Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Չի կարող փողոցի օրակարգը թելադրել Փաշինյանը, չի կարող ինքը որոշել՝ նոր հոկտեմբերի 2 անել»

Նոյեմբեր 09,2026 12:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ ալիեւյան սահմանադրության ընդունման դեմ համախմբվելու շարժմանը միացած ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Հայկ Մամիջանյանը եւ Հենրիխ Դանիելյանը ակտիվ զրույցի ձեւաչափով իրազեկման ակցիա են անցկացրել՝ հանրությանը ներկայացնելով, թե ինչ են խոսել ընդդիմադիր գործընկերների հետ, այն խնդիրները, որոնք տեսնում են սահմանադրության հնարավոր փոփոխության վերաբերյալ։

Խոսելով իշխանության առաջ քաշած թեզի մասին, թե հատկապես ըստ խորհրդարանական ընդդիմության՝ այս պահին չկա մտավախություն, որ սահմանադրությունը կփոխվի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, չունի սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ձայներ, ապա ինչո՞ւ է ընդդիմությունը դեռ չեղած խնդիրը բերում առաջին պլան, Հայկ Մամիջանյանը հակադարձեց. «Նախ, խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ հայտարարել է, որ որեւէ խնդիր ձայների կորստի կամ քվեարկության ապահովման հետ չկա։ Բայց Փաշինյանն էլ է հայտարարություն արել։ Ինքն ասել է, որ ամեն կերպ փորձելու է ճնշել։ Այս նախաձեռնության, ալիեւյան սահմանադրության ընդունումը կասեցնելու ընթացքում չի կարող փողոցի օրակարգը թելադրել Փաշինյանը, չի կարող ինքը որոշել՝ նոր հոկտեմբերի 2 անել։ Չի կարող ինքը դա հայտարարել ու ընդդիմությունը՝ հայրենասերները լինեն պատասխանողի դերում։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, բացի նրանից, որ բոլոր այս տարիների ընթացքում բոլոր իրական ընդդիմադիր գործընթացներին ամենավտանգավոր, ամենապատասխանատու դերում էր, այս գործընթացին միացել է նաեւ այն առումով, որ ցույց տանք՝ եթե հանկարծ Փաշինյանը հանդգնի ապօրինաբար, վարչական ռեսուրսի կիրառմամբ, իրավապահներին օգտագործելով ինչ-որ քանակությամբ մարդ գեներացնել ու ճնշում գործադրել ընդդիմադիր պատգամավորների վրա, մենք լինելու ենք այն ուժերից մեկը, որը լինելու է մեր սահմանադրության ու մեր ինքնության պաշտպանը։

Նաեւ մի շատ կարեւոր կետ էլ, որի մասին մենք անկեղծորեն պետք է ասենք։ Մինչ այսօր եղած պայքարները ցույց տվեցին մի բան։ Դրանց կարեւորությունը բացարձակ չթուլացնելով, որտեղ ժամանակ, էներգիա ենք թողել նաեւ մենք եւ մեր ընկերները, դրանք բացարձակ կասկածի տակ չդնելով՝ ցույց տվեցին, որ միայն կուսակցական ռեսուրսով, այսինքն, կազմակերպված ռեսուրսով՝ մարդիկ կուսակցության անդամ են, այս խնդիրը, այսինքն` Փաշինյանի հեռացումը լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է հանրային կոնսոլիդացիա։

Ո՞նց է Փաշինյանը «պայքարելու»։ Զանգով կառավարվող դատական, իրավական համակարգով, բռնելով, ամեն կերպ կեղծ, սուտ քարոզչություն իրականացնելով եւ այլն։ Մենք՝ հայրենասերներս, ինչ զենք, ինչ ուժ ունենք։ Բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բացառապես ազգային մտածողություն եւ հայրենասիրական մղումներ ունեցող մեր քույրերն ու եղբայրները։ Հետեւաբար, շատ կարեւոր է այս կոնսոլիդացիան, շատ կարեւոր է հանրային մեծ զանգվածներ ներգրավելը սրա մեջ։ Եվ շատ անհրաժեշտ է, որպեսզի մենք հիմիկվանից դրա մասին տեղեկացում, իրազեկում սկսենք, ինչով մենք այսօր զբաղվելու ենք։ Մենք իրավունք չունենք այս անգամ օրակարգ զիջել Նիկոլ Փաշինյանին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել