Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի ԱԳՆ

Փետրվար 09,2021 22:40

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:

Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։

Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։

Ինչ վերաբերում է ժամկետներին՝ համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։ Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. իհարկե` երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին կտեղեկացվի։

Մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728