Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «ՌԴ ռազմավարական գործընկեր Ադրբեջանը թույլ է տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամն իր տարածքում ռազմական գործողություններ վարի»

Հոկտեմբեր 16,2020 13:33

Ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ փաստեց, որ սեպտեմբերի 27-ը պատահական չի ընտրվել ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմ սկսելու համար. «Ճիշտ հարյուր տարի առաջ այս օրերին աշխարհում չճանաչված քեմալական ուժերը հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա»: Միաժամանակ հավելում է՝ սրան հաջորդել էին լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, եւ դրան ի պատասխան՝ հայ-ռուսական զորավարժությունները:

Հայկ Դեմոյանը դիտարկեց հատված կարմիր գծերը՝ աշխարհաքաղաքական իրավիճակի առումով. «Թուրքիան այլեւս բացահայտ է փորձում միջամտել Հարավային Կովկասի իրադարձություններին, բորբոքում է հանգած հակամարտությունները եւ փորձում է այդ կրակի մեջ ստանալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ շահեր: Առաջին ցնցող երեւույթը, որ կարող ենք արձանագրել հենց աշխարհաքաղաքական համատեքստում՝ այն է, որ Թուրքիան բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության, մի երկրի դեմ, որի շահերը Հարավային Կովկասում ոչ ոք չէր քննարկում, բայց այսօր նրա պատմական հակառակորդը հատել է այդ սահմանը: Ընդ որում, այդ սահմանը վաղուց էր հատվել՝ դեռեւս Նախիջեւանում, որտեղ ըստ պայմանագրերի կա նաեւ Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը, սակայն այնտեղ չկան ոչ ռուսական ռազմաբազաներ, ոչ ռուսական խաղաղապահներ, այլ կա թուրքական ռազմական ներկայություն:

Սա հանդուրժեցին, դրա համար թուրքական կողմը նշաձողն էլ ավելի բարձրացրեց; Բացի Նախիջեւանից, որտեղ կա Ռուսաստանի դերի կարեւորությունը, այս պահին բացահայտ եւ անթաքույց հանդես եկավ Թուրքիան: Չմոռանանք նաեւ առաջին Արցախյան պատերազմի դասը՝ 1992 թ մայիսին, երբ բախումներ էին տեղի ունենում Նախիջեւանի սահմանին, այն ժամանակ թուրքական կողմը նույնիսկ փորձեց Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու կոչերով հանդես գալ՝ նախագահի եւ վարչապետի մակարդակներով, բայց Մոսկվայից կարողացան զսպել: Մարշալ Շապոշնիկովի խոսքերը հիշեցնեմ՝ ցանկացած միջամտություն Թուրքիայի կողմից կարող է առաջ բերել երրորդ համաշխարհային պատերազմ. սա ասվել է 1992 թ մայիսին»:

Հայկ Դեմոյանը փաստում է. «Հիմա Թուրքիան բացահայտ հանդես է գալիս մի երկրի կողմից, որը ՀԱՊԿ անդամ չի հանդիսանում: Սա արձանագրենք որպես կարեւոր չտեսնված մի երեւույթ: Երկրորդը՝ թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողությունների մեջ ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ ռուսական ուժերը պայքար են մղում Սիրիայի տարածքում, սա երկրորդ կարմիր գիծն է, որը հատվելով լուրջ մարտահրավեր է նետվել ռուսական շահերին՝ Հարավային Կովկասում: Ռուսաստանի հարավը փխրուն է, այստեղ երկու պատերազմ է տեղի ունեցել՝ չեչենական, որտեղ կար վարձկանների ակտիվ միջամտություն, իսկ վարձկանների այդ միջանցքը Ադրբեջանով էր անցնում, մատակարարումն էլ տեղի էր ունենում թուրքական հատուկ ծառայությունների կողմից, ինչը շատ լավ գիտեն Ռուսաստանում:

Եթե Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, ռազմական գեներալներին, հատուկ ծառայություններին ներգրավում է իր տարածքում Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններում, եթե Ադրբեջանը վարձկաններ է ներգրավում, այն վարձկաններին, որոնց դեմ պայքարում են Ռուսական ուժերը Սիրիայի տարածքում, մենք գլխավոր հարցը պետք է ձեւակերպենք՝ ով է այս դեպքում Ադրբեջանը, ինչ է իրենից ներկայացնում՝ դիտարկված ռուսական եւ ռազմավարական շահերի եւ անվտանգության տեսանկյունից:

Եթե ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռազմական գործողությունների են մասնակցում 50 կիլոմետր հեռավորության վրա ռուսական ամենափխրուն սահմանագծից, որը Հյուսիսային Կովկասն է, եթե կան ահաբեկիչներ, որոնք հաստատվել են միջազգային մամուլի կողմից, տարբեր առաջնորդների կողմից, ապա պետք է ձեւակերպենք հենց այդ հարցը: Ադրբեջանն արդյոք ռազմավարական գործընկե՞ր է, իսկ այսպիսի ձեւակերպում այն ունի ռուսական փաստաթղթերում, մենք էլ ռազմավարական դաշնակիցն ենք: ՌԴ ռազմավարական գործընկերը՝ Ադրբեջանը փաստորեն ներառում է ահաբեկիչների եւ թույլ տալիս, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկիրը իր տարածքում ռազմական գործողություններ վարի» :

Տեղեկատվական բլոկի մասին խոսելիս, ցեղասպանագետն ասաց, որ մեկնարկային իրավիճակը հօգուտ Ադրբեջանի չէ, որովհետեւ հենց սկզբից միջազգային մամուլն արձանագրեց ահաբեկիչների ներգրավման փաստը, հիմա բավական թույլ կերպով, բայց նաեւ հիշատակումներ կան ցեղասպանության հիշողության մասին, ինչը եւս շատ կարեւոր է, իսկ երրորդ բլոկը, ըստ նրա՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների մասին արձանագրումն է տարածաշրջանում:

Նա տեղեկատվական բլոկի հետ կապված մեկ այլ դիտարկում արեց՝ պատերազմը հենց այնպես չի սկսվել սեպտեմբերի 27-ին, դրան նախորդել է լուրջ նախապատրաստական աշխատանք քարոզչական բլոկում. «Ուշադիր հետեւեք՝ կան կեղծ ռազմական տեսաբանների, կեղծ վերլուծաբանների ու լրագրողների խմբեր, որ երբեմն նաեւ Հայաստան են ներթափանցում: Դրանք նախօրոք պատրաստված փափուկ ուժերն են, որոնք դրսից են աշխատում՝ ներազդելու եւ հայկական կողմի դեմ որոշակի տեղեկատվական-հոգեբանական պատերազմ մղելու համար, ինչի համար բնականաբար վճարվել են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031