե մարզական վիճակս կայուն կպահեմ, մինչեւ ազատվեմ: Հաստատ ուսումս կշարունակեմ: Գիր սիրե, դավթար սիրե, ղալամ սիրե՝ Սայաթ Նովային եմ հիշում ու Միքայել Նալբանդյանի «Ազատությունը»: Քննական թեստերում կար: Ազատություն սիրողի ճանապարհը փշոտ է: Գիտեմ, որ խոսքը էս իմ կյանքի անազատության մասին չէ, բայց ազատության հասնելու միակ ուղին՝ վերափոխվելն է, իսկ ատեստատ ստանալը, այսինքն` կրթվելն՝ այդ ուղղման առաջին քայլն էր»,-վստահ է դատապարտյալը:

Սովորել, սովորել, սովորել

Դատապարտյալ Ռոբերտ Հովհաննիսյանն էլ Սերյոժայի պես մեսրոպյան տառերը ՔԿՀ-ում է սերտել՝ 26 տարեկանում: Բայց արդեն Ռոբերտը ստացած կրթական վկայականներն է հաշվում:

«Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց….մի քանիսն էլ տանն են: Համակարգիչ, բիզնես գրագիտություն, դեկորատիվ կիրառական արվեստ, խեցեգործություն, անգլերեն…Ժամանակին որ սովորած լինեի՝ բանտում չէի հայտնվի»,-համոզված է Ռոբերտը:

ՏԵՂԵԿԱՆՔ. Ռոբերտ Հովհաննիսյան. 29 տարեկան: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ-ի ապրիլի 15-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 –րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետի՝ գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի՝ գողությունը, որը կատարվել բնակարան ապօրինի մուտք գործելով հատկանիշներով : Դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով: Պատժի սկիզբը՝ 2014թ-ի սեպտեմբերի 22-ից։ Այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ:

Ռոբերտը չի հոգնում սովորելուց: Դասերի օրերին սրտատրոփ ու անհամբերությամբ է սպասում: Վերցնում է փոքրիկ պայուսակն ու նախատեսված ժամից շուտ՝ շտապում գրադարան: Կարդում է, փնտրում՝ փորձելով բացահայտել նոր բան, մինչեւ ուսուցիչները կգան:

Ռոբերտ Հովհաննիսյան

«Տեղում չեմ դոփում, առաջընթաց եմ ուզում, ավել գիտելիքը մարդուն չի սպանի, իսկ անգրագիտությունը հաստատ կսպանի»,-համոզված է նա: Օրինապահ վարքագիծ դրսեւորելու, դասընթացներին ակտիվ մասնակցելու, ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու, ինչպես նաեւ դասերին պարտաճանաչ հաճախելու համար՝ 2019թ-ի հունիսին արժանացել է ՔԿՀ-ի պետի խրախուսանքին:

Ռոբերտ Հովհաննիսյան

«Տարիներ առաջ ես էի մարդ ման գալիս, համոզում՝ որպեսզի գան դասընթացների, որ խմբերը լրանան: Հիմա նույնիսկ խմբերում տեղ չկա, նախապես պիտի հերթագրվես: Ափսոսում եմ, որ դատապարտյալների մեծ մասը գալիս է դասերի՝ միավոր ստանալու համար, այլ ոչ թե գիտելիք: Դասընթացների ամբողջական կուրսը սովորելու դեպքում պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամանակ 3 միավոր է հաշվարկվում»,-ասում է Ռոբերտը՝ ժպտալով ավելացնում, որ նրան դասերը 3 միավոր են տվել, խրախուսանքը՝ եւս լրացուցիչ 3 միավոր: Դեռ չգիտի ազատվելուց հետո այդքան վկայականներով կկարողանա՞ ուսումը շարունակել որեւէ տեղ, բայց հաստատ կայուն գիտելիքների պաշար մի քանի ոլորտներից ունի:

Ու՞մ կամ ինչի՞ն են պետք վկայականները

Նախկին դատապարտյալ Ա.Ղ.-ն այս տարվա ամռանն է ազատվել: Մասնակցել է քրեակատարողական հիմնարկում կազմակերպված դասընթացներին՝ համակարգչային գիտելիքներ եւ անգլերեն: Ունի վկայականներ, բայց երկու ամիս է՝ չի կարողանում աշխատանք գտնել: «Լավ կլինի՝ դասընթացների տեւողությունը ոչ թե 68, 72, 53 կամ 20 ակադեմիական ժամ լինեին, այլ երկու-երեք տարի: Ենթադրենք ես դատապարտվել եմ 3-ից ավելի տարի, համակարգչային հմտություններին տիրապետելու համար պետք է ասենք 2-3 տարի, գնամ սովորեմ, ինձ տան դիպլոմ, որ արդեն դրսում կարողանամ աշխատեմ, չասեն դատված ես՝ գործ չկա»,-ասում է Ա-ն:

Քրեակատարողական հիմնարկներում դասընթացները կազմակերպելն ու վերահսկողության գործառույթը վերապահված է արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին: Վերջինիս տնօրեն Աշոտ Հայրապետյանը մեր գրավոր հարցմանը ի պատասխան նշել էր, որ եղել են դեպքեր, երբ ծրագրի մասնակիցները կրթությունը շարունակել են բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում: Մասնավորապես, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայում, Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, քանի որ «Դեկորատիվ կիրառական արվեստ» դասընթացն ավարտած անձինք կարողացել են մասնագիտորեն կողմնորոշվել եւ ընդունելության համար պարտադիր անհատական աշխատանք պատրաստել՝ ներկայացնելով ընդունող հանձնաժողովին:

Նույն դասընթացն ավարտող անձինք կարող են աշխատանքի անցնել կերամիկական արտադրությամբ զբաղվող ընկերությունում կամ անձամբ պատրաստել դեկորատիվ կիրառական իրեր՝ զարդեր, նկարներ, կավե ափսեներ, բաժակներ եւ այլն՝ դրանք հանելով վաճառքի, այսինքն` զբաղվել անհատ ձեռնարկատիրությամբ:

 

Հայկական նախշերի գաղտնիքը՝ պարսիկ երեխաներին….

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Սեթրակ Եբրահիմին ցույց է տալիս հայերեն լեզվով ստացած իր խոսքով առայժմ միակ վկայականը: «Չգիտեմ քանի տարի կդատեն, բայց էլի եմ ուզում դասերի գնալ: Համ ժամանակ կա, համ էլ հավես ա»,-ասում է արմատներով հայ Սեթրակը:

ՏԵՂԵԿԱՆՔ. Սեթրակ Եբրահիմի. 37 տարեկան : «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ: Մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա Իրանից մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց եւ փորձել է մաքսանենգությամբ հիշյալ թմրամիջոցը տեղափոխել Կանադա: Անազատության մեջ է 2019 թ-ի հունվարի 10-ից:

Սեթրակ Եբրահիմի

«Ես պարսիկ չեմ, պարսկահայ եմ, պապս Թավրիզում հայտնի Մելիքսայիդն է (Մելիքսեթ)»,-ասում է նա: Մինչ անազատության մեջ հայտնվելը Թավրիզում անշարժ գույքի գործակալ է աշխատել: Հողատարածք էր գտնում, տուն կառուցում ու վաճառում: «Հիմա եթե գործ չճարեմ՝ բոստանում կնստեմ, կավից՝ աման, բաժակ ծաղկաման, մոխրաման կսարքեմ, կծախեմ»,-ասում է Սեթրակը՝ վստահեցնելով, որ խեցեգործության դասատուն գոհ է իր պատրաստած դեկորատիվ իրերից:

Սեթրակը ցանկություն ունի նաեւ պարսիկ երեխաներին ուսուցանել խեցեգործություն: «Մեր հայկական նախշերն էլ կսովորեցնեմ: Երեխեքին կհավաքեմ ու կբացատրեմ ոնց սարքեն»,-ասում է նա:

Սեթրակը հոժարակամ է պարսկերեն սովորեցնելու այն հայ դատապարտյալներին, ովքեր կուզեն: «Ինչքան լեզու գիտես` էնքան մարդ ես, համ էլ պարսկերեն իմանալը հայերին պետք է: Հայաստանին սահմանակից ա, վաղը մյուս օրը հազար հարց կարող ա լինի»,-ենթադրում է Սեթրակը:

Սեթրակ Եբրահիմի

Հայոց ու անգլերեն լեզուների դասընթացներին է ուզում մասնակցել: Հայերեն խոսում է, բայց գրել-կարդալ չգիտի: Կսովորի ու անգլերենը կկատարելագործի: «Շատ պարսիկներ, այլազգիներ են ուզում դասի գնան, վնաս չի, լավ բաներ են մեզ ասում: Հետո մի բան էլ է լավ, որ չեն ասում դու թուրք ես, դու՝ պարսիկ, դու` պակիստանցի, պիտի չսովորես: Տարբերություն չեն դնում: Ախպե’ր, ուզում ես, արի’ գլուխդ լցրու, մի բան ավել իմացի»,-եզրափակում է Սեթրակը:

Ինչ սովորել, քոնը՝ ավելն ու «սավոկն» է

Քրեակատարողական հիմնարկներում դասընթացներին մասնակցող հայ եւ օտարերկրացի դատապարտված եւ կալանավորված անձանց միջեւ եթե տարբերություն չի դրվում, ապա նույնը չես կարող ասել պատիժ կրող այն անձանց մասին, որոնք քրեական ենթամշակույթի չգրված կանոնների համաձայն` հայտնվել են սեռական այլ կողմնորոշում ունեցող դատապարտյալների խցերում: Այստեղ հայտնվում են ոչ միայն նման հակում ունեցող մարդիկ, այլ նրանք, ովքեր համարձակվել են «չոռ» ասել «զոն նայողին»` չենթարկվելով նրան:

50-ամյա Ս.Հ-ն պատմում է, որ իր կամքով տարիներ առաջ է դիմում գրել՝ ցանկանալով ապրել նման մարդկանց հետ: «Չէի կարողանում խաղայի, փող չունեի: Մտա՝ որ օբշակ փող չմուծեմ»,-ասում է զրուցակիցս: 3 ամիս առաջ դիմում է գրել, որ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվի կիսաբաց ուղղիչ հիմնարկ: Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է՝ պատճառաբանելով, որ վարքագծում դրական փոփոխություն չկա, ավելի կոնկրետ՝ դասընթացների չի մասնակցել: «Նենց չի՝ որ չեմ ուզում մասնակցել դասերի, որ չմնամ «այ ըմ թեյբլ» աստիճանին, բայց սոցիալ-հոգեբանը դասերին մասնակցելու դիմումը չի վերցրել: Ասել ա՝ քոնն ավելն ու սավոկն ա, վերցրու՝ տարածքները մաքրի, մեկ ա՝ մերժելու են»,-ասաց Ս. Հ-ն: Այս պարագայում նա չի կարողանում հասկանալ, էլ ո՞նց վարքագծային փոփոխություն արձանագրի:

Նույն կարգավիճակում հայտնված Մ. Թ.-ին հաջողվել է իր իրավունքների համար պայքարել, ընդգրկվել անգլերեն լեզվի դասընթացում, բայց չի մասնակցել, քանի որ նրան տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ՝ «Դատապարտյալների հիվանդանոց»: Ցմահ դատապարտյալներից մեկին նույնպես ընդգրկել են դասընթացներում՝ իր խոսքով «լավ շնորհք ունենալու համար»: Ճիշտ է, խմբի դատապարտյալները համարյա չէին շփվում նրա հետ, մեկ-երկու հոգի, բայց նա ուշադրություն չի դարձնում ոչ մի բանի վրա: «Պատրաստում եմ դեկորատիվ իրեր, ցուցահանդեսների մասնակցում, նաեւ վաճառում: Մնացածը՝ իրենց գործն է, չեն ուզում՝ թող իմ կպած գործիքներով չաշխատեն»,-ասաց ցմահ դատապարտյալը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկներ դիտորդական այցերի ժամանակ, դատապարտյալները բարձրաձայնել են խնդրի մասին, սակայն վարչակազմը հերքել է: «Վարչակազմը պնդել է, որ նրանք սահմանափակում չեն դնում: Բոլոր ցանկացողները կարող են ընդգրկվել դասընթացներում: Բայց փաստ է՝ խնդիրը կա, խտրական վերաբերմունքը առկա է, իսկ կալանավայրերի վարչակազմը չի ցանկանում ընդունել իրողությունը»,-ասաց Ն. Հովհաննիսյանը:

Գողական չգրված կանոնների համաձայն ՝այսօրինակ լուսանցքում հայտնված պատիժ կրող անձինք բազմիցս փորձել են աղաղակել իրենց կրթական իրավունքի վերականգնման համար: Օգոստոսին նրանց առաջարկել են դիմում գրել, կազմել առանձին խումբ: «Բայց էլի խտրական վերաբերմունք է, ստացվում է մատնացույց են անում մեզ, որ մենք ուրիշ կատեգորիա ենք»,-ասում են նրանք՝ նշելով, որ չեն համաձայնել:

 

…որ չխամրի լույսը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Մայր օրենքի 29-րդ հոդվածով էլ սահմանված է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Մարդու իրավունքներից բխող գեղեցիկ ձեւակերպումներ կան նաեւ ՀՀ «Քրեակատարողական օրենսգրքում»: Մասնավորապես, դատապարտյալը իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի, մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության իրավունք ունի: Նույնիսկ խրախուսվում է մարդասիրության սկզբունքը: Օրենքի առջեւ բոլոր դատապարտյալներն են հավասար: Նույն օրենսգրքով՝ «ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական եւ հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար, ինչպես նաեւ ուղղիչ հիմնարկում կարող է կազմակերպվել դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որպեսզի աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները»:

Օրենսդրության պահանջներից ելնելով՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթական ծրագրերը, ի սկզբանե հիանալի են: Դրանք հնարավորություն են տալիս պատիժը կրող մարդկանց կրթվելու, աշխարհայացք փոխելու, մտավոր զարգանալու, ինչը նրանք չեն կարողացել իրացնել տարբեր պատճառներով: Սակայն հիանալին ու լավը խամրում են, երբ խտրականությունն է դրվում այլոց նկատմամբ, այն դեպքում, որ բոլորը նույն իրավունքներն ունեն, միաժամանակ՝ սովորելու ցանկություն: Ըստ այդմ, ոլորտի պատասխանատուները պիտի միջոցներ ձեռնարկեն, որ խավարի մեջ այդ լույսը՝ կրթության լույսը պայծառ ու անմար լինի բոլորի համար: Այն, ինչ ստացվում է, անգամ մեկ լամպի խամրածությունը, ասել է թե՝ մեկ դատապարտյալին չընդգրկելը կրթական ծրագրում՝ մթագնում է ողջ լուսավորությունը…..

Հ. Գ. Վերոնշյալ բոլոր դատապարտյալ եւ կալանավորված անձինք տվել են իրենց համաձայնությունը՝ անձնական տվյալների եւ լուսանկարների հրապարակման համար: Լուսանկարների մի մասը մեզ է տրամադրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Արմենակ /Արմեն/ Դավթյան

Լրագրող, նախկին դատապարտյալ,

պայմանական վաղաժամկետ ազատվել է ս/թ սեպտեմբերի 4-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930