Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս համոզմունքն է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
«Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի՝ Եվրամիությունում տեղ գտնելու որոնումները հանգեցրել են պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են այլ ինտեգրացիոն միություն անցնելու անիրական գաղափարը առաջ մղելու համար», – նշել է նա։
Ալեքսանդր Պանկինի կարծիքով՝ «ստեղծված իրավիճակի տրամաբանական ավարտը պետք է լիներ հանրաքվեի անցկացումը, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը կարտահայտեր իր կամքը երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ»։
«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդի կարծիքը, ապա միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն շեշտում է Հայաստանի ղեկավարությունը», – նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Կարդացեք նաև
«Եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն ոչ ոքի չի հետաքրքրի», – ասել է Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության արդյունքում ստացած ակնհայտ առավելությունները և ինտեգրացիոն կապերի խզման հնարավոր կորուստները օբյեկտիվորեն գնահատելու համար հանրությանը վերջերս ներկայացվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին», – հիշեցրել է նա:
Պանկինը շեշտել է, թե զեկույցում ներկայացված սցենարը «դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ Միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար ռիսկերը և նրանց հասցվելիք վնասը կանխելու նպատակով»։
«Դրա իրականացումը կախված կլինի նրանից, թե արդյոք Հայաստանի ղեկավարությունը պատրա՞ստ է փարատել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները», – նշել է Պանկինը։
Նրա խոսքով՝ «առայժմ այդ հարցում Մոսկվան Երևանից կառուցողական ազդակներ չի ստացել»։
«Հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին» զեկույցի ստացման մասին, հիշեցնում է ՏԱՍՍ-ը։ Դրանում ներկայացված է, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումն ինչպես կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա։
Մասնավորապես, նշվում է, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի ՀՀ-ի ՀՆԱ-ի 15,6 տոկոսով անկման, գնաճի՝ 14,9 տոկոսային կետով աճի և սպառման 14,6 տոկոսով կրճատման։ Նշվում է նաև, թե Հայաստանի համար գազի գինը կբարձրանա 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար կամ 69 տոկոսով։
Փաստաթղթում նշվում է նաև, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի ՀՀ քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը, մաքսային վերահսկողության և վճարների, ապրանքների նկատմամբ ամբողջական սանիտարական վերահսկողության և հարկման վերականգնմանը», – հիշեցնում է ՏԱՍՍ-ը։



















































