Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիրներ կլուծի Շիրակի նորանշանակ մարզպետը․ Aravot.am-ի հետ զրույցը Հովհաննես Հարությունյանի հետ

Հունվար 20,2021 19:45

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ է նշանակվելու ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

Ամենայն հավանականությամբ, վաղը կառավարությունը մարզպետի պաշտոնում կհաստատի Հովհաննես Հարությունյանին։

Մեր դիտարկմանը, թե Շիրակի մարզում հեշտ չէ աշխատել, քանի որ կան բազում չլուծված խնդիրներ՝ մարզն ամենաաղքատ է, վերջերս էլ գերության մեջ են հայտնվել 62 հոգի, որոնց հարազատները լուծում են ակնկալում, ամեն վայրկյան թակում են մարզպետարանի դռները, Հովհաննես Հարությունյանն ասաց․ « Կան խնդիրներ, ես պատրաստակամություն եմ հայտնել այդ պատասխանատվությունը վերցնել»։

Մեր հարցին՝ դուք գյումրեցի եք, միշտ առնչվել եք թե՛ մարզպետարանի, թե՛ պետական այլ կառույցների հետ, շփվել նաև բնակիչների հետ, ձեր կարծիքով ո՞րն է ամենաառաջնային խնդիրը, որը հրատապ լուծում կպահանջի, մեր զրուցակիցն ասաց․ «Իմ աշխատաոճը կլինի՝ խնդիրները պիտի լուծվեն, այսինքն՝ եթե կա խնդիր, ուրեմն կա լուծումը։ Կա երկարաժամկետ լուծում, կա կարճաժամկետ, պիտի փորձենք հնարավորինս կարճ ժամանակում ցույց տալ լավ արդյունք։ Սա՛ է իմ մոտեցումը, լինես մարզպետ, թե այլ պետական պաշտոնյա։ Գյումրիի ու Շիրակի մարզի բոլոր խնդիրները իմ խնդիրներն են, հնարավորության դեպքում պետք է արագ լուծել։ Ինձ օգնելու են նաև լրատվամիջոցները»,-ասաց մեր զրուցակիցը։

Գյումրիի բուժհաստատությունների ղեկավարների փաստմամբ, Հովհաննես Հարությունյանը առողջապահության փոխնախարար եղած ժամանակ քաղցր աչքով է նայել մարզին, չի եղել մի հարց, որն արագ լուծում չստանա։ Հարցին՝ կշարունակե՞ք քաղցր աչքով նայելու գործելաոճը, մեր զրուցակիցն ասաց․ «Ես ոչ միայն մեր մարզի, այլ բոլոր մարզերի առողջապահական համակարգերն եմ համակարգել՝ լինելով փոխնախարար։ Իրականում՝ այո, մեր մարզի հանդեպ ունեցել եմ հատուկ վերաբերմունք, բայց կարող եք մյուս բոլոր մարզային բժշկական կենտրոններից էլ հարցնել, նման վերաբերմունք բոլոր տեղերում էլ ունեցել եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031