Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թռցնե՞լ, թե՞ չթռցնել աղավնիներ հարսանիքի ժամանակ

Հունվար 04,2021 23:48

Այսօր ոչ միայն գյուղերում, այլ մեծ քաղաքներում ու անգամ Երեւանի որոշ թաղամասերում, որտեղ սեփական տներ կան, դեռ պահպանվել է աղավնիներ պահելու սովորույթը: Իսկ ընդհանրապես, ասում են՝ Հայաստանում տարածված է աղավնիների վեց տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը եւ փոքր տատրակը։ Դրանք վայրի աղավնիներ են, որոնք ապրում են անտառներում։

Աղավնիները դարձել են հայկական եւ ոչ միայն հայկական հարսանեկան ծեսի կարեւոր «մասնակիցները»: Պսակվելուց հետո եկեղեցուց դուրս գալիս նորապսակները աղավնիներ են բաց թողնում: Դա ամուսնության արարողությանը յուրահատուկ ռոմանտիկություն է հաղորդում:

Աղավնիներ թռցնելու նպատակը, սակայն, ոչ միայն զուտ գեղեցիկ ֆոտոսեսիան է, այլ խորհրդանշում է ամուր ամուսնական միությունը, հարս ու փեսայի այր ու կին դառնալուց հետո երկար համատեղ կյանքի ճանապարհ անցնելը, ինչպես նաեւ ամուրիական ազատ կյանքին հրաժեշտ տալը:

Աղավնիները խորհրդանշում են խաղաղություն, մաքրություն, որոշ էլ զույգեր աղավնիների հետ կապված սնոտիապաշտական հավատալիքներ ունեն, օրինակ երբ թռցնելիս վարդագույն ժապավենով աղավնին առաջ է ընկնում երկնագույն ժապավենով աղավնուց, զույգը մտածում է, որ իրենց առաջնեկն աղջիկ է լինելու, իսկ կապույտի դեպքում՝ արու զավակ:

Kulturologia.ru-ն անդրադարձել է ամուսնական արարողության ժամանակ «օգտագործված» աղավնիների ճակատագրերին եւ նշել, որ երբեմն թռչունները չեն վերադառնում իրենց տերերի մոտ ու դառնում են գիշատիչների ու կատուների զոհը: Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ում նույնիսկ Աղավնիների պաշտպանության ասոցիացիա կա, որը պայքարում է անազատ պայմաններում աղավնաբուծության դեմ, պնդելով, որ մասսայական միջոցառումների համար՝ նման պայմաններում պահվող աղավնիները չեն կարող երկար ժամանակ օդում մնալ եւ ինքնուրույն կեր գտնել՝ մոլորվելու դեպքում:

Աղավնիների «իրավունքներով» զբաղվող եւ նրանց խնամքի կենտրոնում աշխատող Էլիզաբեթ Յանգն, օրինակ, 160 աղավնի է խնամում: Նա մնում է այն համոզման, որ անգամ իդեալական վարժեցման դեպքում աղավնիները ոչ միշտ են վերադառնում: Յանգը մի քանի սկանդալային դեպք է հիշեցրել՝ կապված աղավնիներ թռցնելու հետ: Դրանցից մեկն այն մասին է, թե ինչպես 2014թ Հռոմի պապի հետ երկու երեխա աղավնիներ թռցրին, քիչ անց շատերը ականատես եղան ու անգամ լուսանկարեցին, թե ճերմակափետուրները հենց օդում ինչպես դարձան գիշատիչ թռչունների զոհը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Kulturologia.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031