Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները և հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը

Դեկտեմբեր 11,2020 22:22

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց թույլ են տվել ատելության խոսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ։ Ադրբեջանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սյունիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երևանը համարել որպես ադրբեջանապատկան տարածքներ։ Ավելին, իր հերթին Թուրքիայի ղեկավարը, վկայակոչելով Էնվեր փաշային, ըստ էության հերթական անդամ իրեն դիտում է որպես հայության մեծագույն դահիճներից մեկի գործի շարունակող։

Բաքվի կենտրոնական հրապարակում արված հայտարարությունների բնույթը նաև վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիան և դրա արդյունքում հայկական բնակավայրերի օկուպացիան ոչ միայն չեն զսպել այդ երկրների ախորժակը, այլ նաև հայապատկան տարածքների նկատմամբ նոր հավակնությունների են մղել։

Փաստորեն, նախորդ դարասկզբին հայության նկատմամբ մարդկության պատմության խոշորագույն ոճիրներից մեկն իրականացրած պետությունը նույնիսկ այսօր էլ սպառնում է հայության ֆիզիկական գոյությանն ու անկախ պետականությանը, իսկ Հայաստանի հարավի նկատմամբ հավակնություններն օրըստօրե դառնում են առավել առարկայական։ Ակնհայտ է նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան նոր թափով է շարունակում հարևան բացառապես բոլոր տարածաշրջանները և հատկապես Հարավային Կովկասն ապակայունացնելու իր գործելաոճը՝ բացեիբաց հայտարարելով Հայաստանի հարավով Ադրբեջանին, ապա նաև Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին միանալու իր վաղեմի նպատակի մասին։

Այս հաստատումներից հետևում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր տարածաշրջանում անվտանգային համակարգի թիվ մեկ սպառնալիքն է, ինչը ակներև դրսևորվեց վերջին պատերազմի ընթացքում ադրբեջա­նա­թուրքական համատեղ ռազմարշավով և Թուրքիայի կողմից ջիհադական վարձկաններին տարածաշրջան փոխադրելով։

Հաշվի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործոնի շարունակաբար ակտիվացումը, ջիհադական ծայրահեղականների տեղակայման միջոցով Հարավային Կովկասի առանձին հատվածների ժողովրդագրական և կրոնական նկարագրի փոփոխության փորձերը, որոնք հղի են տևական ժամանակահատվածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղությունը, ՀՅ Դաշնակցության Բյուրոն դիմում է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին և գործընկեր միջազգային կազմակերպություններին՝ ամենայն ուշադրությամբ հետևելու և կանխելու թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը։ Ցանկանում ենք հիշյալ զարգացումների վրա հրավիրել նաև ՌԴ ղեկավարության ուշադրությունը։ Ռուսաստանի Դաշնությունն, իբրև 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմ, առավել ընդգրկուն պատասխա­նատվություն է կրում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցությունը, անկախ ամոթալի պարտության պատճառ դարձած ՀՀ իշխանության հանդեպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառույցով և Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության աշխատանքները՝ հաճախ դիմակայելով ադրբեջանական և թուրքական համատեղ լոբբիստական ցանցի մարտահրավերներին։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031