Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին

Մարտ 03,2021 22:33

«Ռուսաստանը պաշտոնապես եկել է Լեռնային Ղարաբաղ հինգ տարի ժամկետով, սակայն իրականում կարծում եմ, որ ընդմիշտ է եկել ԼՂ: Այնտեղ են մեր 2000 խաղաղապահները»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեսակամուրջի ընթացքում հայտարարեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը:

Նա վստահեցրեց՝ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտում ՌԴ-ն ՀՀ-ի համար կարևագույն գործընկերն է: Նրա ներկայացմամբ՝ ՌԴ-ն ՀՀ-ում ամենաառաջին ներդրողն է: Պատասխանելով Միացյալ զինված ուժերի ստեղծման հավանականության մասին հարցին՝ նա ասաց. «Դա կապված է հենց ՀԱՊԿ-ի զարգացման հետ, որն իր սեփական խնդիրներն ունի…Կարծում եմ, որ գուցե որոշ ժամանակ անց, եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես այն զարգանում էր մինչ այժմ, խոսքը պետք է գնա Սյունիքում ռուսական զորախմբի ուժեղացման մասին: Ինձ թվում է, որ իրավիճակը դա է պահանջում, որպեսզի մարդիկ չփախչեն Հայաստանից»: Նա կարևորեց այն, որ հայերը մնան իրենց պատմական հողում:

Խոսելով տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին՝ նա ասաց. «Իհարկե, շատ գայթակղիչ է Հայաստանից դեպի Ռուսաստան Ադրբեջանով անցնող ճանապարհը: Հայաստանը կիսաշրջափակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ մինչ օրս կարող է օգտվել միայն Վրաստանի եւ Իրանի միջով ճանապարհներից»:

Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ Վրաստանն այժմ պետք է մտածի, թե ինչն է իր համար շահավետ՝ շարունակել Անդրկովկասյան երկաթուղով երթևեկության արգելափակումը կամ հնարավորություն տալ շահագործել ճանապարհը գոնե նրա համար, որպեսզի բեռնահոսքն այլ գծով չգնա:

Խոսելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների մասին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Ալիևն ամեն ինչ պիտի անի, որպեսզի ցույց տա, որ ինքն ի վիճակի է դրանք կառուցել: Բայց դասը Ռուսաստանի և ողջ աշխարհի համար այն է, որ այս ձևով, որը ցույց տվեցին Ադրբեջանը և Թուրքիան, երկարաժամկետ խաղաղության հնարավոր չէ հասնել: Ըստ էության՝ «դրակոնի ատամներ» են ցանել, որոնք կարող են ինչ-որ պահի իրենց մասին հիշեցնել»: Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ շատ հարցեր կադրից դուրս են մնացել, այդ թվում ռազմագերիների վերադարձի հարցը, որոնց Ադրբեջանն ահաբեկիչներ է համարում: Նա այս առիթով տեղեկացրեց. «Վերջերս Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն դիմել է Ադրբեջանի իր գործընկերներին, որպեսզի վերադարձվեն ձերբակալված կանայք: Դա պատահական չէ: Մենք հասկանում ենք՝ հաղթանակի էյֆորիան, էյֆորիան ընդհանրապես չար կատակ է խաղում Ադրբեջանի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031