Լրահոս
Օրվա լրահոսը

Ամարասի Արթուր․ Մի քայլ հետ չենք գնացել, փառք Աստծո, այսօրվա դրությամբ 1 զոհ չունենք

Հոկտեմբեր 30,2020 21:00

«Կարմիր բերետներ» կամավորական ջոկատը Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ Արցախում է։

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ասում է․ «Կարմիր բերետ» ջոկատը ստեղծվել է 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ կոչով, իմ մարտական ընկերներին և ԱԱԾ վետերաններին՝ հատուկ մարտական ստորաբաժանումների մարտիկներին, որից հետո մենք շատ արագ կազմավորվել ենք և եկել առաջնագիծ։

Սկզբից Արցախի Մարտունի 2-ում եղանք՝ հարավում, հետո տեղափոխվեցինք հյուսիս՝ Հաթերքի ուղղությամբ։ Մենք բավականին հաջող մարտեր ենք վարել, և քառօրյայից հետո մենք մնացինք երկու ամիս և օգնեցինք, որ մեր դիրքերը բարելավվեն, երկրորդ պաշտպանական գիծ օգնեցինք ստեղծվեց Հաթերքի շրջանում։ Եվ այդպես մնացինք կիսաքնած վիճակում՝ կապ պահելով իրար հետ, տոնական օրերին հավաքվելով, միմյանց շնորհավորելով, կիսվելով մեր բոլորիս անձնական հաջողություններով, այսպես մնացել էինք իրար հետ կապի մեջ»։

Այս պատերազմի ժամանակ էլ Արթուր Ալեքսանյանը կոչ է արել, որին արձագանքել են 500-600 հոգի։ Համապատասխան բժշկական ստուգումներ անցնելուց հետո կազմվել է 150 հոգուց բաղկացած ջոկատը, իսկ համապատասխան պարապմունքներ անկացնելուց հետո պատերազմի 4-րդ օրը նրանք արդեն պատերազմի դաշտում էին․ «Մեկ ամիս է՝ դիրքերում պինդ կանգնած ենք, մի քայլ հետ չենք գնացել։ Եվ դաժան ռմբակոծությունների տակ, հրետանու, անօդաչու թռչող սարքերի տակ մենք մի ամիս կարողացանք հերոսաբար դիմանալ, դիմադրել և պաշտպանել մեր դիրքերը։

Փառք Աստծո, այսօրվա դրությամբ մեկ հոգի զոհ չունենք, վեց թեթև վիրավոր ունենք, և դա հեշտ չէր ստացվել մեզ մոտ․ դա արդյունքն է մեր հրամկազմի, մեր սպայակույտի շնորհքն է, որոնք շատ խիստ ձևով հետևում են բոլոր կանոններին, որով մենք մեր զինվորների անվտանգությունը պետք է ապահովենք։ Ուղղակի մեր սպայակազմի, մեր հրամկազմի արդյունքն է դա։ Գիտեք՝ աջ ու ձախ՝ ինչ է կատարվում, ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրած լինեմ, ուղղակի մենք մեր համար ենք պատասխան տալիս։ Ասեմ ավելին՝ շատ ժամանակ եղել է, որ մենք մեր հարևաններին՝ մեր մարտական ընկերներին ենք օգնել, որոնք ուրիշ ստորաբաժանումներ են»։

«Կարմիր բերետներ» ջոկատի հիմնական կորիզը, ըստ նրա, Հատուկ նշանակության զորքերի սպաներն ու ենթասպաներն են, որոնք կազմում են ջոկատի 60 տոկոսը, իսկ 40 տոկոսը կամավորներ են․ «Կառանձնացնեմ գնդապետ Միշա Թադևոսյանին՝ մարտական գծով տեղակալին։ Յուրահատուկ հմտություններ ունի ինքը և մեծ փորձ ունի։ Այսօր գրեթե բոլոր մարտական գործողությունների պատասխանատուն առաջնագծում ամեն ինչը Թադևոսյանի վրա է։ Եվ փայլուն ձևով ինքը կատարում է իր պարտականությունները, ես շատ գոհ եմ ու շնորհակալ նրան դրա համար։

Նշեմ նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, որը երկրորդ հերթափոխն է բերել, փայլուն ձևով ինքն իր հերթապահությունը կատարել է այս 15 օրվա ընթացքում։ Շատ սիրված անձնավորություն է ինքը անձնակազմի կողմից, և մեր հին մարտական տղերքից է։ Կուզեի անպայման նշել Ռոբերտ Ղուկասյանին, որը նույն կերպ առաջնագծի հերթափոխի պատասխանատուներից է։ Շատ փորձառու, հայրենասեր և նվիրյալ մեր բանակին, մեր երկրին։ Կուզեի նաև անպայման նշել Աիդա Սերոբյանին՝ բուժծառայության գծով պատասխանատուին, որը մեր տղաների համար և՛ ընկեր է, և՛ բժիշկ է, և՛ բուժքույր է, և՛ մայր է, և՛ քույր է։ Նման պայմաններում կնոջ հոգի-ոգի ունենալը շատ պարտադիր բան է»։

Իսկ նորեկներին օգնում են, որ նրանք կարողանան տիրապետել զենքին․ «Մենք նրանց երբեք մենակ չենք թողնում։ Սկզբի համար նրանք դիրքեր որպես օգնական են գալիս, որպես երկրորդ պաշտպանական գծի զինվոր, և շատ արագ այդ ընկերական, բարեկամական, պրոֆեսիոնալ կապը իրենց աճեցնում հասցնում է այն մակարդակին, որը անհրաժեշտ է հենց իրենց անվտանգությունը ապահովելու համար։

Մենք առաջին հերթին զինվորներին կոչ ենք անում ոչ թե մարտնչեն հաղթանակի համար․ մարտի դաշտում առաջին հերթին ինքը պետք է սովորի իր անվտանգությունը ապահովել։ Եթե ինքն իր անվտանգությունը չի ապահովում, մենք թույլ չենք տալիս, որ մի քայլ առաջ, մեծ գործողությունների մասնակցի։ Եվ երբ վստահ են լինում իրենք իրենց վրա, այդ ժամանակ սկսում է ծաղկել, այդ ամենը իրենց մեջ սկսում է պոռթկել և դառնալ հաջողություն և հաղթանակ։

Շատ-շատերն են ցանկանում միանալ մեր ջոկատին, բայց ցավոք սրտի չենք կարող, որովհետև մենք ունենք հատուկ հանձնարարություն, հատուկ հաստատված քանակության պաշտպանական գիծ ունենք։ Մեծանալը մեծ խնդիրներ կարող է առաջացնել, բայց փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել, ռեզերվում՝ Երևանում, նոր ստորաբաժանումներ ստեղծել, պարապել, պարապեցնել նորեկներին և մեր փորձը փոխանցել նրանց»։

Ջոկատին շուտով պատրաստվում է միանալ Երևանի քաղաքապետարանի ջոկատը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ․ «Ինքը (Հայկ Մարությանը, խմբ.) ցանկություն հայտնեց մեզ հետ լինել, որովհետև մեր նախկին զինվորն էր և մեզ շատ լավ գիտեր և մեզ հետ շատ ժամանակ է անցկացրել, բոլորիս հետ կապված է ինքը։ Եվ գիտեր, որ մենք փորձված լավ մարտական ուղի ունենք, ցանկություն է հայտնել և մեր վերադաս ղեկավարությունը՝ բանակի ղեկավարությունը, ընդառաջել է, որ գան միանան մեզ, որ մեր ճակատը կարողանանք ավելի շուտ մեծացնել։ 3-4 օրից իրենք արդեն այստեղ կլինեն, արդեն պարապմունքներ են անցկացնում Երևանում, որ զենքին ծանոթանան։

Որովհետև բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են, և եթե ծառայել են, վաղուց մոռացել են զինվորական, ռազմական հմտությունները։ Դրա համար ես առաջարկել եմ, որ մի քանի օր պարապեն, պարապմունքից հետո գան այստեղ, որ նոր անակնկալներ չունենան մարդկանց հետ։ Ու ինձ թվում է, որ դա շատ մեծ ռեզերվ կլինի, որ կարողանանք հետագայում՝ անհրաժեշտության դեպքում առաջխաղացման ժամանակ իրար հետ գնանք դեպի մեր հաղթանակները։ Բոլորս վստահ ենք և հավատում ենք մեր հաղթանակներին։

Կարծում եմ՝ այս անգամ պետք է մեր վերջին հաղթանակը լինի, որովհետև ամենամեծ նպատակը և մեր հաղթանակը ես կհամարեմ այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր պատմական Քուռի աջ ափը՝ Գանձակ քաղաքը, Եվլախ, Բարդա։ Քուռի աջի ափի տարածքները պետք է դառնան մեր բնական սահմանները։ Եվ վստահ եմ, որ դա սարերի հետևում չի․ շուտով պետք է լինի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիրարփի Առուստամյան says:

    Ես մեծ վստահություն ու եմ այս եւ նման այլ ջոկատների նկատմամբ եւ կարծում եմ, որ իրենք շատ կարեւոր գործ են անում հատկապես երիտասարդ զինվորների հետ աշխատելու առումով։ Աստված ձեզ պահապան, անփորձանք, հաղթանակով վերադառնանք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031