Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ Քանի դեռ իշխում է Փաշինյանի իշխանությունը, Հայաստանը ունենալու է նոր կորուստներ

Հունվար 06,2021 16:17 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նիկոլը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խմբ.) փորձում է իր արածի հետևից մաքրել և մնացած պատասխանատվությունը, մեղավորությունը բարդել մնացածի վրա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ քանի դեռ Հայաստանում իշխում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, Հայաստանը դեռ ունենալու է նոր կորուստներ․ «Այս իշխանությունը փորձելու է ինչ-որ ձևով իրավական ամրագրում տալ այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում։ Հայաստանի վարչապետը խոսեց մի աբսուրդ իրավիճակի մասին․ աշխարհում, փաստացի, չկա երևի մի նախադեպ, երբ որ տարածքներ են հանձնվում որևէ պետության բանավոր պայմանավորվածության հիման վրա։

Այս պարագայում կա երկու տարբերակ՝ առաջինը, որը ավելի իրական է, որ հայտարարությունը, որը որպես կանոն, լինում է տարբեր պայմանագրերի պարագայում, ունենում է գաղտնի հավելվածներ։ Այս պարագայում, քանի որ վարչապետը հայտարարեց, որ եղել են բանավոր պայմանավորվածություններ, հասկանալի է, որ հետագայում իրավական առումով ամրագրման խնդիր է ունենալու։ Եվ այսօր այն, ինչ քննարկվում է Մոսկվայում, օրինակ՝ Ազգային Անվտանգության ծառայության ղեկավարի այցերին, այս վերջում Ռուսաստանի փոխվարչապետն էր նաև այստեղ, նկատելի է, որ ռուս-թուրքական, մյուս կողմից՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարթությունում քննարկում են Արցախի հարցը։ Ցավալիորեն, արձանագրենք, որ հայկական կողմը բացակայում է այդ գործընթացից։ Եվ մեր փոխարեն տարբեր կողմեր, ըստ իրենց քաղաքական նպատակահարմարությունների որոշում են նաև մեր ճակատագիրը»։

Տիգրան Աբրահամյանը համարում է, որ Ադրբեջանը ու Թուրքիան ունեն նպատակներ և մեծ նախագծեր․ «Գլխավոր նպատակը՝ տարածքային կապն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Եվ ցավոք, այդտեղ իրենց համար գլխավոր խնդիրը լինելու է Սյունիքի ուղղությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: