Հարութ Քոչարյանը, որը հայոց բանակի քաջորդիներից է, ականի պայթյունից վիրավորվել է, այժմ հիվանդանոցային բուժում է ստանում:
«Հերոս եղբայրս ծառայում է Հայոց բանակում։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելուց հետո՝ շարունակել է իր պարտքը կատարել պայմանագրայինների շարքում։ Արդեն 8 տարի է ծառայում է, որպես պայմանագրային զինծառայող՝ ԻՍԴ-ի, առաջին ԻՍՋ հրամանատարի տեղակալ է»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է հերոսի քույրը՝ Մարիան:
Նրա խոսքով, եղբայրը ծանր վիրավորում է ստացել նոյեմբերի 5-ին, ժամը 4-5-ն ընկած ժամանակահատվածում, երբ կատաղի մարտեր են ընթացել, կորցրել է ոտքի թաթը: Քույրն ասում է անգամ այդ վիճակում իրեն չի կորցրել, երբ ուշքի է եկել ինքնուրույն իրեն ցուցաբերել է առաջին բուժօգնություն, իսկ մինչ այդ գերազանց կատարել է իր առջեւ դրված առաջադրանքը:
Նա պատերազմի առաջին իսկ օրից էլ եղել է շփման գծում եւ նախքան վիրավորում ստանալն էլ բազմաթիվ մարտական գործողություններ է կատարել:
Հարութ Քոչարյանն ամուսանացած է, ունի մեկ զավակ։ Ընտանիքն էլ անհամբերությամբ սպասում է նրա ապաքինմանը։
Կարդացեք նաև
«Սկզբում թույլ չի տվել ընկերներին օգնության գալ, քանի որ տարածքն ականապատ է եղել։ Վիրավոր վիճակում ականազերծել է տարածքը, ինչից հետո ընկերները հանել են նրան տարածքից։ Տարածքը շատ վտանգավոր է եղել, նրան տեղավոխելու ընթացքում շտապ օգնության մեքենան նույնպես հայտնվել է հակառակորդի կրակոցների թիրախում։ Այս դեպքում էլ Աստված մեզ հետ է եղել եւ տեղափոխման ընթացքում ոչ ոքի, ոչինչ չի եղել»,-ասում է Մարիան եւ մեծ հպարտությամբ նկարագրում եղբորը. «Շատ բարի է, բարդ բնավորություն ունի, բայց նաեւ փոքր-ինչ ամաչկոտ է եւ հենց այդ պատաճով էլ ինքը լռում է եւ իր հերոսության մասին չի խոսում»։
Հարութ Քոչարյանը զինվորականի ընտանիքից է: Քրոջ խոսքով, հայրենասիրությունը արյան մեջ է: Հորեղբայրն էլ 90-ականների պատերազմի ժամանակ է հերոսաբար ընկել։ Վիրավորումից օրեր առաջ էլ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս՝ զինվորի կյանք է փրկել։ Զինվորը հայտնվել էր ականապատ դաշտում, ականը պայթել է, որից էլ վիրավորում ստացել։ Հարութն ականազերծել է տարածքը եւ վիրավոր զինվորին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո հանել տարածքից։ Ունի բազմաթիվ պատվոգրեր։ Վերջերս էլ ներկայացվել է պարգեւատրման։ Հիմա իրեն լավ է զգում եւ վստահեցնում՝ հաղթելու ենք։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2020



















































