Լրահոս
Օրվա լրահոսը

Հետպատերազմյան շրջանում առավել վտանգավոր է դարձել Ամուլսարի հանքի շահագործումը. Նազելի Վարդանյան

Մարտ 25,2021 17:23

Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը համոզված է՝ Ամուլսարի հանքը չի շահագործվելու. «Որեւէ խելամիտ իշխանություն չի գնա ժողովրդի կամքին դեմ՝ այն էլ այսպիսի ծանր քաղաքական, տնտեսական եւ անվտանգային պայմաններում»,- այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ասաց տիկին Վարդանյանը: Նրա խոսքով, հետպատերազմյան շրջանում առավել եւս վտանգավոր է դարձել այդ հանքի շահագործումը. «Եթե նրանք ասում են, որ տնտեսական խնդիրներով է պայմանավորված Ամուլսարի շահագործումը, ապա անվտանգային տեսանկյունից ավելի լուրջ է, որպեսզի Ամուլսարը չշահագործվի, որովհետեւ սահմանը մոտեցել է եւ Ամուլսարից ընդամենը 5-6 կիլոմետր է հեռու: Եվ այդտեղ ունենալով 100 միլիոն տոննա ցիանիդային հարթակ, ամբողջ Հայաստանի անվտանգությունը խաթարում է եւ վտանգի տակ առնում Հայաստանի խմելու ջրի պաշարների 80 տոկոսը»:

Նազելի Վարդանյանը նաեւ հիշեցրեց, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը մեծ տարածությամբ արոտավայրեր է կորցրել եւ այն կողմից միակ արոտավայրը մնացել է Ամուլսարը. «Եթե Սյունիքի բնակիչը զրկվի Ամուլսարը որպես արոտավայր օգտագործելուց, ստացվում է Սյունիքի բնակիչները սոցիալական խնդրի առաջ են կանգնում, որովհետեւ անասնապահությունը նրանց համար հիմնական զբաղմունք է»:

«Ջերմուկ Լայֆ» հյուրանոցի սեփականատեր Հենրի Սարգսյանը վստահեցրեց, որ ջերմուկցիների 90 տոկոսը դեմ են հանքի շահագործմանը: Իսկ այն հյուրանոցների տերերը, որոնք կողմ են, ըստ նրա, իրենց հյուրանոցներում հյուրընկալել են հանքը շահագործող ընկերության՝ Լիդիան Արմենիայի աշխատակիցներին, որոնք երկարաժամկետ վարձակալել են այդ հյուրանոցները:

«Չնայած այդ հյուրանոցների տերերը նույնպես հոգու խորքում դեմ են, որ հանքը շահագործվի»,-ասաց Հենրի Սարգսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսը կվերջանա, պատերազմի հետեւանքները կմեղմվեն, տուրիզմը կաշխուժանա, բայց եթե Ամուլսարը շահագործվի՝ «Ջերմուկում զբոսաշրջությունը կհավասարվի զրոյի»:

Նրա խոսքով. «Մենք շփվում ենք զբոսաշրջիկների հետ, եւ նրանք միանշանակ այն կարծիքին են, որ եթե հանքը շահագործվի՝ չեն գա Ջերմուկում հանգստանալու՝ որքան էլ այնտեղ բուժիչ ջրեր լինեն, ոչ էլ խորհուրդ կտան, որ որեւէ մեկը գա»:

Գործարարի խոսքով, ամեն քայլի կգնան, բայց թույլ չեն տա, որ հանքը շահագործվի: Նա համոզված է, որ Ամուլսարի շահագործումը Ջերմուկին ու տարածաշրջանին հսկայական տնտեսական վնասներ է պատճառելու: Ինչի հետեւանքով Ջերմուկից մարդիկ արտագաղթելու են:

Քաղաքացիական ակտիվիստ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ բնակչությունը դեմ է եւ, նույնիսկ, պատերազմից հետո ոչինչ չի փոխվել: Նրա խոսքով, տնտեսագետ չէ, բայց հասկանում է, որ Ամուլսարի շահագործումը տնտեսական խնդիրներով պայմանավորելը խելամիտ չէ, որովհետև կարճաժամկետ ներդրումով վնասում են երկարաժամկետ տնտեսական հնարավորությունները:

Բնապահպան, Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանը հիշեցրեց, որ պետական բյուջեից կառավարությունը 450 հազար դոլար վճարել է «Էլարդ»-ին, որպեսզի ընկերությունը ուսումնասիրություն կատարի եւ Ամուլսարի վերաբերյալ տա անաչառ կարծիք. «Սակայն, արդյունքում, նախ՝ տվյալները պարզվեց թերի են, նորմալ հավաքագրված չեն, բազմաթիվ փաստեր բացակայում են, որպեսզի կարողանան անաչառ կարծիք արտահայտել եւ այդ թերի կարծիքի վրա «Էլարդը» չկարողացավ եզրակացության գալ՝ վերջն ի՞նչ է լինելու, միայն նշեցին, որ եթե հանքը շահագործվի՝ անդառնալի հետեւանքներ են լինելու, եւ այս կարծիքի հետ վարչապետը հաշվի չնստեց»:

Թեհմինե Ենոքյանի խոսքով, Գնդեվազում դեմ են հանքի շահագործմանը եւ միայն այն բնակիչներն են կողմ, որոնք իրենց հողատարածքները վաճառել են Լիդիանին, իսկ մի մասն էլ աշխատատեղ են ունեցել եւ փորձում են վերադառնալ իրենց աշխատանքին:

Ասաց նաեւ, որ Գնդեվազի նախկին գյուղապետն իր գերդաստանի միջոցով օտարել է համայնքին պատկանող հողերը, որոնք հետո մեծ գումարներով վերավաճառվել են Լիդիանին: Նրա խոսքով, նախկին գյուղապետը համայնքի հողերը 1000 դոլարով աճուրդով օտարել է, 880 հազար դոլարով վաճառել են ընկերությանը: Նրա համոզմամբ, այդ գործողություններին պետք է տրվի քրեաիրավական գնահատական: Սակայն մինչ այժմ միայն մեկ գործ կա գյուղապետի դեմ:

Ինչ վերաբերում է Լիդիանի՝ արբիտրաժային դատարան դիմելու մասին հայտարարությանը, Նազելի Վարդանյանն ասաց, որ Լիդիանը դատարան չի դիմել, բայց եւ որեւէ շանս չուներ դատարանում այդ գործը շահելու: Անդրադառնալով տնտեսական խնդիրներով պայմանավորված հանքը շահագործելու կառավարության մտադրությանը, տիկին Վարդանյանն ասաց՝ մինչ օրս կառավարությունը վնասներն ու օգուտները չի հաշվել, մինչդեռ տասնամյակներ շարունակ Վայոց ձորը պտղագործության, գինեգործության ու պատմամշակութային օբյեկտներով հարուստ կենտրոն է, Ջերմուկն էլ՝ զարգացած առողջարանային քաղաք:

Նրա խոսքով, այս մարզում կան խաղողի այնպիսի տեսակներ, որոնցից պատրաստված գինին արտահանվում է եւ այդ բերքը պետք է զերծ լինի թունաքիմիկատներից: Սակայն, հանքը շահագործվելու դեպքում դա անխուսափելի է, քանի որ Արփա գետի ջուրն աղտոտվելու է:

«Եթե պետությունն ասում է վալյուտայի խնդիր ունենք, նրա համար տարբերություն չկա գինի՞ է տանում, թե՞ հանքաքար՝ դիմացը վալյուտա բերում մեր երկիր: Թող գինի արտահանեն, գյուղմթերք արտահանեն ու վալյուտա բերեն, դրանից բնակչությունը կօգտվի: Մեր բնական պաշարները տանում են ու դրսի գործարարները հարյուրապատիկ ավելի շատ եկամուտ են ստանում, որովհետեւ հանքաքարից ինչ ասես հանում են, իսկ այստեղ մենք պոչամբարի վնասներն ենք ստանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031