Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք և պատերազմը. ինչո՞ւ են կանայք ընտրում ռազմական ոլորտը

Հոկտեմբեր 02,2020 21:12

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմին մասնակցում են հարյուրավոր կանայք, զոհված հայ նահատակների շարքում կան կին հերոսներ, հայ կանայք մասնակցել են նաև Արցախյան պատերազմին:

Կանայք և պատերազմը: Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում այս անգամ փորձեցինք բացահայտել կնոջ կերպարը ռազմական գործողություններում, ռազմական գործի և ընտանիքի համատեղման ու այլ հարցերի համատեքստում: Հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարը պատմական բազմաթիվ դրվագներում զուգակցվել է հայ կնոջ մեկ այլ՝ խիզախ և քաջ կերպարի հետ։ Օրինակ, «Անահիտ» հեքիաթը, որտեղ հայ կինը ներկայացվում է ոչ միայն որպես գեղեցիկ և աշխատասեր տնային տնտեսուհի, այլև ոգեշնչում ու առաջնորդում է մի ողջ զորքի: Առավել հայտնի պատմական հերոսուհիներից կարելի է առանձնացնել Սոսե մայրիկին (Սոսե Վարդանյան), Գևորդ Չաուշի կնոջը՝ Հեղինեին, ինչպես նաև Մարիամ Չիլինգարյանին (Մարիամը մասնակցել է 1915 թ. Ուրֆայի հայերի հեղափոխության՝ որպես խմբի ղեկավար: Լավ ռմբակոծիչների խմբի անդամ էր), Ագուլինե Թաթուլյանին (այն ինը կանանցից մեկն էր, ում հաջողվեց փրկվել պաշարված Հաճնից) և այլոց: Ստացվում է, որ որոշ իրավիճակներ և իրադարձություններ կարող են կնոջը դրդել հրաժարվելու կանացիության և նրբության դոգմաներից, կոտրելու կարծրատիպերը և դեմ գնալու ընդունված նորմերին։

Aravot.am-ը կլինիկական հոգեբան Եվա Օհանյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ որքանո՞վ է կնոջ հոգեկերտվածքը համահունչ ռազմական գործին: Նա նշեց. «Հայ կնոջ և ընդհանրապես մեր ազգի արքետիպի մեջ այդ ռազմական և պայքարող ոգին նստած է՝ մեծից մինչև փոքր: Եվ երբ ես աշխատել եմ կանանց հետ, որոնք եղել են ՀՀ ՊՆ Վազեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սաներ և պատրաստվում էին մեկնել ռազմաճակատ, նույնիսկ պետք է հրամանատարի պարտականությունները կատարեին, ոչ բոլորն էին այդ պահին պատրաստ: Իրենց մեկնելուց մեկ շաբաթ, տասն օր առաջ մենք աշխատում էինք նրանց հետ, դա բնական է, քանի որ երբ իրենք ընդունվում են այդ համալսարան, գուցե այդ ժամանակ չեն գիտակցում՝ որտեղ են իրենք և  ինչ է իրենց սպասվում, քանի որ շատ դեպքերում սա կարող է ընտանիքից իրենց կտրել, հասկանալի չէ, թե որտեղ կարող են իրենց նշանակել, բայց հետագայում, երբ անցնում է ճգնաժամը, և իրենք մտնում են այդ դերի մեջ, հասկանալով ողջ պարտականությունը՝ պայքարող կնոջ կերպարն արթնանում է և հրաշալի կատարում այդ գործը»:

Հոգեբանը պատահական չհամարեց, որ այժմ էլ՝ պատերազմական այս իրավիճակում, գրեթե բոլոր կանայք պատրաստ են գնալ ռազմաճակատ, քանի որ սա նաև պաշտպանողական նպատակ ունի, այդ ոգին, որը մեզ միավորում և պաշտպանում է, ինչի հաշվին մենք անպայման հաղթելու ենք: Հարցին՝ կնոջ հոգեկերտվածքը, մայրական բնազդը հատկապես պատերազմական իրավիճակներում ինչպե՞ս կարող է օգնել, նա պատասխանեց. «Այս օրերին մենք աշխատում ենք շատ կանանց հետ, որոնց եղբայրները, ամուսինները, որդիները գտնվում են ռազմաճակատում և ոչ մի լուր չունեն, բայց այդ պաշտպանողական բնազդը՝ պաշտպանել սերունդը, զավակին, արթնանում է ոչ թե որպես ագրեսիա, այլ հոգի, ինչպես ասում են դուխ տալու: Շատ-շատերն այդ կանանցից, որոնք հիմա ունեն որդիներ, եղբայրներ ամուսիններ ռազմաճակատում, իրենք  էլ են պատրաստ գնալ այնտեղ առանց վախենալու: Բացարձակ վախ չեմ տեսնում մեր հայ կանանց մեջ»:

Հոգեբանը չի բացառում, որ պատերազմի ավարտից հետո գործ կունենանք հետտրավմատիկ սթրեսների հետ, բայց այս պահին վախը բացակայում է: Մեր հիշեցմանը՝ կարծիք կա, որ կանայք լավ դիպուկահարներ են՝ ուրիշ ի՞նչ ոլորտներում են նրանք հաջողում՝ ելնելով իրենց խառնվածքից, Եվա Օհանյանը պատասխանեց. «Կանայք ավելի ուշադիր են, որովհետև դա էլ է մայրական բնազդ, որ ինքն ուշադիր է իր զավակների նկատմամբ, որ երեխան չընկնի, որ երեխային ոչինչ չպատահի: Մանավանդ մեր հայ կնոջ մոտ դա շատ լավ արտահայտված է, դրա համար էլ լավ դիպուկահարներ են: Մեր կանայք ունիվերսալ են, քանի որ մենք սովոր ենք դժվարությունների մեջ ապրել և դրանք հաղթահարել, և դրանք ոչ թե մեզ ընկճում են, այլ հակառակը, դարձնում ունիվերսալ: Կարող է կինը լինել գիտնական, դասախոս, գիտությունների թեկնածու, բայց հիմա կարող է կատարել խոհարարի, մաքրուհու, դիպուկահարի գործ՝ պաշտպանելով զինվորին»:

Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ ռազմական ոլորտի կանանց հետ աշխատանքի փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ ինչո՞ւ են նրանք նման որոշում կայացնում, նա պատասխանեց. «Պատճառներից մեկն այն է, որ նրանք  ազատամարտիկների դուստրեր են, իրենց դա գենետիկորեն փոխանցվել է, մյուսների համար ռոմանտիկ վիճակ է, լինել կին հրամանատար, մյուսի հոգեկառուցվածքն է այդպիսին՝ մարդու տեսակը, մեր հայերի մեջ նման տեսակ շատ կա, քանի որ հարյուր տարի է մենք ապրում ենք այդ վիճակում, քանի որ պաշտպանական մեխանիզմները մեզ մոտ վառ արտահայտված են»:

«Կանայք ռազմական ոլորտում» հետազոտական ծրագրում ներկայացված են որոշ պատմություններ, թե ինչպես և ինչու են կանայք հայտնվում ռազմական ոլորտում: Երբեմն նաև այլընտրանքային աշխատանքների բացակայությունն է կնոջը դրդում ընտրել այս ոլորտը: Ներկայացնում ենք հետազոտությունից վերցված որոշ տեսակետներ, որոնք առանձնացվել են զինվորական կանանց հետ զրույցներում:  «Որ գործ չկար, ճիշտն ասած, ստիպված եմ եկել բանակ, որ փող աշխատեմ, երեխուս պահեմ»: Մեկ այլ կին զինվորական ասում է. «Ասեմ, որ էն ժամանակները… դե քանի որ իմ երեխաների խնամքը ինձ վրա էր, ընտանիքում ֆինանսական ճգնաժամ էր: Սովորող երեխաներ էին շատ, մտածեցի մի նպատակի հասցնեմ, բարձրագույն կրթություն ստանան: Այդպես 2002 թվականին ծառայության անցա»: Մեկ ուրիշը նշում է. «Ամուսինս վիրավորվել էր, սոցիալապես ծանր վիճակում էի: Եղբայրս գերի էր ընկել: Ամուսինս ոչ ոքի չուներ: 92-ին նրա մայրը զոհվեց: Այդ դժվարությունները ստիպեցին, որ որպես խոհարար մտնեմ բանակ. պետք էր ընտանիքս որևէ կերպ պահել»:

Կին զինծառայողի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումներն ըստ էության որոշակի խոչընդոտ են կնոջ՝ ընտանիք կազմելու հնարավորության համար: Ինչպես նշում են հետազոտությանը մասնակցած կանայք, տղամարդիկ դժվարությամբ են համակերպվում կնոջ՝ այսպես կոչված «ոչ կանացի» աշխատանքի հետ: Մասնավորապես. «Ստացվում ա: Դժվարա լինում, բայց ստացվում ա: Ծառայել եմ ու ծառայության ընթացքում ամուսնացել եմ: Ամուսինս զինծառայող չի: Ճիշտն ասած` սկզբից, որ իմացավ զինծառայող եմ, շատ զգուշացավ, բա ո՞նց կլնի: Հետո կամաց-կամաց… ռուսական ասացվածք կա. “проблему надо решать по мере подступлению”: Տենց աստիճանաբար սկսում ես արդեն լուծել էդ խնդիրները: Բնականաբար եթե սիրում են, համակերպվում են: Չնայած տղամարդիկ կան, որ չեն համակերպվում, ամեն դեպքում ասում են պետք ա դուրս գաս, երեխայի խնամք ա..: Եթե կողքից օգնող չկա, բնականաբար, դժվար ա: Բայց քանի որ կան մայրիկները մեր, հարազատները, բնականաբար, օգնում են»: Մեկ այլ կին ասում է. «Սկզբից ամուսինս, ինչպես մեր հայ տղամարդիկ, ոչ բոլորը կցանկանային, որ իրանց կինը ուժային կառույցում աշխատեր, ինչքան տարիներ առաջ, բարքերը էդքան ավելի խիստ էին… սկզբում չէինք պատկերացնում, որ կինը կարող է նման համակարգում ծառայի, բայց հիմա ես ոստիկանության համակարգն եմ տեսնում, աղջիկները բազմաթիվ են ու կանայք էլ, մեր ոլորտում էլ կա… հիմա մեր կոռպուսում 30-ից ավելի կին կա: Ընտանիքը, բարեկամները, ընկերները դրական են արձագանքել: Ունենալով սկեսրայր և սկեսուր, ովքեր Շիրակի մարզից էին, գիտեք էնտեղ ավելի… նրանք շատ դրականորեն ասացին, որ ոչ մի խնդիր չեն տեսնում: Մնացած բոլորը զարմացել էին, իմ կրթությունով, որ էս ոլորտը պիտի մտնեի, միայն զարմանք, ոչ մի կարծրատիպ, ոչ մի քննադատություն…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031