Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ անծանոթ զինվորին. «Դուք անում եք մի բան, ինչը չի փոխհատուցվում»

Հոկտեմբեր 10,2020 11:15

Ամբողջ օրը մտքիդ մեջ բառեր են ու նախադասություններ: Գուցե օրվա ընթացքում կարճառոտ նախադասություններով ես շփվել տան անդամների, ընկերոջ կամ այլոց հետ, բայց այդ նույն օրվա ընթացքում մտքիդ մեջ թևածել են հազար ու մի խոսքեր, բարեմաղթանքներ, հույզեր ու խրատներ, որոնք եղել են անծանոթ զինվորների համար և որոնք հանկարծ պապանձվում են, երբ գրիչ ես վերցնում՝ կարևորելով  սրտամոտ այն զրույցը, որ պահել ես սրտիդ մեջ և քո սիրտն անծանոթ ռազմիկի համար բացելուն ես նախապատրաստել: Այո, ինչ խոսք, սա շատ զարմանալի մի բան է, և ես արդեն օրեր շարունակ փորձում եմ լուծել այս հանելուկը:

Ինչո՞ւ:

ի՞նչն է պատճառը, որ չես կարողանում խոսել հատկապես այնժամ, երբ մտքերն օղակ-օղակ սեղմել են կոկորդդ, իսկ դու փորձում ես կայացնել քո հերթական նամակը:

…Եվ գտա գաղտնիքն ի վերջո: Քանզի յուրաքանչյուր Նահատակ ինքը՝ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ Է, և յուրաքանչյուր հողեղեն, բառ ասելուց առաջ, նախ պապանձվում է հավերժական սրբության առջև:

Տղերք: Ես խոսում եմ հավիտենական սիրո մասին, որովհետև հավիտենական սեր է այն տղամարդը, ով ՍԻՐՈ՛ պատերազմն է մղում:  Եվ ես, ձեր ոտնահետքերի վրա խոնարհվողս, վկայում եմ ձեր անձնազոհությունը: Կարող էի խոսել քաջության, սխրանքների, հերոսության կամ ռազմարվեստում փայլուն գիտելիքներ ունենալու մասին, բայց քաջությունը խեղճ է առանց անձնազոհության, հերոսությունն ընկրկում է, երբ անձնազոհությունն է թերի… Չի երկմտում այն խիզախը, ով անձնազոհությամբ է խիզախել, և ռազմարվեստում փայլուն գիտելիքներ ունեցողն անմնացորդ է դրսևորում իր տաղանդը սոսկ անձնազոհության թելադրանքով:

Ահա թե ովքեր եք դուք, տղե՛րք. սեր եք ու անձնազոհություն: Այս երկուսը երբեք պարտություն չեն կրել, որովհետև տիեզերական արժեքներ են, և երբևէ բոլոր պատերազմները պապանձվել են սիրո ու անձնազոհության շնորհիվ:

Եվ ի՞նչ ունենք մենք այսօր ի պատասխան: Ինչո՞վ կարող ենք փոխհատուցել ձեզ:

Չգիտե՛մ:

Դուք անում եք մի բան, ինչը չի փոխհատուցվում: Դուք ԱՆՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻՆ եք արարել, տղե՛րք, և մենք՝ ձեր թիկունքի ետևում ապրողներս, հավիտենական պարտք ունենք ձեր հանդեպ:

Ուզում եմ իմանաք, տղե՛րք, որ ձեր անունները մեծատառերով գրված են մեր սրտերի, մեր հիշողության ու մեր արյան հիշողության վրա: Դուք ժամանակն եք բացառել, քանզի ժամանակը իշխանություն չունի այն անմահության վրա, որ սերունդներն են տանում իրենց ուսերին՝ սերնդեսերունդ փոխանցելով  էպոս, գովք ու հերոսամարտ:

Դուք, երևի, չեք էլ պատկերացնում, տղերք, թե մենք ձեզ ոնց ենք սիրում: Եվ թե ինչ բառեր են մրմնջում մեր շուրթերը մենության մեջ, և թե ինչպես են ցամաքում մեր սրտերը ամեն անգամ՝ հերթական լուրերը լսելիս…

Այո, գալիս է գիշերը, և մենք բոլորս պառկում ենք քնելու, բայց մեր բոլոր գիշերները ճերմակ են հոգու մոմավառությամբ, քանզի մի տեսակ չարդարացված, մի տեսակ ամոթահար մեր քունը ինքնօրինակ արթնության պես է: Այս հոգեվիճակը գուցե և գիտական բնորոշում ունի, բայց մենք հիմա գիտությամբ զբաղվելու հավես չունենք, հացով, հաջողությամբ կամ հարմարավետությամբ ուրախանալու հավես չունենք, տղե՛րք, տոնավաճառ գնալու, շոր գնելու, աղջիկ խոսեցնելու, հարևանի հետ նարդի խաղալու…. հավես չունենք, տղե՛րք…  Հասկանում եք, չէ՞, թե ինչ եմ ասում: Մի փոքր կյանք ապրելու համար կարող ես և դղյակներ չունենալ, բայց ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՂԱՄԱՐԴ ՄԻ ՓՈՔՐ ԿՅԱՆՔ ԲԵՐՈՂՆ Է:

Վերադարձեք, ախպերներ…

Սմբատ Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031