Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարամիտ լուծում․ ինչպես են Գյումրու թիվ 10 դպրոցը հարմարեցրել կորոնավիրուսային պայմաններին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 23,2020 21:12

Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում, որի շենքը բավական մեծ է, կորոնավիրուսային իրավիճակում դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու, սահմանված նորմերն ապահովելու նպատակով հնարամիտ լուծումներ են գտել։

Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանն ասաց․ «Մենք եկանք այն եզրակացության, որ առաջին դասարանի ուսումնառությունը պիտի լինի անընդհատ, այսինքն չպետք է բաժանվեն խմբերի, ու երեխաները չպետք է դպրոց հաճախեն օրումեջ, հետևաբար ստեղծեցինք պայմաններ, որպեսզի առաջին դասարանի երեխաները դասի գան ամեն օր, շաբաթական վեց օր։ Մեծացրել ենք մեկ դասարան, այն 40 քառակուսի մետր էր, միջնապատը քանդել ենք, հանգստյան սենյակը միավորել դասարանին, այն դարձրել ենք 62 քառակուսի մետր, որպեսզի համապատասխանեցնենք այն չափորոշիչներին, որով և կարելի էր կազմակերպել առաջին դասարանցիների ուսումնառության գործընթացը»։

Մենք տնօրենից նաև հետաքրքրվեցինք, թե ստացվո՞ւմ է հակահամաճարակային կանոնների պահպանումը, երեխաները չեն հոգնո՞ւմ դիմակներից, չկա՞ն բողոքներ այդ թեմայով։

«Ասեմ, որ ծնողներն էլ, երեխաներն էլ ըմբռնումով են մոտենում այդ հարցին, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ հակահամաճարակային կանոնները պահպանելուց է կախված դպրոց հաճախել-չհաճախելու հարցը։ Հենց այդ պատճառով էլ գիտակցաբար կրում են դիմակները, ախտահանում են ձեռքերը, ամեն առավոտյան ջերմաչափվում են», -ասաց տնօրենը։

Մենք հետաքրքրվեցինք, թե չե՞ն եղել դեպքեր, երբ երեխաները վատ զգան դիմակ կրելուց, ուշաթափվեն․ «Փառք Աստծո, մեր դպրոցում նման դեպքեր չենք ունեցել, երեխաները սնունդ են բերում իրենց հետ, այդ մի պահը հանում են, ուտում են, այդ ժամանակ մի պահ օդափոխվում են ու նորից կրում են դիմակները»։

Լիանա Վարդանյանն ասաց, որ ծնողներից կտրուկ դժգոհություններ երեխաների դիմակներ կրելու հետ կապված չեն լսել, սակայն մտահոգություններ հնչում են դիմակ կրելու հետևանքների կամ անվտանգության շուրջ։

Ի դեպ, այս դպրոցում նախորդ տարվա հետ համեմատ 45-ով ավելացել է աշակերտների թիվը, այժմ ունեն 232 աշակերտ և 47 նախակրթարանի սան։ Ըստ տնօրենի, ավելացել է թե ՛ առաջին դասարան հաճախողների թիվը , և թե ՛միջին օղակում սովորողների․ այլ դպրոցներից տեղափոխվել են իրենց մոտ։

«Չեմ կարող ասել՝ ինչի հետ է պայմանավորված․ միգուցե այն ձևափոխումների և վերանորոգումների հետ, որոնք դպրոցում իրականացվել են, միգուցե սահմանների փակ լինելու հետ․ արտագաղթ չկա։ Գիտեմ աշակերտների, որոնք այս պահին ընդունվել են դպրոց, բայց սպասում են՝ երբ են բացվելու սահմանները, որ գնան, բայց այդ դեպքերը քիչ են՝ մեկ-երկու հոգի»,- ասաց Լիանա Վարդանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930