Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հասարակության մի խավ, որն այդ թեզերի կարիքն ունի»․ քաղտեխնոլոգը՝ վարչապետի այցերի մասին

Մարտ 21,2021 15:05

«Դա ե՛ւ քարոզարշավ է, ե՛ւ քարոզարշավ չի, որովհետեւ վարչապետը ցանկացած ժամանակ իրավունք ունի գնալու որեւէ բնակավայր եւ քաղաքացիների հետ հանդիպելու, բայց քանի որ հայտարարվել է ընտրությունների օր՝ հունիսի քսան, «դե յուրե» կարող ենք քարոզարշավ չհամարել, իսկ «դե ֆակտո»՝ համարել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մարզային այցերին ու բնակիչների հետ հանդիպումներին՝ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս այցերը որքանո՞վ կարող ենք գնահատվել որպես փաստացի սկսված քարոզարշավ։

Ինչ վերաբերում է երեխաների մասնակցությանը հավաքներին, մեր զրուցակիցը շեշտեց, որ դա ճիշտ չէ․ «Երեխաներին քաղաքական միջոցառման բերելն օրենքով արգելված է։ Ուղղակի խնդիրն այսպես է դրված՝ դա պաշտոնական քաղաքական միջոցառո՞ւմ էր, թե վարչապետը խոսում էր, իսկ երեխաները եկել էին այդտեղ։ Այսինքն, այնպես չի, որ օրենքով կարող ենք քրեական որեւէ գործընթաց սկսել»։

Ինչ վերաբերում է վարչապետի շոշափած թեմաներին՝ նախկիններ, դատավորներ, հարեւանների հետ թշնամանքի մասին հայտարարություններ, Արմեն Բադալյանի խոսքով՝ կարելի է ենթադրել, թե քարոզարշավի ժամանակ նա ինչ հարցերի վրա է ուշադրություն դարձնելու․ «Փաստորեն, նա առաջ է տանելու այսպես կոչված խաղաղության թեզը, որ պատերազմն ավարտվել է, մենք պարտվել ենք եւ պետք է արդեն թշնամի չլինենք, որ սահմանները բացվեն, բոլորս լավ ապրենք, ու դրան խանգարում են նախկին վատ իշխանությունները, որոնց «վնգստացող դատավորները» չեն ձերբակալում․․․ մոտավոր այս թեզերով է լինելու քարոզարշավը»։

Հարցին ի պատասխան, թե այդ թեզերը որքանո՞վ են համահունչ մեր երկրի այսօրվա անվտանգային խնդիրներին, Արմեն Բադալյանը դժվարացավ գնահատել․ «Կա հասարակության մի խավ, որն այդ թեզերի կարիքն ունի եւ ընկալում է դրանք։ Չենք կարող այս կամ այն թեզը գնահատել որպես անվտանգային համակարգին սպառնացող կամ չսպառնացող։ Ամեն մարդ իր պատկերացումն ունի անվտանգային համակարգի վերաբերյալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031