Լրահոս
Օրվա լրահոսը

«Հափշտակությունն ինձ համար զարմանալի է»․ Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրենը՝ քրգործի մասին

Ապրիլ 01,2021 18:08

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 2020 թվականի ընթացքում պետպատվերի շրջանակում ձևական հիվանդ երեխաների գրանցելու, խարդախություն կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ շուրջ 7 միլիոն 984 հազար դրամ հափշտակելու կասկածանքով նախորդ օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործը վերահսկող դատախազ Դավիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նախնական տվյալներով՝ կեղծվել են շուրջ 65 հիվանդների պատմագրեր։

Այսօր թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։

Նա նշեց, որ ոստիկանությունն անցած շաբաթ ուսումնասիրություն է կատարել իր գլխավորած հիվանդանոցում, հիվանդների տվյալներ են պահանջել իրենցից, հատկապես պետպատվերով բուժվողների։

Իրենք էլ ոստիկանության պահանջած բոլոր փաստաթղթերը տրամադրել են և երեկ իմացել, որ այդ ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել։

«Այս պահին նախաքննություն է գնում, ինչպես դատախազը նշեց իր խոսքում՝ այս ամենը խիստ նախնական փուլում է, այս ամենը ուսումնասիրության կարիք ունի։ Եվ ես հուսով եմ, որ կլինի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։ Եթե կան խախտումներ, մեղավորները կպարզվեն, ամեն մեկը իր պատիժը թող կրի», -ասաց Ժորժիկ Սերոբյանը։

Քրեական երկու հոդվածների հետ կապված էլ նա նշեց, որ թեև իրավաբան չէ, սակայն իր համար շատ զարմանալի է հափշտակությունը։

«Եթե ինչ-որ խնդիր կա հիվանդության պատմագրի հետ, պարզ է, որ դա բժշկական փաստաթղթի կեղծում է, եթե, իհարկե, ենթադրենք, թե կա։ Իսկ հափշտակությունը չեմ հասկանում՝ ի՞նչ գումար է հափշտակվել, ո՞ւմ կողմից է հափշտակվել, եթե հափշտակվել է, իրենց կողմից նշված գումարը յուրացվե՞լ է, թե՞ ինչ է արվել․․․

Ես ձեզ կարող եմ ներկայացնել մեր ֆինանսավորման կարգը, թե ինչով ձևով է լինում։ Ցանկացած հիվանդության պատմագրի հիման վրա հաշվետվողական թերթիկ գոյություն ունի, որը ներկայացվում է, գրանցվում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում։ Այդ հաշվետվությունների համար ֆինանսավորում է արվում հիվանդանոցին և պետբյուջեից մեր հիվանդանոցի հաշվեհամարին փոխանցվում է մեր մատուցած ծառայությունների համապատասխան գումարը։ Հիվանդանո՞ցն է հափշտակել էդ գումարը, թե ո՞վ է հափշտակել, ես չեմ կարող ասել, թե իրենք ինչ ի նկատի ունեն հափշտակություն ասելով, այն էլ մի խումբ անձանց կողմից՝ կազմակերպված։

Ես բացառում եմ ցանկացած կազմակերպված ձևով պետական միջոցների յուրացման կամ վատման դեպք իմ կողմից։

Իմ պաշտոնավարման առաջին օրվանից կարևորել եմ պետական շահը, հիվանդի շահը, չպետք է տուժեն այդ շահերը։

Ես չեմ հասկանում՝ այդ հափշտակումը ո՞րն է, չեմ հասկանում յուրացումն ո՞վ է արել, հափշտակությունն ո՞վ է արել, պետությունը բժշկի անձնական հաշվեհամարին չի կարող գումար փոխանցել։ Պետական բյուջեից մեր մատուցած ծառայությունների դիմաց մեր հիվանդանոցի հաշվեհամարին է գումար փոխանցվում, դրանով մարդիկ աշխատավարձ են ստանում, դեղորայք ենք առնում, կոմունալ ծախսեր ենք անում»։

Ժորժիկ Սերոբյանը նշեց, որ մինչ այս պահը հիվանդանոցի որևէ աշխատողի, այդ թվում իրեն դեռևս չեն հարցաքննել ոստիկանության կամ քննչական մարմնի աշխատակիցները։

«Իմ ունեցած տեղեկություններով, քաղաքում տարածված լուրերով ՝պացիենտների ծնողների հետ են խոսել։ Ես չեմ հասկանում իրենք ոնց են հաշվարկել, կամ իրենք ընդհանրապես ծանո՞թ են ֆինանսի ձևավորման մեթոդներին, չեմ կարող ասել ։ Հուսով եմ, որ բազմակողմանի և արդարացի նախաքննություն կլինի, մնացածն արդեն կխոսենք նախաքննությունից հետո»,-ասաց Ժորժիկ Սերոբյանը։

Նա նաև կարծում է, որ ոստիկանությանը սխալ տվյալներ է տվել ինչ-որ մեկը, որը կբացահայտվի նախաքննության ժամանակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930