Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկը կբարձրացվի այնքան, որքան ՌԴ-ում է. նոր համաձայնագիր

Հունվար 20,2021 11:45

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն (լուսանկարում) այսօր ԱԺ-ում քննարկման ներկայացրեց ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային արտադրանքների ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը ԵԱՏՄ անդամ պետություններում պետք է ներդաշնակեցվեն: 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթ է ներկայումս, ու կարող են շեղումներ լինել 20 տոկոսի չափով: Հայաստանում 1000 գլանակի հաշվով ակցիզային հարկը 11 հազար 70 դրամ է կազմում, արդեն իսկ ընդունված օրենքներով նախատեսվում է տարեկան 15%-ով մինչեւ 2023 թվականը բարձրացնել: Տարեկան 28 եվրոյից վեր էր լինելու այդ հաշվարկով: Հիմա միգուցե նախատեսվի ավելի բարձրացնել:

ՍԴ-ն դեկտեմբերի 8-ին այս համաձայնագիրը քննարկել է ու որոշել է, որ այն Սահմանադրությանը համապատասխանող է:

«Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը հարցրեց՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի պարագայում կխրախուսի արտահանո՞ւմը, թե՞ ներմուծումը, դա մեր բյուջետային եկամտային մասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա: Փոխնախարարը պատասխանեց, որ եթե այսօր էական շեղում ունենք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համեմատած, տարիների ընթացքում այդ շեղումը կկրճատվի ու ԵԱՏՄ-ում պայմանական միասնական շուկա կձեւավորվի ծխախոտի արտադրանքի. «ՌԴ, Ղազախստան, օրինակ, արտահանելու դեպքում մեր արտահանողները վճարում են տվյալ երկրի ակցիզային հարկը, հետեւաբար այստեղ մեր արտահանողները բացասական ազդեցություն չեն ունենա: Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը՝ կհանգեցնի միանշանակ հարկային եկամուտների աճին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031