Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել

Հունվար 13,2021 21:33

Հարգելի՛ արցախցիներ, Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց վերաբերյալ ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։

Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում, ուստի տեղեկացնում եմ․

  • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։
  • Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ․ հունվարի 20-ը։
  • Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 16.11.2020 թ․ գտնվելու պահանջը հանվել է․ այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։
  • Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020թ)․ ևս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։

Հայցելով այս հիմքերով աջակցության ծրագրերում չընդգրկված քաղաքացիների ներողամտությունը՝ տեղեկացնում եմ․

  • այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։
  • Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշմառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշմառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ):

Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաև հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետևողական։

Եթե, այդուհանդերձ, կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում․ դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։

Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռևս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում։

Վստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031