Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի հարցում որդեգրել այն Հայաստանի հետ վերամիավորելու քաղաքականություն. Ազգային առաջադիմական շարժման հռչակագիրը

Մարտ 20,2021 23:21

2021 թ. մարտի 14-ին տեղի ունեցավ Ազգային առաջադիմական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Խմբի անդամներն ազդարարեցին Շարժման հիմնադրումը, ընդունեցին Շարժման սկզբունքներն ու ուղենիշները բովանդակող հռչակագիր:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Առաջնորդվելով ազգային շահերին և առաջադիմական արժեքներին հավատարիմ մարդկանց համախմբման անհրաժեշտության գիտակցումով՝ մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, ազդարարում ենք ԱԶԳԱՅԻՆ-ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ստեղծումը և հռչակում Շարժման սկզբունքները և ուղենիշները.

• Հայաստանի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը գերագույն արժեք են և պետք է դրված լինեն Հայաստանի Հանրապետության բոլոր պետական ինստիտուտների ներքին և արտաքին քաղաքական որոշումների հիմքում: Ըստ այդմ՝

– Վերանայել Հայաստանի կնքած բոլոր միջազգային (միջպետական) պայմանագրերը և համաձայնագրերը՝ դրանցում Հայաստանի շահերին հակասող դրույթների փոփոխման նպատակով, իսկ անհնարինության դեպքում՝ դուրս գալ այդ պայմանագրերից (համաձայնագրերից):

– Վերանայել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները, դուրս գալ Հայաստանի շահերին հակասող միություններից (կազմակերպություններից), միևնույն ժամանակ դաշնակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված, ընդհանուր շահեր ունեցող երկրների հետ, անդամակցել Հայաստանի շահերին նպաստող դաշինքների:

– Արցախի հարցում որդեգրել այն Հայաստանի հետ վերամիավորելու քաղաքականություն, հրաժարվել 2020թ.-ի նոյեմբերի 10-ի՝ ռուս-թուրքական ճնշման տակ ընդունած ստորացուցիչ հայտարարությունից կամ առնվազն նախաձեռնել դրա դրույթների վերանայման բանակցություններ։

– Պաշտպանունակության ամրապնդման նպատակով ամբողջովին և արմատապես վերակազմավորել զինված ուժերը՝ ժամանակակից պրոֆեսիոնալ բանակի մոդելի սկզբունքով, այդ թվում՝ դիտարկելով պայմանագրային հիմունքներով օտարերկրյա զինծառայողների ներգրավումը զինված ուժերում, նաև նախաձեռնել հզոր գերժամանակակից սպառազինության արտադրություն, այդ թվում դիտարկելով միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի կամ արդյունավետությամբ դրանց մոտ սպառազինության արտադրության հնարավորությունը;

• Երկրի ժողովրդավարացման, լավ և արդյունավետ կառավարման, իրավական պետության հաստատման, տնտեսության զարգացման և մարդկանց բարեկեցության աճի նպատակով անհրաժեշտ է՝

– Նախաձեռնել և իրականացնել պետական համակարգի լայնածավալ արմատական բարեփոխումներ՝ դրանք ամրագրելով նոր ընդունվելիք սահմանադրության մեջ։

– Նախաձեռնել և իրականացնել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ, ազգայնացնել ռազմավարական նշանակության, բնական մենաշնորհ հանդիսացող, ինչպես նաև մենօֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին հանձնած ձեռնարկությունները, արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը երկրում։

– Նախաձեռնել և իրականացնել լայնածավալ բարեփոխումներ կրթության և առողջապահության ոլորտներում,

– պատասխանատվության ենթարկել երկրին քաղաքական և տնտեսական զգալի վնասներ հասցրած պետական պաշտոնյաներին և քաղաքական խմբավորումներին՝ դիտարկելով նրանց նկատմամբ տարբեր պատժամիջոցների կիրառումը, սկսած պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելուց մինչև կուսակցությունների լուծարումը և դրանց պարագլուխներին քրեական պատասխանատվության ենթարկելը, նաև ապօրինի ձեռք բերված հարստության առգրավումը,

– ստեղծել և ներդնել ապօրինի (կասկածելի) եղանակներով մասնավորեցված (սեփականաշնորհված) հանրային ունեցվածքի ամբողջական կամ մասնակի ազգայնացման (պետականացման) մեխանիզմ:

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031