Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվային անհամապատասխանություն կա»․ պատգամավորը՝ «Covid-19 Հայաստան» դրամահավաքի հաշվետվության մասին

Մարտ 09,2021 13:56

Այսօր ԱԺ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր։ Հիշեցնենք, հանձնաժողովն ուսումնասիրում է համավարակի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նիստում ներկայացրեց այն գերատեսչությունների պատասխանները, որոնց հարցումներ էին ուղարկել։

Պարոն Խաչատրյանն ասաց, որ լրացուցիչ հարցեր են ուղարկել էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններին եւ ՊԵԿ-ին, եւ հարցերը վերաբերում են ՓՄՁ-ի ի վրա համավարակի ազդեցությանը, ինչպես նաեւ հանձնաժողովը խնդրել է վիճակագրական տվյալներ՝ անցյալ տարի սուբյեկտների շրջանառությանն՝ ըստ ամիսների, վճարած հարկերի մասին տեղեկատվություն, չվճարված հարկային պարտավորությունների, տուժած ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Մի քանի գերատեսչություն, այդ թվում նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հավելյալ ժամանակ են խնդրել տվյալները տրամադրելու համար։

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված տվյալները, որոնք վերաբերում են «Covid-19 Հայաստան․ միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի արդյունքում ստացված նվիրատվություններին եւ դրանց բաշխմանը։

Ըստ պարոն Խաչատրյանի՝ դրամահավաքն իրականացվել է հիմնադրամի նախաձեռնությամբ անցյալ տարի մարտի 13- ից մինչեւ օգոստոսի 27-ը, որի ընթացքում հավաքագրվել է 325 միլիոն 608 հազար 555 դրամ, որից 154,8 միլիոնը մասնավոր կազմակերպություններից, 18 միլիոն 115 հազար դրամը՝ արտերկրում եւ ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձանցից, 152 միլիոն 675 հազար դրամը՝ Սփյուռքում գործող հիմնադրամի տեղական մարմիններից։

«Ուսումնասիրվել է հիմնադրամի կայքում տեղադրված հաշվետվությունն, որն ըստ էության, փաստում է՝ հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 830 հազար դոլար, որից 695 հազար 244 դոլարն ուղղվել է տարբեր բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերմանը, շտապօգնության անձնակազմի ֆինանսական աջակցությանը, կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը եւ որոշակի հարց կա, լրացուցիչ պարզաբանման կարիք կա, որովհետեւ մինչև օգոստոսի 27-ը հավաքագրված է եղել 325 միլիոն դրամ, սակայն, ըստ կայքի հաշվետվության 830 հազար դոլար արդեն իսկ հավաքագրված է եղել հուլիսի 22-ի դրությամբ, եւ թվային որոշակի անհամապատասխանություն կա, խնդրենք հիմնադրամը հետագայում պարզաբանի սա»,-ասաց պարոն Խաչատրյանը։

695 հազար դոլարից մոտ 300 հազար դոլարն ուղղված է եղել ՀՀ-ում շտապօգնության ծառայության անձնակազմին, սա, ըստ պարոն Խաչատրյանի, գումարի մեծ մասն է կազմել, բժշկական սարքավորումների ձեռքբերմանն է ուղղվել 275 հազար դոլար, որոնցից առավել խոշորներն են՝ արհեստական օդափոխության սարք, ութ հատ՝ 53 հազար 645 դոլար, «Տոնս» դյուրակիր թվային ռենտգեն, երկու հատ՝ 53 հազար 83 դոլար, 123 հատ թթվածնային խտացուցիչներ՝ 68,4 հազար դոլար, մեկ հատ համակարգչային ռադիոգրաֆիկ համակարգ՝ 27 հազար 500 դոլար։ «Սրանք բաշխվել են առողջապահության նախարարությանը, տարբեր բուժհաստատություններին եւ ՊՆ-ին եւ ռազմաբժշկական վարչություններին։ Մանրամասնված չէ, թե կոնկրետ որ կազմակերպությանն ինչ են տվել։ Խնդրել ենք մանրամասնել գնումների ընթացակարգերն՝ արդյոք դրանք դրսում են արել, տեղում են գնել, տեղեկատվություն չեն տրամադրել։ Հիմնադրամից ասել են, որ մանրամասները կտան միայն հոգաբարձուների խորհրդի տարեկան հաշվետվությունը հաստատելուց հետո»,-նշեց պարոն Խաչատրյանը։

Նա ասաց, որ նաեւ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչն է խանգարում հիմնադրամին հընթացս ներկայացնել տեղեկատվությունը, քանի որ հանձնաժողովը պահանջում է ոչ թե հիմնադրամի ամբողջ բյուջեն, այլ միայն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված ծախսերը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031