Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թվով հայեր Մոսկվայից ու Կրասնոդարից շտապում են վերադառնալ հայրենիք՝ մեկնելու ռազմաճակատ

Սեպտեմբեր 28,2020 19:10

Ապրիլյան պատերազմին նահատակված գյումրեցի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, որ գլխավորում է «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը, մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան հեռախոսազանգեր է  ստացել և՛ Մոսկվայից, և՛ Կրասնոդարից․ մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել անհապաղ վերադառնալ հայրենիք։ Հեռախոսազանգ հնչել է նաև Ախալքալակի մեր հայրենակիցներից, որոնք  գյուղմթերք են հավաքել՝ ռազմաճակատ ուղարկելու։

«Որ ասում եմ մեր ժողովուրդը՝ 2000-ից ավելի մարդկանց խմբերի մասին է խոսքը։ Կրասնոդարից ուզում են ինքնաթիռներով գալ  հայրենիք, պատրաստի ամեն ինչով, ասում են՝ մեզ զենքից բացի ոչինչ պետք չէ, գանք ու գնանք ռազմաճակատ։ Մոսկվայից փորձում են առաջին բուժօգնությանն անհրաժեշտ  դեղորայք ուղարկել։ Իսկ Ախալքալաքի ժողովուրդը «ֆուռերով»  առավոտյան զանգահարել  էին ու ասում էին, որ կարտոֆիլ, կաղամբ, ցորեն, առաջին բուժօգնության պարագաներ, անվադողեր են հավաքել։ Ասում են՝ պիտի հասնի մաքսատուն ու գնա բանակին։ Ամբողջ Ախալքալաքը՝ ողջ համայնքի մեծությամբ, կանգնած է մեր թիկունքին։ Փորձում ենք ՊՆ-ի հետ ճշտել նաև այդ հարցերը, թե ինչպես կարող ենք մաքսազերծման խնդիր չունենալ։ Այսինքն` իրենք կարողանան բերել ու տրամադրել բանակին»,-ասաց Ժորա Աբգարյանը։

Նա նշում է, որ դրսում ապրող հայերին պիտի օգնել, որ տեղափոխվեն հայրենիք։

«Մեծ թվով մարդկանց մասին է խոսքը, բոլորն իրար հետ նույն տեղում են քնում՝ սպասելով՝ երբ պիտի լինի պահը, որ գան, էլ չգնան տուն, պատրաստի գան Հայաստան», ասաց մեր զրուցակիցը։

Ժորա Աբգարյանը նաև նշեց, որ թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում ապաստանների հարց են լուծում, օրինակ՝ հյուրանոցներ, տարածքներ են վերցնում՝ ինչպես դրսից եկող հայերի համար, որոնք հնարավոր է  գան հայրենիք՝ օգնելու, սակայն տուն չունենան, և՛ Արցախի բնակիչների, որոնք ժամանակավոր տարհանման կարիք ունենան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930