Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Սրանք ուզում են ցույց տալ, իբր, եթե դու ես առաջարկում, դա ամենավատն է, իսկ իրենք ամենալավն են»

Մարտ 31,2021 21:01

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի համոզմամբ՝ երկրում սահմանադրական կարգը այս իշխանության գալուց կարճ ժամանակ անց չի գործում: «Այս ամենը ընդգծված սկսվեց սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացներով: Ես այն ժամանակ էի ասում, որ եթե մենք թույլ ենք տալիս նման բան, ապա հետագայում պետք է մոռանանք ընդհանրապես իրավական ճանապարհով որեւէ հարցի լուծում, որովհետեւ այս իշխանությունը իրավական ճանապարհի վրա թքած ունի եւ այս իշխանությունը իրավական ճանապարհը հարմարեցնելու է իրեն»,- ասում է նա ու որպես իր խոսքերի ապացույց, բերում օրերս ՍԴ-ի կողմից քրօր-ի 300.1 հոդվածը վերացնելուց հետո շարունակվող գործընթացը:

«Տեսեք ինչ է եղել: Տեղի է ունեցել այն, որ սահմանադրական դատարանը վերացրել է հոդվածը, բայց դատական պրոցեսը շարունակվում է այն հոդվածով, որը չկա: Այդպիսի բան աշխարհում գոյություն չունի: Տեսեք, տուժող կողմի փաստաբանը եւ այդ փաստաբանի շրջապատում եղած փաստաբանները կամ մասնագետները, ինչպես նաեւ փաստաբանի ընտանիքի անդամը խոսում են աբսուրդ, իրավաբանությունից հեռու բաների մասին: Ասում են՝ եթե հոդվածը չկա, դա չի նշանակում, թե հանցագործությունը չկա: Մինչդեռ տարրական գիտելիքները վկայում են այն մասին, որ որեւէ արարք հանցագործություն լինելու համար պարտադիր պետք է լինի հոդվածը: Եթե քրեական օրենսգրքում չկա այդպիսի արարքի նկարագրություն, ապա դա չի կարող լինել հանցագործություն: Հիմա Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անվավեր է ճանաչել, ուժը կորցրած է համարել 300-ի պրիմ 1 հոդվածը: Հետեւաբար, որեւէ գործողություն այդ հոդվածով չի կարող տեղի ունենալ»,- ասաց նա:

Արսեն Բաբայանը նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ այս որոշումը կայացրած ՍԴ դատավորներից ոմանք իր տեսանկյունով օրենքի խախտումով վերջին շրջանում են հայտնվել Սահմանադրական դատարանում: «Ես ուզում եմ հույս ունենալ, որ այդ դատավորների համար մասնագիտական արժանապատվությունը ավելի վեր է եղել, քան քաղաքական հանձնարարությունների կատարումը:

Բայց կա մի քանի վտանգավոր այլ հանգամանք: Մենք հիշում ենք, որ երբ նման իրավիճակ է տեղի ունենում, թվացյալ՝ հանրությանը գոհացնող կամ հակառակ՝ ճամբարի ցանկություններին, կարող են լինել այլ վտանգներ: Երեկ, օրինակ, մեր կուսակցության անդամ Արա Սահակյանը, ուղիղ եթերում խոսում էր թուրքերի հետ բանակցությունների մասին: Եվ այս ֆոնին դիտարկելով՝ կա մտավախություն, որ աչք է փակվում, կամ սրանով ուշադրություն են շեղվում հնարավոր մեկ այլ իրադարձությունից, որ պետք է տեղի ունենա:  Եվ երկրորդ հանգամանքը, որ տեսնում եմ, չի բացառվում, որ այդ դատավորները հասկանում են, որ այս իշխանությունը չունի իշխանություն, չունի հասարակական աջակցություն: Եվ փորձում են իրենց պահել իրական արդարադատություն իրականացնողի նման: Եվ դրանով է պայմանավորված ութ կողմ ձայնը, որ 300.1 հոդվածը ճանաչվի հակասահմանադրական:

Մի ուշագրավ իրադարձություն էլ տեղի ունեցավ ՍԴ-ում հասարակական ընկալման մասով: Հիշո՞ւմ էք, երբ քննարկվում էր՝ այդ նիստը դռնբաց (բանավոր), լինի, թե դռնփակ: Միջնորդություն ներկայացրեց այն դատավորը եւ նրան պաշտպանեց մյուս այն դատավորը, որոնց շուրջ ՍԴ ամբողջ այս կոնֆլիկտը սկսվել էր: Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց միացան էլի դատավորներ, առաջարկում էին, որպեսզի նիստն ընթանա դռնբաց, թափանցիկ ու հրապարակային, որպեսզի մարդիկ տեսնեն, թե այս գործում ինչ է կատարվում: Ու ի՞նչ տեղի ունեցավ: Այդ նույն գործով, այսպես կոչված, տուժողների փաստաբանի ընտանիքի մի անդամ փորձում էր դրա մեջ էլ տեսնել վատ ցանկություն: Ինչի՞ եմ սա ասում: Սրանց համար ընդհանրապես էական չի, թե դու ինչ բովանդակություն ես արտահայտում, ինչ ես ուզում անել պետության համար: Սրանք ուզում են ցույց տան, թե իբր, եթե դու ես առաջարկում, դա ամենավատն է, իսկ իրենք ամենալավն են: Իսկ սրանց ամենալավը մենք տեսել ենք այս երկու-երեք տարիների ընթացքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031