Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սերը միաձուլվում է արվեստին. (Ֆոտոշարք)

Փետրվար 09,2021 23:59

«Կավի հետ պետք է զրույցի մեջ մտնես, մտերմանաս, որ սկսի քեզ ենթարկվել ու արդյունքը գեղեցիկ լինի»,- կավագործ Ռադիկ Խաչատրյանն այսպես է սկսում հերթական սուրճի բաժակը պատրաստել։

Մշակութային բազմաշերտ ավանդույթներով Բերդաքաղաք Շուշիում է ստացել ստեղծագործական իր առաջին մկրտությունը։ Ասում է, որ սերն այնքան շատ էր նկարչության և կավագործության հանդեպ, որ միանգամից որոշեց լծվել այս հետաքրքիր իրերի պատրաստմանը։

Զրուցակցիս հետ դեպի մանկության տարիներ գնացինք: Ռադիկը հիշում է, ընթացքում ժպտում, նորից հասկանում, որ իր հետաքրքրություններն ու նախասիրությունները դեռ մանկությունից են ծնունդ առել, որի տրամաբանական շարունակությունն էլ այսօրն է, արդեն վարպետ դարձած իր կերպարն է:

Մանկությունից իր անչափելի սերը հիշեց դեպի նկարչություն: Գունավորելու պատրաստ նկարների ալբոմ չուներ, ուրիշից վերցնում, բերում իր համար թղթի վրա նկարում էր, հետո իր իսկ նկարածը գունավորում: Եվ այսպես էլ ձևավորվեց նրա արվեստագետի ինքնատիպ կերպարը: Համեստության մեջ տաղանդավոր է, բծախնդրության մեջ՝ անգերազանցելի: Ամեն մի կիրառական իր պետք է անկաշկանդ ու առանձնակի լինի: Սա է նրա արվեստի բանաձևը:

-Ամեն ինչին նայում եմ արվեստագետի աչքերով։ Ցանկացած աշխատանք կատարում եմ հաճույքով, սիրելով,-ասում է նա:

Շուշիում սովորելու տարիներին ընկերներն ու հարազատները չէին հավատում, որ Ռադիկը բանակ գնալուց ու գալուց հետո էլի այդչափ կսիրի այն, ինչով զբաղվում է ամբողջ էությամբ: Բայց նրանք սխալվում էին: Նա մնաց իր արվեստին հավատարիմ: Սիրեց ու գործեց՝ անմնացորդ, աներևակայելի տաղանդով: Ինքն իր վրա վստահ էր:

Տանը երկու եղբայր են, երկուսն էլ տաղանդավոր: Ռադիկի եղբայրը՝ Գենադին երգարվեստով է զբաղվում, սակայն հիմա ժամկետային զինծառայության մեջ է: Պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, հիմա արդեն կազդուրվում է:

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջն ավարտելուց հետո նրան այնտեղ աշխատանք են տալիս: Կրկին մեծ խանդավառությամբ սկսում է աշխատել արդեն ուսուցչի կարգավիճակով:

Այսպես շարունակ պատմում է Ռադիկը, երբեմն զվարճալի պահերի մասին է խոսում, երբեմն էլ երանի է տալիս անցած ու գնացած օրերին, ցավով արձանագրում, որ մշակութային քաղաք Շուշին հիմա մերը չէ, որի համար անասելի մեծ վիշտ կա բոլորիս սրտերում, բայց դեռ հավատում ենք, որ հնամյա Բերդաքաղաքում նորից են Ռադիկի ու մեր տաղանդավոր երիտասարդների ձեռքով կավից նոր իրեր են ստեղծվելու՝ զարդարելով հազարամյակներով պահպանված մշակութային շարքերը:

Ռադիկի խոսքով` աշխատելու ժամանակ նաև իր միջից դուրս են գալիս բացասական լիցքերը։

Իմ հարցին, թե երբ է ամենաշատը ոգևորվել իր պատրաստած իրերի վաճառքից հետո, նա պատասխանեց.

-Մի քանի տարի առաջ, մայիսի 9-ին, ցուցահանդես է կազմակերպվում, որտեղ համեմատաբար ավելի լավ գործեր են ցուցադրվում: Իմ գործերից էլ կար, քոլեջի մյուս ուսանողների գործերից էլ, իսկ մեծամասնությունը դասախոսինն էր: Չորս գործ են ընտրում իմ պատրաստածներից,շատ ուրախանում եմ: Իսկ հետո, երբ այդ չորս պատրաստածս իրերը վաճառվում են, իմ մեջ այլ ոգևորություն է արթնանում, և սկսում եմ ավելի նվիրվել: Կարծում եմ՝ հենց այդ նվիրումի մեջ էլ կա մեծ ուժ,-պատմում է։

Մի քանի ամիս առաջ Ռադիկն աշխատանքի ընդունվեց Արցախի միակ վերականգնողական կենտրոնում: Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում հիմա արարում է, նաև հաճախ շփվում այնտեղ բուժվողների հետ, որոնց առաջ կավագործության գաղտնիքներն է բացում: Իր խոսքով՝ ամեն օր հետաքրքիր է անցնում, դրական և անմիջական մթնոլորտում:

Նա մեծ հույսեր ունի ներկայի ու ապագայի հետ կապված: Ցանկանում է ունենալ սեփական արվեստանոցն ու ինչու չէ նաև դրան կից խանութ, որը ոչ միայն վաճառք կիրականացնի ու եկամտի աղբյուր կլինի, այլ նաև հայկական կավագործության ավանդույթի պահպանմամբ կզբաղվի:

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728