Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական նախաձեռնության անդամն ահազանգում է՝ Լոռիում ծառեր են հատվել

Հունվար 12,2021 22:22

Մի քանի ժամ առաջ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում հայտնվեցին հատված ծառերի լուսանկարներ: «Բնապահպանի տուն» կազմակերպության եւ քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարտիկ Մաթեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ժամը 11-ի սահմաններում իրենց կողմից կատարված հերթական շրջայցի արդյունքում նկատել են, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքից դեպի Վանաձոր քաղաք ընկած հատվածում՝ մոտ 5 կմ  երկարությամբ տարածքում կատարված են ծառահատումներ: Մարտիկի խոսքով՝ հատվել են ավելի քան 100 կեչի եւ սոճի տեսակի ծառեր:

Նախաձեռնության անդամն անմիջապես դիմել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին. «Արձագանք եղել է, ներկայացրել են, որ դրանք օգտագործվել են որպես օրինական հատատեղի: Մենք մեր կասկածներն ենք հայտնել, որ դրանք հնարավոր է օրինական չեն, բայց օրինականի տակ են անցկացվում: Ոստիկանություն չենք դիմել, հիմա տեսչությունն է զբաղվում այդ հարցով, հարկ եղած դեպքում ոստիկանությունը կզբաղվի»,- տեղեկացրեց Մարտիկը:

Մեր այն հարցին, թե ի՞նչն է կասկած հարուցում, որ նշված հատատեղին օրինական չէ, Մարտիկը պարզաբանեց. «Որպես մասնագետ չէ, բայց որպես մարդ, ով 2 տարի է այդ նույն բնագավառում է, ինձ մոտ կասկած է  հարուցում այն փաստը, որ հատվել են փշատերեւներ, հատումների մեջ եղել  են ինչպես մեծ, այնպես էլ փոքր չափերի ծառեր:  Իսկ հատատեղի շահագործելուց ընդհանրապես կա հաշվարկի ձեւ: Հաշվում են՝ թեքություն, ծառի տարիք, վնասվածությունը եւ այլն: Քանի որ սոճի ու կեչիներ են հատված, որպես հատատեղի դեռեւս չեմ հանդիպել, որ փշատերեւից հատատեղի կստեղծվի: Այդ իսկ պատճառով դեմել եմ տեսչություն, որ իրենք իրենց մեջ քննեն, հասկանանք համապատասխանում է օրենքին, թե ոչ»:

Իսկ թե ի՞նչ վնասների կարելի է սպասել ծառահատումների արդյունքում, Մարտիկն առանձնացրեց դրանցից մեկը. «Ամենամեծ վնասը, որ մենք ունեցել ենք, դա եղել է Արցախում՝ ծառահատողների ճանապարհով հակառակորդն իր տեխնիկան մտցրել է ու հասել մինչեւ Շուշի»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամը նշեց, որ ոստիկանություն դեռեւս չեն դիմել, առայժմ միայն տեսչական մարմինն է զբաղվում հարցով, հարկ եղած դեպքում  պատրաստ են դիմել նաեւ ոստիկանություն:

Տաթեւիկ Ղազարյան

Լուսանկարները՝ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031